
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը 2008թ․ նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների վերաբերյալ։ Դատարանն արձանագրել է, որ խախտվել են Փաշինյանի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված խաղաղ հավաքների ազատության, խոսքի ազատության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները։ Այս հանգամանքը հիմք ընդունելով՝ Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոքով պահանջում է բեկանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մարտի 1-ի գործով դատավճիռը և արդարացնել նրան։ Ստացվում է՝ Փաշինյանի կառավարությունը պարտվեց ընդդիմադիր Փաշինյանին․ ի՞նչ է շահում ու կորցնում պետությունը։
Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պետությունը պարտվեց ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը 2008թ․ նախագահական ընտրություններին հաջորդած՝ մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ։ Ավելի քան 11 տարի քննելով Հայաստանի դեմ Փաշինյանի ներկայացրած բողոքը՝ Եվրադատարանը վճռել է, որ Հայաստանի կառավարությունը խախտել է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքները։
Ստացվում է, որ պետության դեմ ժամանակին բողոք ներկայացրած անձն այժմ այդ նույն պետության առաջնորդն է։ Հայցվորն ու պատասխանողը մեկտեղվե՞լ են։ Ի՞նչ է սա նշանակում։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն է մեկնաբանում․
«Այստեղ վարույթի ինչ-որ մի փուլում միատեղվում են, այո, համատեղվում են հայցվորն ու պատասխանողը․ զուգամիտվել են, նույնիսկ չեն էլ զուգամիտվել, նրանք նույնականացվել են։ Դրա համար ավելի լավ կլիներ վարչապետ Փաշինյանն այս գանգատից հրաժարվեր՝ հասկանալով, որ կարող է դերերի շփոթմունք առաջանալ։ Այս գործի առանձնահատկությունը հենց դերերի մեկտեղվելու մեջ է»։
Կարո՞ղ ենք ասել, որ «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործում շահերի բախում կա․ի վերջո՝ բողոք ներկայացնողն ու պատասխանողը նույնանում են։
«ՄԻԵԴ-ն ունի մի չափանիշ, որ անկախ նրանից, այդ շահերի բախումը տեղի ունեցել է, թե՝ ոչ, տպավորությունն արդեն իսկ բավարար է։ Հիմա այնպես է ստացվել, որ այդ սկզբունքը, այո, այստեղ կիրառելի է․ նույնիսկ եթե չկա իրական բախում, բայց օբյեկտիվորեն ցանկացած մարդու մոտ կարող է հարցեր առաջացնել, տպավորություն ստեղծել, որ այստեղ անաչառության խնդիր կա, արդեն պետք է բավարար լինի»։
ՄԻԵԴ-ում եղե՞լ է նման նախադեպ, երբ հայցվորն ի վերջո դառնա նույն գործում պատասխանող կողմ։
«Չեմ մտաբերում նման գործ։ Կարելի է մտածել Տիմոշենկոյի գործը՝ Ուկրաինայի հետ կապված․ երբ վճիռը կայացվեց, կարծեմ նա արդեն արդարացվել էր և այլն։ Ես հստակ չեմ հիշում նման գործ, բայց գուցե և ՄԻԵԴ-ը բախվել է նման հանգամանքների հետ»։
2018-ի դեպքերից հետո Փաշինյանին կարելի էր արդեն իսկ «հաղթած» համարել դատական այդ գործում՝ ասում է Արա Ղազարյանը։ Բայց մասնագետն իր վերլուծությունը հակված է կատարել ավելի լայն ու կարևոր համատեքստում, որը բարձր է անձերից և ուղղված է համապետական շահին։ Հենց այս մոտեցումն է որդեգրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր վճիռը կայացնելիս՝ ասում է․
«Դատավարության սուբյեկտը, բոլոր դեպքերում, պետությունն է, ոչ թե իշխանությունը։ Ըստ դատավարության՝ պետությունն է պատասխանատու։ Կառավարություններն անընդհատ փոխվում են, բայց պետությունը, որպես սուբյեկտ, մեկն է մնում»։
Եթե մի կողմ թողնենք, թե ովքեր են ՄԻԵԴ-ի վճռի կողմերը, կարող ենք արձանագրել, որ վճիռը բավականին օգտակար է Հայաստանի համար․ այնտեղ կան շատ արժեքավոր եզրահանգումներ՝ ընդգծում է Արա Ղազարյանը՝ շարունակելով՝ ՄԻԵԴ-ը ոչ իրավաչափ է համարել նաև 2008-ին Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշումը։ Ըստ դատարանի՝ այն հակասում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածին․ հոդվածը սահմանում է պետության՝ հիմնական իրավունքներից շեղվելու իրավունքը, եթե ազգին վտանգ է սպառնում։ Բայց ազգին վտանգ սպառնալու հանգամանքներն, ըստ ՄԻԵԴ-ի, 2008 թվականին բացակայում էին, որպեսզի պետությունը շեղվեր իր կոնվենցիոն պարտավորություններից՝ հավաքների, խոսքի ազատության իրավունքի ապահովում և այլն։ Ընդ որում՝ պետությունը, որպես ՄԻԵԴ-ում քննվող գործի պատասխանող կողմ, այս ընթացքում որեւէ վերապահում չի հայտնել։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյան․
«Այսինքն՝ դրանով ՄԻԵԴ-ը հակակոնվենցիոն է համարում մարտի 1-ի արտակարգ դրության մասին ողջ այդ որոշումը։ Պատկերացնու՞մ եք՝ դա ինչ հեռանկարային դատական ակտ է և ինչ ճանապարհ է բացում դատական գործերի վերաբացման համար»։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի գործով կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Բողոքի ներկայացման հիմքը հենց ՄԻԵԴ-ի որոշումն է․
«Այսինքն, ըստ էության, առկա է եղել «Քրեական դատավարության» օրենսգրքի 426/4 հոդվածի առաջին մասի երկրորդ կետով նախատեսված նոր հանգամանքը։ Այդ նոր հանգամանքն այն է, որ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա գործող միջազգային դատարանի՝ ՄԻԵԴ-ի ուժի մեջ մտած վճռով հիմնավորվել է անձի՝ Նիկոլ Փաշինյանի իրավունքի խախտման փաստը»։
ՄԻԵԴ-ն իրավական հստակ դիրքորոշում ունի այս գործով՝ ասում է Գոռ Աբրահամյանը։ Նիկոլ Փաշինյանին առաջադրված մեղադրանքը եւ ըստ այդմ նրա դատապարտումը համարվել է անօրինական․
«Դատարանը հստակ հետևություն է ներկայացրել նաև այն մասին, որ Նիկոլ Փաշինյանին առաջադրված մեղադրանքը և այն արարքը, որի համար նա, ի վերջո, դատապարտվել է, ձևակերպված է եղել ավելի ընդհանրական ձևով՝ առանց նրա հանցակազմի հատկանիշերին համապատասխանող գործողությունների մանրամասները նկարագրելու»։
Վճռաբեկ դատարանը 3 ամիս ունի գլխավոր բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու համար։ Գլխավոր դատախազի խորհրդականն ասում է՝ բողոքի մեջ ներկայացվել են բողոքը վարույթ ընդունելու բոլոր հիմքերը։
2008-ի մարտի 1-ից հետո Փաշինյանը, լինելով հետախուզման մեջ, մեկ տարի չորս ամիս անցկացրել է ընդհատակում: 2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ձերբակալվել և 2010 թ. հունվարին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում՝ համաներմամբ ազատ է արձակվել 2011 թ. մայիսի 27-ին: Ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը ՄԻԵԴ-ում «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործը հաղթելուց հետո արդեն ՀՀ վարչապետի կարգավիճակում դրամական փոխհատուցման պահանջ Հայաստանի Հանրապետությանը չի ներկայացրել։




