
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն առաջիկայում «Հայրենադարձների ինտեգրման կենտրոն» կբացի․ նոր կենտրոնի նպատակն է մեկ պատուհանի սկզբունքով օգնել հայրենադարձներին հայրենիքում լուծել իրենց խնդիրները։ Գրասենյակում դրան ամփոփել են․ որպես կանոն հայրենիք վերադարձած մեր հայրենակիցները քաղաքացիություն ստանալու, անձնական իրերը հայրենիք տեղափոխելու և աշխատանք գտնելու դժվարություններ են ունենում։ Նոր բացվող կենտրոնը կհամագործակցի Ոստիկանության, Միգրացիոն ծառայության և մյուս պետական կառույցների հետ հայրենիք վերաձարձած քաղաքացիներին արագ և առանց քաշքշուկի օգնելու համար։
«Ես Վահրամ Մաքինաջյանն եմ, եկել եմ Ավստրալիայից ընտանիքով, ես, կինս, աղջիկս, տղաս, հարսս և թոռնիկս․ բոլորով եկել ենք Հայաստան»։
Մաքինաջյանների ընտանիքը 90-ականներին է հեռացել հայրենիքից։ Վահրամն ասում է՝ Հայաստանից հեռու ապրելու առաջին 10 տարին բավական էր հասկանալու համար, որ մի օր անպայման վերադառնալու են։ 30 տարի անց վերադարձել են։
«Ավելի ուժեղ երկիր կուզեի տեսնել, բայց վստահ եմ, որ դա էլ կլինի, պարզապես ժամանակ է պետք։ Բոլորս մտածում ենք, եթե այստեղ ապրենք, այնպես, ինչպես մեր հայրենակիցներն են պայքարում, եթե պետք է դիմանում, հաղթահարում նույն էլ մենք կլինենք»,- ասում է Վահրամ Միրաքյանը։
Վահրամ Մաքինաջյանն ասում է՝ հայրենիք վերադառնալուց հետո լուրջ խնդիրների չեն բախվել։ Վերադարձից առաջ են ամեն ինչ հաշվարկել, պլանավորել ու նախատես կազմակերպել։ Առջևում միայն քաղաքացիություն ստանալու գործընթացն է։
«Քանի որ մենք Հայաստանում ենք ծնվել ու ծննդական ունենք, մեզ ամեն ինչ բացատրեցին, ասացին, որ պիտի մի քանի փաստաթղթի թարգմանություն անենք և տանենք անձնագրային։ Ասացին՝ երևի 1.5-3 ամիս կտևի և քաղաքացիություն կստանանք»,– ասում է հայրենադարձը։
Վերջին երկու տարիներին ավելի քան 32 000 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն, շուրջ 5300-ն էլ՝ մշտական և հատուկ կեցության կարգավիճակ․ տվյալները Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին են։ 2021-ին քաղաքացիություն է ստացել 7000 մարդ։
Գրասենյակն առաջիկայում կգործարկի «Հայրենադարձների ինտեգրման կենտրոնը», որը մեկ պատուհանի սկզբունքով կօգնի Հայաստան վերադարձած քաղաքացիներին լուծելու հիմնական խնդիրները։ Հայրենադարձների ինտեգրման ծրագրի համակարգող Մարգարիտա Բաղդասարյանն ասում է՝ կենտրոնի ստեղծման հիմքում միջազգային լավագույն փորձն է, մասնավորապես՝ Իսրայելի օրինակը։
«Ինտեգրման կենտրոնի բուն նպատակը լուծելն է բոլոր այն հարցերը, որոնք կապված են հայրենադարձության հետ։ Կլինեն փաստաթղթավորման հարցեր, օրինակ, կացության կարգավիճակ կամ քաղաքացիություն ստանալ, պետական բոլոր մարմինների հետ առնչվելու գործընթաց, անձնական բեռի տեղափոխում, ուսումնական խնդիրներ, մինչև անգամ հայերենի ուսուցում։ Այս բոլոր խնդիրներին կենտրոնը պետք է լուծում տա, ինչը բնականաբար կհեշտացնի նաև հայրենադարձության գործընթացը»,– ասում է Մարգարիտա Բաղդասարյանը։
Հայրենադարձների խնդիրներով հիմա էլ գրասենյակը զբաղվում է․ կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա ընդլայնել ծրագերն ու աջակցման մեխանիզմերը։ Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մարգարիտա Բաղդասարյանն ասում է՝ որպես կանոն հայրենադարձները խնդիրների բախվում են քաղաքացիություն ստանալիս, անձնական գույքը տեղափոխելիս, հետո արդեն հայրենիքում աշխատանք գտնելու դժվարություններն են։ Նախատեսում են «Հայրենադարձների ինտեգրման կենտրոնում» նաև մասնագիտական կողմնորոշման դասընթացներ կազմակերպել։
«Օրինակ՝ ՀՀ օրենքը սահմանում է, որ ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ազգությամբ հայը։ Շատ դեպքերում հայրենադարձների համար սա խնդիր է լինում, քանի որ ոչ բոլորի մկրտության վկայականի մեջ է գրված․ «ազգությամբ՝ հայ», և արդյունքում մեր հայրենակիցը ստիպված է լինում դիմել, օրինակ, Սիրիայում գտնվող եկեղեցի, որ իրեն այդ վկայականը տան և այլն։ Այս դեպքերում մենք օգնում ենք, հաճախ նաև միջնորդի դեր ենք ստանձնում»,– մանրամասնում է Բաղդասարյանը։
«Time to Analyze» հարթակի վերջին հետազոտության տվյալներով՝ աշխարհում շուրջ 10.3 միլիոն հայ է ապրում, 8 միլիոնը՝ Հայաստանից ու Արցախից դուրս։ Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ վերջին երկու տարվա ընթացքում քաղաքացիություն ստանալու համար ամենաշատը դիմել են Լիբանանից։ Լիբանանին հաջորդում են Ռուսաստանը ու Ֆրանսիան։






