ԿարևորՔաղաքական

Կառավարությունը և բյուջեն «կվերցնեն» լուծարվող կուսակցությունների գույքը

2000-ականներին Հայաստանում գրանցված կուսակցությունների թիվը հատել էր 100–ի սահմանը։ Սա Հայաստանի կուսակցական պատմության ամենաբարձր ցուցանիշն էր։ Այսօր այդ թիվը նկատելիորեն նվազել է։ Տարիների ընթացքում փոխվել է ոչ միայն կուսակցությունների թիվը, այլ նաև կազմը ՝ ստեղծվել են նոր ուժեր, հները լուսանցքում են հայտնվել և աստիճանաբար դադարեցրել գործունեությունը։ Այս գործընթացը, սակայն, միայն քաղաքական չէ։ Կուսակցությունների ստեղծման և լուծարման ընթացակարգերը սահմանվում են օրենքով, որի բացերից մեկը փորձում է լրացնել Կառավարությունը։ Համապատասխան օրենքում փոփոխություններն ու լրացումները առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել են խորհրդանում։

Ի՞նչ անել լուծարվող կամ սնանկացող կուսակցությունների գույքը․ խորհրդարանը ճանապարհի կեսն արդեն անցել է այս հարցը լուծելու համար։ «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և կից փաթեթում փոփոխություններ նախատեսող  օրինագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է։ Առաջարկվում է կուսակցության լուծարվելու դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղել կուսակցության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, դրա անհնարինության դեպքում՝ դրամական միջոցները փոխանցվում են պետական բյուջե, իսկ գույքը սեփականության իրավունքով փոխանցվում է Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս ՀՀ կառավարության:

Խորհրդարանում ներկայացված կուսակցությունների համար կառավարության նախաձեռնությունը մտահոգիչ չէ, քողարկված նպատակներ դրանում չեն գտել։ Արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորում է պրակտիկայում առաջացած խնդիրներով։

«Խնդիրը կայանում է նրանում, որ բյուջեին տրված սահմանումը այնպիսին է, որ կարող է փոխանցվել միայն դրամական միջոցները, և ստացվում է, որ կուսակցության կամ հիմնադրամի լուծարման դեպքում մնացած այլ գույքը փաստացի չի կարող փոխանցվել պետական բյուջե, քանի որ պետական բյուջեն բացառապես դրամական միջոցներից է ձևավորվում։ Ընդամենը սրանից ելնելով նախաձեռնվել է այս փոփոխությունների ամբողջական փաթեթը, որպեսզի նախագծի ընդունումը մեզ հնարավորություն տա կուսակցությունների, հիմնադրամների, ՊՈԱԿ–ների ՀԿ–ների, նաև ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների բյուրոյի լուծարման դեպքում դրամական միջոց չհանդիսացող գույքը սեփականության իրավունքով փոխանցել Կառավարությանը»։

Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Մինչ այդ խորհրդարանին մնում է անել վերջին քայլը՝ նախագիծն ընդունել վերջին ընթերցմամբ։

«Կուսակցությունների մասին» օրենքում նոր փոփոխության անհրաժեշտությունը փոխնախարարից օրինակներով է փորձել հասկանալ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Ունե՞նք օրինակ, որի պատճառով այս պահին առաջացել է օրենքն ընդունելու անհրաժեշտություն։

Այո, պրակտիկայում մշտապես այս հարցն առաջացել է, հիմնականում միջոցներ են ձեռնարկվել վաճառել այդ գույքը, վերածել դրամական միջոցի, որպեսզի փոխանցի պետբյուջե, ինչը, իհարկե, օրենքից չբխող գործողություններ են և խնդիրներ են առաջացնում։

Օրինակ, աճուրդով վաճառվում էր գույքը և այդ գումարը մուտք էր արվում պետական բյուջե։ Այդ կարգավորումը օրենքից դո՞ւրս է։

Այո, որովհետև ստացվում է մի իրավիճակ, որ օրենքով հստակ գրված է, որ դա պետք է փոխանցվի պետական բյուջե և այդ աճուրդային և այլ գործընթացը որպես այդպիսին նախատեսված չէ այդ պրոցեսում։ Հետևաբար ստացվում է, որ դա օրենքով չնախատեսված գործընթաց է այդտեղ իրականացվում, դրա համար այս մասով ուղղակի կարգավորում ենք»։

Հայաստանի պատմության մեջ կուսակցական դաշտի ամենամեծ կրճատումը տեղի ունեցավ 2003 թվականին։ Երկրում գրանցված 116 կուսակցություններից միայն 59 վերագրանցվեց։ Այդ տարի ուժի մեջ մտած «Կուսակցությունների մասին» օրենքով սահմանվել էր ժամկետ, որի ընթացքում Հայաստանում գործող կուսակցությունները պետք է իրենց հիմնադիրների ցուցակները, տարածքային ընդգրկումը եւ կանոնադրությունները համապատասխանեցնելով  օրենքին, փաստաթղթերը ներկայացնեին արդարադատության նախարարություն: Այս քայլը կուսակցությունների խոշորացում էր ենթադրում։ 

Վերջին տարիներին կուսակցությունների լուծարումների համատարած  դեպքեր չեն գրանցվել։ Փոխարենը գրանցվել  են քաղաքական խոշոր ուժերի՝  քաղաքականությունից աստիճանաբար դուրս մղվելու  երևույթներ։ Լուծարվելու մասին չեն հայտարարել, բայց քաղաքական ակտիվ գործունեությամբ, ըստ էության, չեն զբաղվում  ժամանակին խոշոր համարվող  կուսակցությունները՝ օրինակ «Օրինաց Երկիր»–ը կամ Ժողովրդական կուսակցությունը ։ Մինչդեռ 2021–ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ հակառակ միտումը նկատվեց՝ նոր թափով սկսեցին քաղաքական նոր միավորներ գրանցվել։  Դա, սակայն, 8-րդ գումարման խորհրդարանն ավելի բազմակուսակցական չդարձրեց ։ Այն, ինչպես նախորդը, կազմված է հայաստանյան պառլամենտարիզմի պատմության մեջ թվով ամենաքիչ քաղաքական ուժերից. խորհրդարանում ընդամենը երեք խմբակցություն է։  

Կարդացեք նաև

Back to top button