ԿարևորՀասարակություն

Խնածախցի երեխաները զինվոր ու «զինվորի բժիշկ» են դառնալու

Գորիսի տարածաշրջանի Խնածախ գյուղում 44-օրյա պատերազմից հետո կյանքը փոխվել է՝ մարդիկ ավելի զգուշավոր ու զգոն  են դարձել։ Սահմանամերձ գյուղի կարգավիճակ ստանալուց հետո պետությունը որոշ չափով հոգում է բնակիչների սոցիալ–տնտեսական հարցերը, բայց խնածախցիներին մտահոգողը անվտանգային հարցերն են։

Մեկ օրում սահմանամերձ դարձած Խնածախում գյուղացիները ավելի զգույշ են դարձել։ Կատակում են՝ նույնիսկ խմելն են մոռացել, անգամ ուրախ առիթներին չեն խմում.

«Ստեղ ո՞վ ա արաղ-մարաղ խմում, հանկարծ խմեցիր, ճանապարհը մոռանում ես, դեպի իրենց  ես գնում, խմելն ենք թարգել»։

Խնածախցի 23-ամյա Գալուստ Աբրահամյանի կյանքը պատերազմից հետո շատ չի փոխվել։ Բայց հիմա ամեն օր հակառակորդի դրոշն է տեսնում ու վերևի ճանապարհով գյուղ մտնող անծանոթներին  հուսադրում։

«Քաղաքից մարդ էր եկել, թուրքի դրոշը տեսան , ավտոյից չիջան,  փախան, մեկ էլ վատն այն է, որ գիտես մեր տարածքն է, գնում ես՝ իրանք գալիս, ասում են՝ մերն է»։

Գյուղում հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: 44-օրյա պատերազմից հետո գյուղացիներից շատերն  իրենց անասուններն են վաճառել արոտավայրերի պակասի պատճառով։ Դերենիկ Դարչյանը 2020 թվականի նոյեմբերին Քաշաթաղից  տեղափոխվել է Խնածախ, որտեղ պապական տուն ունեին։ 35 կովից հիմա 3-ն է մնացել։։ Նախ՝ խոտն է թանկացել, հետո էլ գյուղի արոտավայրերից 22 հեկտարը մնացել է  ադրբեջանցիներին անցած տարածքում, իսկ 15 հեկտարն էլ նրանց  դիտակետում է, անվտանգ չէ։ Դերենիկ Դարչյանին լսենք։

«Տարածք չկա, արոտավայր չկա, առու չկա, հենա դրոշը գյուղի վերևը դրած, լրիվ դիտարկվում ա, դիտակետերը դրած, պոստերը առանձին՝ վրանները խփած։ Կարող ա մի քարով էլ խփի գլխիդ, մնաս տեղնուտեղը»։

Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանի տունը գյուղի վերևում է՝ ադրբեջանական դիտակետից 200 մետր հեռավորությամբ։ Ասում է՝ սկզբում հոգեբանորեն դժվար էր, հիմա համակերպվել են, այլ ելք չունեն։ Սեյրան Միրզոյան

«Ես իմ հայաթում ինչ անում եմ , տեսնում են։ Ամեն ինչ դիտարկում են։Լուրջ խնդիրներ կային , գիշերները երեխաները չէին քնում, հիմա համակերպվել են, մանավանդ որ կրակոցներ չկան, խախանդ է, նույն առօրյան է, որով ապրում  էինք նախկինում»։

Խնածախը գազաֆիկացված է, ջրի խնդիր համարյա չունեն, սահմանամերձ գյուղի արտոնություններից օգտվում են՝ հողի հարկը, ծախսած էլեկտրաէնեգիայի, գազի   դիմաց պետությունը փոխհատուցում է։ Սակայն խնածախցիներին մտահոգող գլխավոր հարցը անվտանգությունն է։ Սուրեն Անդրյանը 3 երեխա ունի։ Ասում է՝ ինչ էլ լինի, չի լքի գյուղը․

«Ստեղ կարևորը էն ա՝ որ կառավարությունն ա, թե Ամերիկան ա՝ ժողովրդին մի քիչ լավ նայեն, որ ժողովուրդը ավելի դուխով լինի»։

Վարչական ղեկավարը չի հերքում՝ երեք ընտանիք գյուղից հեռացել է․ տեղափոխվել են քաղաք։ Սա արտագաղթ չի համարում։ Գյուղն այսօր 158 տնտեսություն ունի, 550 բնակիչ։ Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին, ապա զորքերի հայելային հետքաշումը որոշ չափով լուծելի  տարբերակ է համարում, բայց չի պատկերացնում, թե Խնածախի վրա դա ինչպես կազդի։ Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյան.

«Էս պահին մեր մոտ էն կարգի խուճուճ է, չենք էլ կարա փշալարերով պատել։ Գյուղի սահմանը 25 կմ է նրանց հետ»։

Հրաժեշտ ենք տալիս խնածախցիներին։ Գյուղից դուրս գալիս երեխաներին ենք հանդիպում։ 9-ամյա Գոռը բանակում ծառայելուց հետո ֆուտբոլիստ է դառնալու, Ալենը՝ զինվորական, իսկ 10-ամյա Անուշը «զինվորի բժիշկ»։ Բոլորն իրենց աշխատանքը Խնածախում են պատկերացնում։

Կարդացեք նաև

Back to top button