
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի զրույցն ավարտվել է շաբաթ օրը՝ Վաշինգտոնի ժամանակով 12:06-ին (Մոսկվայի ժամանակով 20:06-ին): Այս մասին լրագրողներին հայտնել են Սպիտակ տանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նախագահ Բայդենի հեռախոսազրույցը նախագահ Պուտինի հետ ավարտվել է ժամը 12:06-ին»,- հայտնել են Սպիտակ տանը: Ամերիկյան կողմը դեռ չի հայտնել զրույցի բովանդակության ու արդյունքի մասին։
Ըստ ամերիկյան կողմի՝ զրույցը տևել է ավելի քան մեկ ժամ։ Այն սկսվել է, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Սպիտակ տունը, ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով 11:04-ին (Մոսկվայի ժամանակով 19:04-ին): ԱՄՆ վարչակազմի ղեկավարն այս հանգստյան օրերն անցկացնում է Քեմփ Դեյվիդի (Մերիլենդ) իր նստավայրում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, զրույցի անցկացման նախաձեռնությունը եղել է Վաշինգտոնից, և «խնդրանքին նախորդել է ամերիկյան կողմի գրավոր դիմումը»։
Բայդենի հետ խոսելուց առաջ Պուտինը զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները նախկինում հեռախոսով շփվել էին անցյալ տարեվերջին։ Դեկտեմբերի 7-ին նրանք բանակցություններ են վարել տեսակոնֆերանսի միջոցով։ Պուտինի և Բայդենի առաջին դեմառդեմ հանդիպումը որպես պետությունների ղեկավարներ տեղի է ունեցել Ժնևում 2021 թվականի հունիսին։




