
Փետրվարի 3-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի Հայաստան այցին։
Նա ընդգծել է, որ այս այցն ուներ յուրահատկություն, քանի որ արդեն հնարավոր է արձանագրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի առաջին գործնական արդյունքները։
«Երեկվա այցը կրում էր բացառապես գործնական բնույթ՝ նվիրված Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցմանը»,-նշել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ երկաթգծի կառուցման համար պայմաններն արդեն իսկ ձեռք են բերվել։ Հայաստանում այն կգործի հայկական օրենսդրության, իսկ Ադրբեջանում՝ ադրբեջանական օրենսդրության շրջանակներում։
«Օվերչուկի այցն ուղղված էր այս նախագծի իրականացմանը։ Մենք արդեն քննարկում ենք տեխնիկական հարցեր՝ նախագծում, ֆինանսավորում և շինարարության մեկնարկ»,-հավելել է վարչապետը։
Հայաստանը և Ադրբեջանը կապող Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման որոշումը հաստատել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը 2021 թվականի դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո։
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (ՀԿԵ, «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկություն) կշահագործի Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին, նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։




