ԿարևորՔաղաքական

Ռուսաստանը ողջունում է Հարավկովկասյան 3+3 ձևաչափով հանդիպում անցկացնելու Իրանի ծրագիրը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ողջունել է «3+3» ձևաչապով Հարավային Կովկասի հարթակի հաջորդ հանդիպումը Իրանում անցկացնելու պայմանավորվածությունը՝ հույս հայտնելով, որ հանդիպումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը։ Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը:

Երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որոշ հարցեր։

Լավրովը շնորհակալություն է հայտնել Իրանին Վիեննայի բանակցությունների ընթացքում նախաձեռնությունների և կառուցողական մոտեցման համար։ Նա նաև ընդգծել է Վիեննայի բանակցությունների տարբեր կողմերի միջև շարունակական խորհրդակցությունների և բանակցությունների անհրաժեշտությունը՝ տեքստերն ու առաջարկները վերանայելու և համաձայնության գալու համար։

Ռուսաստանի արտգործնախարարը ողջունել է նաև Հարավային Կովկասում «3+3» պլատֆորմի երկրորդ հանդիպումը հյուրընկալելու Իրանի ծրագիրը և հույս հայտնել, որ համաժողովն էլ ավելի կապահովի տարածաշրջանի երկրների շահերը և կպահպանի կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում։

Նա նաև 3+3 Հարավային Կովկասի պլատֆորմի առաջիկա նստաշրջանը գնահատել է որպես կոնսենսուսի հնարավորություն՝ խորացնելու տարածաշրջանային համագործակցությունը՝ հօգուտ տարածաշրջանի երկրների և ժողովուրդների շահերի։

Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021թ.-ի դեկտեմբերի 10-ին, Մոսկվայում, որի շրջանակներում մասնակից 5 երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանում առկա համագործակցության հեռանկարներն ու ընդհանուր սպառնալիքներին հակազդեցությունը։ 

Կարդացեք նաև

Back to top button