ԿարևորՀասարակություն

Գիրք նվիրելու օրը Սուրբ Էջմիածնում

Գիրք նվիրելու օրվան ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում կազմակերպվել էր տոնական միջոցառում: Այն մեկնարկել է Տերունական աղոթքով, ապա ավանդույթ դարձած արարողությամբ՝ գրքերի նվիրատվությամբ։

Մատենադարանի տնօրենությունը կրոնագիտական, աստվածաբանական, պատմական, հայագիտական բնույթի արժեքավոր հրատարակություններ է նվիրել Մայր Աթոռի միաբաններ Տ. Ներսես աբեղա Հարությունյանին, Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանին, Տեր Ադամ քահանա Մակարյանին։

Տոնի խորհուրդն ամբողջացվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արխիվի և արխիվագիտության բաժնի վարիչ Արմեն Մալխասյանի աշխատասիրությամբ տպագրված «Թուղթք Պաւղոսի առաքելոյ» գրքի շնորհանդեսով: Ողջույնի խոսքով հանդես է եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը։

Շնորհավորելով ներկաներին Գիրք նվիրելու օրվա առթիվ՝ արժանապատիվ Տեր Հայրը ներկայացրել է նորատիպ գիրքը՝ որպես եզակի երևույթ մեր գիտական հանրության համար։ Այնուհետև շնորհավորանքի և ողջույնի խոսքերով հանդես է եկել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, որից հետո խոսքը տրվել է աշխատասիրող պարոն Արմեն Մալխասյանին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արարողակարգային և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկաներին է փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և ողջույնի խոսքը: Միջոցառումը ինքնատիպ կատարումներով զարդարել է «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը (գեղ․ ղեկավար և դիրիժոր Վահե Բեգոյան)։ Միջոցառման ավարտին, հավատարիմ մնալով օրվա խորհրդին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրենությունը բոլոր մասնակից հյուրերին նվիրել է Տեր Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի «Հավատի ու հույսի պսակը» քարոզների ընտրանին։

Գիրք նվիրելու օրը խորհուրդ ունի, և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանը յուրաքանչյուր տարի առաջնորդվում է այդ խորհրդով։

Կարդացեք նաև

Back to top button