ԿարևորՀասարակություն

Սահմանադրական դատարանը 26 տարեկան է

Տարիների ընթացքում Սահմանադրական դատարանն անցել է ինստիտուցիոնալ զարգացման բարդ, բայց կարևոր ճանապարհ՝ նկատում է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։ Թեև բախվել են տարաբնույթ մարտահրավերների, սակայն հավատարիմ են մնացել իրենց գլխավոր առաքելությանը՝ սահմանադրական արդարադատության միջոցով Սահմանադրության գերակայության ապահովմանը: Արման Դիլանյան․

«Միայն վերջին տարվա ընթացքում Սահմանադրական դատարանը հանրային և պետական կարևորության մի շարք առանցքային նշանակության գործերով ստանձնել և իրականացրել է յուրահատուկ «հավասարակշռողի» իր դերակատարությունը, ինչը,  իհարկե, հավելյալ պատասխանատվություն է Բարձր դատարանի յուրաքանչյուր դատավորի և աշխատակցի համար»:

2021–ը կարևոր և ծանրաբեռնված տարի է եղել Սահմանադրական դատարանի համար: Սա փաստում է անգամ վիճակագրությունը՝ ասում ՍԴ նախագահը։

«Նախորդող 2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին փոփոխվել են Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների ակտիվության ցուցանիշները: Մասնավորապես, վերացական վերահսկողության շրջանակներում մոտ տասն անգամ ավելացել է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ից, հինգ անգամ՝ Մարդու իրավունքների պաշտպանից, վեց անգամ՝ Հանրապետության նախագահից ստացվող դիմումների թիվը, և կոնկրետ վերահսկողության շրջանակներում շուրջ կրկնակի՝ դատարաններից ստացված դիմումները»:

ՍԴ նախագահը կարծում  է, որ  «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը լրամշակման կարիք ունի, ինչի արդյունքում Բարձր դատարանն ավելի անկաշկանդ և արդյունավետ կիրականացնի իր սահմանադրական գործառույթները։ Կառույցում կարևորում են նաև նոր  կայքէջի գործարկումը:

«Սահմանադրական դատարանի կազմավորման 26-րդ տարեդարձին նվիրված այսօրվա միջոցառումը համընկնում է Բարձր դատարանի նոր պաշտոնական էլեկտրոնային կայքէջի շնորհանդեսի հետ: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ Սահմանադրական դատարանի և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակին՝ հանձինս գրասենյակի ղեկավար տիկին Մարտինա Շմիդտի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինի՝ Սահմանադրական դատարանի էլեկտրոնային կարողությունների հզորացմանը աջակցելու և պաշտոնական նոր կայքէջի ստեղծմանը նպաստելու համար»:

Նոր կայքէջը քաղաքացիներին հնարավորություն կտա ավելի արդյունավետ հետևել Սահմանադրական դատարանի գործունեությանը, իսկ որոշումների որոնողական համակարգն իր տեսակով աննախադեպ կլինի:

Կարդացեք նաև

Back to top button