ԿարևորՀասարակություն

Քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի Էլեկտրոնային միասնական համակարգը՝ շուտով

Փետրվարի 9-ին խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում և «Վարչական օրենսգրքում» փոփոխություններ առաջարկող նախագծերը։ Դրանցով նախատեսվում է էլեկտրոնային միասնական համակարգի ներդրում։ Անցում էլեկտրոնային միասնական համակարգի՝ ծրագրում է նաև Երևանի քաղաքապետարանը։ Այս տարի կներդրվեն  տոմսային և երթուղիների ու շարժակազմերի կառավարման  համակարգերը։

Քաղաքակիրթ երթևեկությունը կարող է դառնալ իրականություն։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած նախագիծը՝ համապատասխան փոփոխություններով, խորհրդարանն արդեն ընդունել է։ Առաջարկվում է սահմանել «երթուղային թերթիկ» հասկացությունը, որով շահագործող կազմակեպրությունը փորձելու է ապահովել երթակարգավարական ծառայությունների պատշաճ որակը: Սահմանվում է նաև «էլեկտրոնային երթակարգավարական ծառայություն» հասկացությունը, որի ներդրումը թույլ կտա կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կարգավորման և վերահսկողության գործընթացները կազմակերպել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգի միջոցով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ քաղաքացին հստակ կիմանա՝ որ երթուղին որ ժամին և որ կանգառից կարող է գնալ, օրինակ, Գյումրի․

«Էլեկտրոնային երթակարգավորական ծառայությունը թույլ կտա օնլայն ռեժիմով հետևել տրանսպորտային միջոցների տեղաշարժին, քաղաքացին, օրինակ, ձմռանը ստիպված չի լինի երկար կանգնել կանգառում, սպասել տրանսպորտային միջոցի, այլ հավելվածով կտեսնի, որ տրանսպորտային միջոցը 5 րոպեից կմոտենա։ Այս օրենքի նախագծով նաև այդպիսի դրույթ է սահմանվում»։

Այս ծառայությունը քաղաքացիներին հասանելի կլինի 2023 թվականին, հավաստիացնում է փոխնախարարը։ Համակարգային փոփոխություններ են խոստանում նաև քաղաքային տրանսպորտում։ Երևանի քաղաքապետարանից «Ռադիոլուր»-ին հայտնեցին, որ հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրի շրջանակում այս տարվա ընթացքում նախատեսվում է ներդնել էլեկտրոնային միասնական տոմսային համակարգ։ Աշխատանքներ են տարվում նաև երթուղիների և շարժակազմերի կառավարման և ուղևորների տեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ։ Բջջային համապատասխան հավելվածի միջոցով շուտով հնարավոր կլինի  հետևել, թե կոնկրետ  որ ավտոբուսը որ ժամին կմոտենա տվյալ կետին։ Քարտային միասնական համակարգը կներդրվի տրանսպորտի բոլոր տեսակներում։ Ծրագիրն իրատեսական է, բայց լուրջ ֆինանսներ ու ժամանակ է պահանջում,- նկատում է GG ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը։ Այս ընկերությունը ոլորտում արդեն բավական մեծ փորձ ունի․

«Խնդրի մի մասը վիզուալ տեսնելն է, թե ավտոմեքենաները որտեղ են։ Հավելվածով դուք քարտեզի վրա կտեսնեք իր հետագիծը, և երբ է այն ձեզ մոտենալու։ Երկրորդը մասը, թե ոնց եք վճարելու։ Կան բազմաթիվ ընկերություններ, որոնք կարող են իրագործել վճարման մասը։ Առաջինն ավելի բարդ է։ Կամ դա պետք է նախագծի մի ընկերություն, որը այդ տեխնոլոգիաներով զբաղվում է, կամ զրոյից ստեղծվի, որը շատ ավելի բարդ է ու դժվար, թե որակով լինի։ Վիզուալիզացիան ապահովելու համար բոլոր տրանսպորտային միջոցները պետք է ապահովվեն GPS-ներով»։ 

Որպեսզի քաղաքային իշխանությունը բարեփոխումների այս ծրագիրն  իրականացնի, պետք են ժամանակ ու ֆինանսներ, բայց «Իրազեկ և պաշտպանված սպառող» կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն վստահ է՝ ֆինանսներն անգամ կարող են չօգնել․  

«Արվում է հերթական քայլը, որը կրկին աղերս չունի այն ֆունդամենտալ խնդրի հետ, որի առջև մենք կանգնած ենք։ Սրանք ընդամենը միջոցներ են՝ շեղելու համար փորձագիտական և ոչ փորձագիտական հանրույթի ուշադրությունը հիմնական խնդրից։ Այսինքն, Երևանի քաղաքապետարանը հեռացել է տրանսպորտային համակարգում իր հիմնական անելիքից և փնտրում է այնպիսի լուծումներ, որոնք, արդեն ապացուցված է, որ արդյունավետ չեն։ Փաստացի, շարունակում են ներդրումներ անել մի ոլորտում, որը ոչ նպատակային է Երևան քաղաքի համար»։

Միասնական էլեկտրոնային համակարգ ներդնելու փորձ նախկինում էլ եղել է։ 2013-ին մասնավոր ընկերության միջոցներով Երևանի հասարակական տրանսպորտի 50 կանգառներում փորձնական տեղադրվեցին էլեկտրոնային չվացուցակներ։ Քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ տվյալ ընկերության կողմից այս նախագծի ներդրման հետգնումը նախատեսված էր իրականացնել որոշակի գովազդային նյութերի ցուցադրման հաշվին, բայց սպասելիքները չարդարացան, պիլոտային փորձարկումը զարգացում չունեցավ։ Նոր ծրագրի հարցում  քաղաքապետարանում ավելի լավատեսորեն են տրամադրված։  

Կարդացեք նաև

Back to top button