ԿարևորՀասարակություն

Նոր խնդիրներ՝ երկաթգծի վերականգնման գործընթացում․ ինչպե՞ս կլուծվի ջրագծերի ու տների հարցը

Առաջիկա երկու շաբաթում մասնագիտական ուսումնասիրություններ կանցկացվեն Հայաստանի այն տարածքներում, որտեղով պետք է վերականգնվի Հայաստան-Ադրբեջան երկաթգիծը։ Այդ ուսումնասիրությունների հիման վրակմշակվի վերականգնման աշխատանքների նախագիծը։

Ռելսերի և ջրի խողովակների 8 կիլոմետրանոց անհամատեղելիություն

Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման աշխատանքները կարող Մեղրիի մի շարք գյուղերի համար ջրի խնդիր ստեղծել։ Կան հատվածներ, որտեղ անհամատեղելի են ռելսերը և ջրի խողովակները, վերջինները կառուցվել են ԽՍՀՄ փլուզումից հետո չգործող երկաթգծի տարածքում։ Այս պահին առաջացած ամենամեծ խնդիրը «Ռադիոլուր»–ին մանրամասնում է Մեղրիի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը․  

«Մեղրիից մինչև Նռնաձոր տանող ճանապարհում կա հատված, որի տակով է ներկա պահին անցնում Մեղրիի երեք գյուղերի ինքնահոս ոռոգման խողովակը։ Եթե այդ աշխատանքները սկսվեն, այդ ջրագիծը պետք է քանդվի, և ոռոգման ջրերի հետ կապված այդ գյուղերը կունենան լուրջ խնդիրներ։ Մինչև Նռնաձոր այդ նույն խողովակից օգտվում են նաև Շվանիձոր և Ալվանք գյուղերը։ Այդ ոռոգման ջուրը, երբ գալիս, բարձրանում է վերև, այգիները ոռոգվում են, իսկ այդ ոռոգման ջուրը հողի տակով, ընդերքով գալիս հավաքվում է «քյարիզներում»՝ ջրի մաքրման, հավաքման հորեր են գետնի տակ փորված, մեր կողմից են պատրաստվում, հատուկ մասնագետ ունենք, որ զբաղվում է այդ գործերով։ Դրանից հետո պոմպերի միջոցով այդ ջուրը տրամադրում է որպես խմելու ջուր։ Այսինքն՝ եթե այդ ջուրը չեղավ, մենք ունենալու ենք նաև խմելու ջրերի խնդիր»։

Կառավարությունում խնդրին ծանոթ են, համայնքապետն անձամբ է այն ներկայացրել վարչապետին։ Ասում է՝ սեփական ուժերով խնդիրը չեն կարող լուծել․

«Կառավարությունը պետք է նման ծրագրերը իրագործի, որովհետև դրանք շատ թանկ արժեն, իսկ համայնքները նման ֆինանսներ չունեն, որ կարողանա իր միջոցներով նման աշխատանքներ կատարի»։

Մեկ ամիս առաջ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամները դեռ ուսումնասիրում են խնդրահարույց տարածքները։ Երկաթուղու վետերանների միության ղեկավար Լևոն Հակոբյանը երկաթուղային համակարգում երկար տարիների իր փորձառությունից ելնելով «Ռադիոլուր»-ին պարզաբանում է․

«Երասխ–Նախիջևան հատվածում այդպիսի խնդիրներ չունենք, Իջևանի հաատվածում նույնպես չունենք այդպիսի խնդիր։ Մեր խնդիրը հիմնականում Մեղրիի գծահատվածում է, այնտեղ որոշ հատվածներ կան, որտեղ այգիներ են հիմնել, մոտիկ կառույցներ են կառուցել, ջրագծեր են թույլ տվել, որ անցնի և այլն։ Կարճևան կայարանից մինչև Մեղրի են այդ խնդիրները։ Մի 7–8 կմ-ի վրա այդպիսի պրոբլեմ կա»։

Խորհրդային միության փլուզումից ի վեր չգործող Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ հատվածում տարիների ընթացքում ոչ միայն նոր ջրագծեր են կառուցվել, այլև  այգիներ ու փոքր շինություններ են հիմնվել։

Մասնագետների ներկայացմամբ՝ երկաթգծի ճանապարհը փոխել չի լինի, հետևաբար, քաղաքացիները պետք է իրենց զբաղեցրած տարածքը զիջեն երկաթուղուն։

Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման ծրագրի աշխատանքային խմբի անդամ, տրանսպորտի և կապի նախկին նախարար ու Լոռու նախկին մարզպետ  Հենրիկ Քոչինյանը վստահ է՝ գործադիրում լուծում անպայման կգտնվի։

«Այդ խնդիրը դրված է հանձնաժողովի առաջ, պետք է բոլորը նայել։ «Օտարման գոտի» հասկացություն կա, որ ասենք երկաթգծից այսքան մոտիկ, օրինակ, չի կարելի շինություն կառուցել։ Եթե ինչ–որ մեկը բերել է, դրան մոտիկ կառուցել է, օրինակացված չի լինի՝ վստահ եմ։ Բայց եթե մարդն ունենա սեփականության վկայական և այլն, այդ դեպքում այդ հարցը կքննարկվի, և եթե քաղաքացու սեփականության իրավունքին կպչում են, դա դիտարկվում է որպես պետական գերակա շահ, և/կամ կադաստրային արժեքով կամ անձի կողմից կառուցված շինությունը գնահատվում է անկախ գնահատողի կողմից, և համապատասխան փոխհատուցում է տրվում»։

Հենրիկ Քոչինյանի ներկայացմամբ՝ որևէ քաղաքացի այսպիսի խնդիրներով աշխատանքային խմբին դեռ չի դիմել, գույքագրում արված չէ։ Ինչ վերաբերում է Մեղրի համայնքի ոռոգման և խմելու ջրի հետ հնարավոր խնդիրներին՝ հստակեցնում է․

«Ջրագիծը պետք է տեղափոխվի, և այդ տեղափոխությունը, բնական է, պետական միջոցներով պետք է կատարվի։ Այնտեղ մասնագիտական ուսումնասիրություն է կատարվում, երկու շաբաթում դա երևի կավարտվի, որից հետո ի հայտ կգա՝ կառույցներ կա՞ն, չկա՞ն, ինչքա՞ն են, ի՞նչ ծավալների են և այլն։ Դա հետոյի խնդիր է, այս պահի չէ»։

Հայաստան–Ադրբեջան առաջին գնացքը՝ 2025–ին

Հայաստան-Ադրբեջան վերականգնվող երկաթգծային հատվածները երկուսն են՝ Երասխի կողմից մինչեւ Նախիջեւան1 կմ-ից փոքր-ինչ ավելի հատված և Մեղրիի 45 կմ երկարությամբ հատվածը: Մասնագիտական գնահատումներից հետո միայն կմշակվի երկաթգծի վերականգնման աշխատանքների նախագիծը։ Այս պահին Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղային գծի կառուցման նախնական արժեքը գնահատվում է 200-250 մլն դոլար։ Թվերը դեռ վերջնական չեն, քանի որ հարակից ենթակառուցվածքներն իրենց հերթին են ենթադրում ֆինանսներ։

Ի՞նչ միջոցներով կկառուցվի, դեռ հայտնի չէ, բայց ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ հնարավոր է՝ նույնիսկ բյուջեից գումար հատկացնելու կարիք չլինի, եւ դա արվի միջազգային ներդրումների հաշվին։ Մրցույթ կհայտարարվի՝ կպարզվի։ Նախնական հաշվարկով ծրագրված է վերակառուցումն ավարտել 3 տարուց՝ ասում է Քոչինյանը․

«Ես կարծում եմ՝ առաջին գնացքն այդ ուղղությամբ 2025 թվականին կշարժվի»։

Երկաթուղին վերագործարկելու պայմանավորվածության մասին Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին նախորդ տարեվերջին Սոչիում, ապա Բրյուսելում՝ երկու երկրների ղեկավարների հանդիպումներից հետո։ Սա, թերևս, դեռ միակ ծրագիրն է, որի շուրջ առավելագույն փոխըմբռնում կա կողմերի միջև։ Այդուհանդերձ, աշխատանքային խմբում կա հետևյալ մոտեցումը՝ հայկական կողմի համար ընդունելի է մեծածավալ աշխատանքներ սկսել, եթե դրանք ամրագրվեն փաստաթղթային որևէ ձևաչափով, քանի որ ենթակառույցները պետք է հետո միանան։  Իսկ դա արդեն համատեղ աշխատանքի տիրույթ է և որոշակի համագործակցություն։

Ակնկալվող փաստաթուղթը կլինի երկկողմ, թե եռակողմ՝ սա արդեն, ըստ հանձնաժողովի անդամների, սկզբունքային չէ։ Առավել կարեւոր են այս առումով դեռ անվտանգային հարցերը, որոնք դեռ լուծում են պահանջում։

Կարդացեք նաև

Back to top button