
Տնտեսվարողները հաճախ գործող զեղչերի վերաբերյալ կեղծ կամ թերի տեղեկատվություն են տրամադրում սպառողներին։ Երբեմն էլ հայտարարվում է զեղչերի մասին, մինչդեռ իրականում այն չի կիրառվում կամ գործում է շատ քիչ քանակությամբ ապրանքների համար։ Այս դիտարկումները հնչել են Մրցակցային պաշտպանության հանձնաժողովում։ Վիճակը փոխելու համար հանձնաժողովը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների առաջարկով։
70-80 տոկոս զեղչ, լիկվիդացիոն գներ, գնիր մեկը, ստացիր նվեր․ բավական է մի փոքր ուշադիր կարդալ այս գրավիչ հայտարարությունները, ու կպարզվի, որ զեղչը միայն նշված տեսականուն է վերաբերում, լիկվիդացիոն գների ակցիան արդեն ավարտվել է, իսկ նվեր ստանալու համար պետք է կոնկրետ գնում անել։ Սպառողներին նման ակցիաները հաճախ մոլորության մեջ են գցում՝ ասում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը․
«Հաճախ զեղչին նախորդող ժամանակահատվածում մենք ունենում էինք գների բարձրացում, ինչից հետո ապրանքի գինը զեղչվում է, և ստացվում է նույն գինը։ Հաջորդ խնդիրն այն է, որ հաճախ տնտեսվորողները անժամկետ զեղչեր են սահմանում, արդյունքում ստացվում է, որ այդ գինը ոչ թե զեղչված է, այլ արդեն ապրանքի հիմնական գինն է»։
Նշված խնդիրները կարգավորելու համար Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը փոփոխություններ է առաջարկում «Առևտրի և ծառայությունների մասին» և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներում։ Փոփոխություններով կձևակերպվեն մի քանի հասկացություններ, օրինակ՝ ակցիա, զեղչ և այլն, կհստակեցվեն զեղչերի կիրառման պայմանները, զեղչերի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները և ժամկետները։
«Եթե խանութը զեղչում է տեսականու մի որոշ հատվածը, նշանակում է, որ այդ խանութի հագուստների առնվազն 1/5-րդը պետք է բավարարի այդ զեղչի չափին։ Եթե ասվում է՝ մինչև 50 տոկոս զեղչ, նշանակում է, որ ապրանքների 1/5-րդը պետք է բավարարեն այս 50 տոկոսին, չի կարող 1-2 ապրանքի վրա լինել 50 տոկոս զեղչ և հայտարարվի, որ խանութում աննախադեպ զեղչեր են։ Հաջորդ կարգավորումը զեղչի մասին հայտարարությունների տառաչափին է վերաբերում։ Գրվածի տառաչափերի տարբերությունը պետք է լինի 1/2 հարաբերությամբ։ Գործնականում բոլորս էլ հանդիպել ենք, որ զեղչերի մասին հավելյալ տեղեկությունները շատ մանր են գրվում և սպառողը խնդիրին բախվում է դրամարկղում»,– բացատրում է Մարկոսյանը։
Սպառողը հաճախ է ծուղակում հայտնվում,– նկատում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը։ Ասում է՝ վերջին տարիներին շատ բան է փոխվել, շատ խնդիրներ լուծվել են, բայց իրավիճակը դեռ շտկումների կարիք ունի։ Ըստ Պողոսյանի, առաջնայինը զեղչված և չզեղչված ապրանքների մասին բարեխղճորեն իրազեկելն է՝ հստակ տարբերակմամբ․
«Եթե կան ապրանքներ, որոնց վրա զեղչը չի տարածվում, պետք է շատ հստակ երևա, թե որ մասին է զեղչը վերաբերում»,– նկատում է Սպառողների ասոցացիայի նախագահը։
Սպառողին մոլորեցնելու մի տարբերակ էլ ժամկետանց ապրանքը ցուցափեղկի առաջին շարքերում դասավորելն է․ նորերը դրվում են հետևում․ զգուշացնում է Սպառողների ասոցիացիայի նախագահը։ Ասում է՝ այս հարցը կարգավորելու բազմաթիվ տարբերակներ են առաջարկել․
«Շատ լավ կլինի, որ այն սննդամթերքը, որը դեռ ժամկետի մեջ է, բայց ավարտին մոտ է, առանձին ցուցադրվի, և բացահայտ ասվի, որ այս ապրանքները կարելի է գնել, օրինակ, կես գնով։ Վստահաբար, հատկապես, սոցիալապես անապահով խավի համար սա շահավետ լուծում է»,– ասում է Արմեն Պողոսյանը։
Սպառողների ասոցացիան օրական մոտ 10 բողոք է ստանում։ Արմեն Պողոսյանն ասում է՝ դրանք հիմնական վերաբերում են ՀԴՄ կտրոններին․ կտրոնի և գնապիտակի վրա տարբեր գներ են նշվում։ Զրուցակիցս խորհուրդ է տալիս նման դեպքերում խնդրել հաշվել ևս մեկ անգամ։







