ԿարևորՄշակույթ

Հայ ուրարտագետները՝ Լուվրում, ֆրանսիացի վերականգնողները՝ «Էրեբունի»-ում․ թանգարանները կհամագործակցեն

Շուրջ 800 տարի առաջ այն կառուցվեց Սեն գետի և Ռիվոլ փողոցի արանքում և դարձավ Փարիզը պաշտպանող գլխավոր ամրոցը։ 19-րդ դարում ամրոցը վերածվեց թանգարանի․ այսօր, 35 հազար ցուցանմուշներով, Լուվրը համարվում է աշխարհի ամենաշատ այցելու ունեցող թանգարաններից։ Տարեկան այս թանգարանն ընդունում է շուրջ 10 միլիոն այցելու։

Լուվրի թանգարանում Մերձավոր և Միջին Արևելքի հին քաղաքակրթություններին նվիրված բաժին կա, իսկ այստեղ՝  ուրարտական ժամանակաշրջանի առանձին ցուցադրություն՝ սաղավարտ, օձաձև ապարանջան և անգամ բրոնզե եռոտանի։ Ցուցափեղկերից շատերին գրված է՝ «հայտնաբերվել է Հայաստանում», հաճախ էլ հարցական է դրված․ պարզ չէ, թե որտեղ են հայտնաբերվել այդ հնագույն ցուցանմուշները։ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը ենթադրում է, որ դրանք արևմտյան Հայաստանից են։ Նա և ԿԳՄՍ նախարարության պատմամշակութային ժառանգության գիտահետազատոկան կենտրոնի տնօրեն Խաչիկ Հարությունյանը օրերս են վերադարձել Ֆրանսիայից։

«ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան և Ֆրանսիայի ժառանգության ինստիտուտի աջակցությամբ, Խաչիկ Հարությունյանի հետ գործուղվել ենք Ֆրանսիա, շատ կարևոր համագործակցության պայմանավորվածություն ենք ձեռք բերել Լուվրի թանգարանի հետ։ Հանդիպեցինք Լուվրի արևելյան հնությունների դեպարտամենտի ղեկավար Արիեն Թոմայի և վերջինիս տեղակալ Վենսան Բլանշարի հետ։ Պայմանավորվեցինք համագործակցել։ Լուվրն աջակցելու է «Էրեբունի»-ի ցուցադրության փոփոխության հարցում»,- ասում է Միքայել Բադալյանը։

Ֆրանսիացի գործընկերները դրական են արձագանքել ներկայացված  առաջարկություններին։ «Լուվրում ուրարտագիտության զարգացման ուղղությամբ բավականին մեծ հետաքրքրություն կար»,-ասում է Միքայել Բադալյանը։ Պայմանավորվել են, որ հայ ուրարտագետներն էլ կմեկնեն Լուվր՝ փորձի փոխանակման։ Աշխարհում ուրարտագետների վերապատրաստման մեջ հայկական գործոնը շատ կարևոր է։

«Աշխարհում շատ քիչ կան ուրարտագետներ։ Մեր բազմաթիվ ավագ գործընկերներ, ցավոք, հեռացան։ Մի մասն էլ արդեն բավական ծեր են, քիչ են գործունեություն ծավալում։ Ուրարտագետների թիվը գնալով նվազում է։ Նրանք  հիմնականում կենտրոնանում են Հայաստան-Թուրքիա առանցքի շուրջ, և միջազգային գործընկերների համար մի օր կամ Հայաստանն է դառնալու ուրարտագիտության կենտրոն, կամ Թուրքիան։ Մենք հիմա փորձում ենք անել ողջամիտ քայլեր, որոնք կլինեն հօգուտ Հայաստանի»,-նշում է Բադալյանը։

Բադալյանի դիտարկմամբ՝ թանգարանաֆիկացման գործը Հայաստանում խնդիրներ ունի, ու դրա համար են համագործակցելու Լուվրի հետ։ Նրանք Երևան են ուղարկելու թանգարանային ցուցադրությունների մասնագետներ։ Իրենց փորձով կիսվել ցանկացող ուրարտագետներ Հայաստանում կան, իսկ ուրարտական որմնանկարներն ու ուրարտական ժամանակաշրջանից մնացած տեքստիլը վերականգնող մասնագետներ չունենք։ Միքայել Բադալյանն ասում է՝ սպասում ենք նաև ֆրանսիացի վերականգնողների։

««Էրեբունի»-ն ունի ուրարտական ամենամեծ որմնանկարնեի հավաքածուն։ Ունենք փայտե իրերի հավաքածու, տեքստիլի հավաքածու և չունենք մասնագետներ՝ դրանց պատշաճ պահպանումը կազմակերպելու համար։ Համագործակցության շրջանակում մեր մասնագետները կվերապատրաստվեն, որովհետև եթե չվերականգնենք ուրարտական շրջանի որմնանկարները, դրանք ուղղակի կկործանվեն։ Մայիս ամսին կունենանք վարպետաց դասեր, որոնք կիրականցնենք ՌԴ ռեստավրացիոն ինստիտուտի աջակցությամբ։ Ուրարտական որմնանկարների հայտնի վերականգնող է ժամանելու Հայաստան։ Այս համագործակցությունը շատ կարևոր է՝ Հայաստանը որպես ուրարտական կենտրոն ներկայացնելու հարցում»,- նշում է Բադալյանը։

Միքայել Բադալյանը համոզված է, որ «Էրեբունի»- Լուվր համագործակցությունը լինելու է փոխշահավետ։ Մեզ համար, մասնավորապես, կարևոր է լինելու թանգարանային նմուշների պահպանության և վերականգնման ֆրանսիական մեթոդի յուրացումը։

Կարդացեք նաև

Back to top button