ԿարևորՀասարակություն

Մեքենաների գերեզմանոց՝ թանգարանային նմուշներով․ երբ ավտոաղբից ազատելը բիզնես է դառնում

Հայաստանում մեքենաների ներկրման անզուսպ աճը երկիրը հետզհետե վերածում է մեքենաների հսկայական գերեզմանոցի։  Երկրում այսօր գրանցված է 600-650 հազար մեքենա, դրանց գերակշիռ մասը 7 տարուց բարձր տարիք ունի ու համարվում է հին։ Ըստ այդմ՝ Հայաստանի ավտոպարկն է գնահատվում հնացած։  Սա նշանակում է, որ աստիճանաբար ավելի շատ մեքենա դուրս կգա շահագործումից ու ավելի ինտենսիվ կերպով կուղարկվի դրանց «գերեզմանոց»։ Հայաստանում մի քանի ձեռնարկություն է զբաղվում մեքենաների թափքերի վերամշակմամբ։ Ամենախոշորը Չարենցավանի մետաղական ամրանների արտադրության գործարանն է, որտեղ վերամշակվող թափոնները հավաքում է  «Մետեքսիմ» ընկերությունը։ Հայաստանն ավտոաղբից ազատելը գնալով ավելի կարեւոր անելիք է դառնում երկրի համար։ Սա մի կողմից բիզնես է, մյուս կողմից բնապահպանական խնդիր։ 

Այս սեղմվածքները պարզապես մետաղական ջարդոն չեն, հնարավոր է՝ ժամանակին բավականին թանկարժեք մեքենաներ են եղել, օրինակ՝ Մերսեդես, ԲՄՎ։  

Մեքենաների գերեզմանոց՝ թանգարանային նմուշներով։ Դրանց հետեւից անգամ արտասահմանից են գալիս։ Այստեղ ամեն ինչը հայտնվում է որպես թափոն, բայց դրանք ընդունող ձեռքերն ամեն ինչ չէ, որ ուղարկում են մետաղաղաց։

Ավտոմեքենաների կմախքների վերջին հանգրվանը հիմնականում մայրաքաղաքի ծայրամասերն են, իսկ գյուղերում՝ առավելապես ձորերը։ Դարն ապրած կամ վերանորոգման ոչ ենթակա, վթարված մեքենաների թափքերի հավաքման, վերամշակման ամենամեծ կետերից մեկում ենք։ Շատերը վաղուց արդեն ավտոմեքենա չեն։ Նույնիսկ ամբողջական թափք դժվարությամբ կգտնես։ Մետեքսիմ ընկերության երրորդ տեղամասի պետ Կամո Հարությունյան.

«Կոնկրետ այս հատվածում հավաքված են ավտոմեքենաների թափքերը, որոնք տեսնում եք՝  ինչ ծավալի են հասնում։ Բերվում են մամլիչի տեսքի,  որոնք հարմար են վառարան մտցնելու համար»։

Այստեղ անգամ տարբեր դարերի ու ամենատարբեր մակնիշների մեքենաների թափքեր կան: Թափոնները երբեմն հենց մեքենայատերերերն են բերում։ Գիտեն, որ հնամաշ մեքենայի թափքը պարզապես աղբ չէ։ Ահա ևս մեկը, որի վերջին հանգրվանը մետաղական թափոնների ընդունման կետն է դարձել.

«Վոլգա գազ 21 մակնիշի մեքենայի թափք է, որը հիմա մեր մեքենավարը կմամլի, կտեսնեք, թե ինչ է ստացվում դրանից։ 50-ականների արտադրության Վոլգան  վայրկյանների ընթացքում վերածվում է  մետաղական սեղմվածքի. ըհը, 21ը դարձավ սա»:

Ժամանակին ամենահարգի մեքենաներից  մեկը դառնում է մամլիչ։  Մոտ 10 հազար ռուբլի արժեր, հիմա որպես մետաղաջարդոն գնահատվում է ընդամենը 25 000 դրամ։ Սա դեռ համարվում է լավ գին, մեքենան բավական ծանր էր։ «Լոմի» 1 տոննան 30-35 հազար է գնահատվում։  

«2-3 տարի առաջ սրանք թափված էին տարբեր տեղերում և փտում էին, իսկ հիմա վերածվում են փողի․ և մեզ է ձեռնտու, Չարենցավանի մեր գործարանի համար ունենում ենք հումք, եւ՝ բերողին է ֆինանսապես ձեռնտու»։

Ամենատարբեր մոդելների, արժեքների և գույների մեքենաներն այստեղ դառնում են միատեսակ, միագույն։ «Մեքենան որ երկար մնում է, բոլորն էլ նույն գույնի են դառնում՝ ժանգոտ թափք»։

Սեղմված ժամանակ առհասարակ հնարավոր չէ տարբերակել՝ ինչ մեքենա էր սա իր «նախորդ կյանքում»։  Եթե նախկինում այս «գերեզմանոց-արտադրամասում» հիմնականում սովետական մեքենաներ էին հայտնվում, հիմա նաեւ արտասահմանյանները կան ու գնալով շատանում են․ անգամ 20 թվի մեքենա կարելի է տեսնել։ Ափսոսա՞նք։ Այս գործի մեջ ափսոսանք չկա։ Ցանկացած հին բան պետք է փոխարինվի նորով, ասում է զրուցակիցս․ «Եթե դա մեկին անհրաժեշտ լիներ, չէր բերի, սա վերջնա, սա մետաղի մորգնա»։

Որոշ թափքեր, այնուամենայնիվ, դեռ չեն շտապում մետաղաջարդոնի վերածել, և սա այն դեպքն է, երբ ափսոսում են․ դեռ թող մնան՝ ասում են։

«Այս երկու մեքենան՝ զապոռոժեցը և մոսկվիչ 412-ը, վաղուց են բերվել, բայց մինչև հիմա չենք սեղմել, որովհետև հետաքրքիր պատմություն կա իրենց հետ։
Այս երկուսն էլ եկել են իրենց ընթացքով՝ մետաղի ջարդոնով բարձված։ Վերջում տերերը մեքնենաները ևս թողել են որպես մետաղի ջարդոն»։

Հայաստանում տարեկան շուրջ 20 հազար մեքենայի ջարդոն է մտնում «մետաղաղաց», ձուլվում՝ դառնում ամրան, մետաղական գնդեր լեռնարդյունաբերության և շինարարության համար։ Հայաստանն ավտոաղբից ազատելը շահեկան բիզնես է, ու դրանում նաեւ պետությունն է շահագրգիռ։

«Սա ամրան է: Այսինքն՝ հնարավոր է այս ամրանի մեջ օրինակ բմվ–ի դուռ լինի»:

«Դուռն էլ կլինի, կապոտն էլ կլինի, որովհետև այս ամրանը ստացվում է դրանից»։

Թափքերը տեսակավորելիս ուշադրություն են դարձնում նաև մետաղի թարմությանը, տեսքից էլ երևում է, որը ավելի արժեքավոր ամրան կդառնա։ «Սա, օրինակ, տաքսի է ծառայել, նշանը դեռ կա, իսկ էն տակինը շատ հին ժիգուլի է, որի վրա գրեթե մետաղ չի մնացել, փտել է»։ 

Մեքենաների թափքերի հավաքատեղին նաեւ երկաթուղում տասնամյակներով աշխատած լոկոմոտիվի վերջին հանգրվանն է։ Մոսկվիչի և զապոռոժեցի «բախտակիցն» է․սա էլ են ափսոսել։

«Սրանք չեխական արտադրության լոկոմոտիվներ են։ Վրայի համարը տեսնո՞ւմ եք, մեկի վրա համար կար՝ 3333։ Չեխոսլովակիայից մի լրագրող հենց այդ համարների հետևից էր եկել, բարձրացավ վրան, նկարվեց, երկար խնդրելուց հետո ես այդ համարը նվիրեցի իրենց, որ տանեն իրենց թանգարանում դնեն»։

Ժամանակին մեքենա էին, հիմա՝ մեքենայի պատմություն։ Այս խառնիճաղանջ վայրում դրանց պակաս չկա։

Հայաստանում ավտոմեքենաների գերեզմանոցների ավելացումն ու մեծացումը մտահոգիչ է։ Տարիներ շարունակ տարբեր երկրների դուրս գրված էժան մեքենաները զանգվածաբար բերվել են Հայաստան, հին մեքենաները ողողել են շուկան, տարիներ անց դարձել մետաղաջարդոն։ «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արտյոմ Պետրոսյան.

«Այդ թափքերի ճզմումը ամենապարզ մեթոդն է, որը պարզապես  թույլ է տալիս ազատվել ամենաերևացող մասից՝ թափոններից։ Բայց ռետինները, ապակիները, պլաստմասաները, մարտկոցները, որնք ևս ենթական են վերամշակման, դառնում են սովորական աղբ, որը վտանգավոր է նաև ուտիլիզացիայի տեսանկյունից»։

Հայաստան ներկրվող մեքենաների թիվը տարեցտարի աճել է։ Միայն 2017-ին ներկրումը 2016-ի համեմատ աճել է մոտ 100 տոկոսով։ 2019-ին, օրինակ, Հայաստան է ներմուծվել 189 հազարը։ Ներկայում երկրում գրանցված է 600-650 հազար մեքենա։ Երբեմն ներկրվում են անգամ կիրառության համար ոչ պիտանի մեքենաներ՝ պարզապես պահեստամասերի համար։ Ստացվում է, որ այսօր ճանապարհներին խցանում առաջացնող մեքենաները վաղը խցանում կառաջացնեն դրանց վերամշակման կետերում։  Ու որպեսզի մեքենաների գերեզմանոցները չշատանան, հարկ է ավտոաղբի վերամշակումն ավելացնել։

Կարդացեք նաև

Back to top button