
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին։
«Նախագահի թեկնածուի առաջադրման վերաբերյալ քննարկումը երկար է եղել, տարբեր փաստարկներ են բերվել: Երկար քննարկումներից հետո այդ որոշումը կայացրեցինք»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Ազգային ժողովի նախագահ, ՀՀ նախագահի պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը:
Ըստ Սիմոնյանի՝ Վահագն Խաչատուրյանը իր անցած ճանապարհով և պարկեշտությամբ համապատասխանում է պաշտոնին և բավականին լավ կիրականացնի իր պարտականությունները:
«Եղել է նաև իմ թեկնածության հարցը, բայց ես ինքնաբացարկ եմ հայտնել»,-նշել է Սիմոնյանը:
Վահագն Խաչատուրյանը ծնվել է 1959 թ. Սիսիան քաղաքում։ 1976 թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցը, 1976-1980 թթ.՝ Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետ որակավորմամբ։ 1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1990-1995 թթ.-ին եղել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1992 թ. դեկտեմբերի 22-ից 1996 թ. փետրվարի 22-ը` Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ, 1995-1999 թթ.-ին` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 1996-1998 թթ.-ին` ՀՀ նախագահի խորհրդական։ 2021 թ-ի օգոստոսի 4-ից զբաղեցրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնը։




