
Ասպրամ Ավանեսյան
Արցախի հանրային ռադիո
Արցախի Հանրապետության ԱԺ-ի խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ օրակարգ է մտել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ։ Ի՞նչ օրինագծի մասին է խոսքը և ի՞նչ խնդիր է այն լուծելու։
Օրինագծի մշակմանը մասնակցել են ԱԺ բոլոր հինգ խմբակցությունները։ Սա մի հարց է, որի շուրջ տարաձայնություններ չեն կարող լինել՝ «Դաշնակցություն» խմբակցությանն ղեկավար Արթուր Մոսիյանն է ասում․ «Օրենքի անհրաժեշտությունը կա, կարելի է ասել նաև, որ այն ուշացած է։ Ադրբեջանը՝ Թուրքիայի և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների օգնությամբ պատերազմ է սկսել ու օկուպացրել է Արցախի հանրապետության զգալի մասը և անհրաժեշ է, որ մենք խոսենք այդ տարածքների իրավական կարգավիճակի մասին, մեր հայրենակիցների իրավունքների մասին․ կլինի դա կյանքի իրավունք, գույքի իրավունք և այլն»։
Օրենքը տարածվելու է ԱՀ Սահմանդրությամբ ամրագրված և 2020 թ պատերազմից առաջ էլ օկուպացված տարածքների վրա. «ԼՂԻՄ հասկացություն մենք չունենք, մենք ունենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և ԼՂՀ Սահմանադրություն, որի 175-րդ հոդվածում ասվում է, որ մինչև մեր տարածքների վերադարձը և սահմանների ճշգրտումը, հանրային իշխանությունը տարածվում է այն տարածքների վրա, որանք գտնվում են մեր իրավազորության ներքո։ Դժբախտաբար պատերազմից հետո մեր իրավազորության ներքո են գտնվում այն տարածքները, որոնք հիմա կան, բայց մնացած տարածքները պետք է ունենան կարգավիճակ»։ Օրենքով հստակ կարգավիճակ է տրելու Արցախյան 3 պատերազմիների արդյունքում բռնազավթված տարածքներին՝ ասում է «Ազատ Հայրենիք, ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։
«Օրենքը իրավական հիմք է սահմանում մեր համար։ Այդ տարածքներում սահմանվելու է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները, մարդու և քաղաքացու իրավունքների, իրավաբանական անձանց իրավունքների և շահերի պահպանման պաշտպանության առանձնահատկությունները»։
«Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ օրենքը նաև գնահատական է՝ այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում մեր հայրենիքի բռնազավթված հատվածում.
«Մեկ տարուց ավել է մենք անընդհատ լսում ենք կոչեր, որ հրավիրում են միջազգային կազմակերպությունների՝ ներդրումներ կատարելու և ինչ-որ գործառույթներ իրականացնելու։ Այս իրավական ակտով հաստատում ենք, որ որևէ մեկը, եթե իր գործողությունները չի հանմաձայնեցնում հայկական կողմի հետ, ապա այդ գործողությունները համարվում են ոչ իրավաչափ»։
Օրենքը երկու կողմ ունի։ Առաջին հերթին այն ուղղված է մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, երկրորը՝ մեսիջ է միջազգային հանրության համար։ Գագիկ Բաղունցը նշում է, որ բնականաբար, մոտ ժամանակներս այն որևէ արդյունք չի տա։ Բայց նրա առկայությունը կարևոր է՝ հետագայում՝ ավելի բարենպաստ աշխարհաքաղաքական պայմաններում, ակտիվ գործելու համար։
«Երբ միջազգային իրավական դաշտում հարցի քննարկումներ լինեն, մենք այն ժամանակ հիմք կունենանք և կարողանանք հղում կատարել այս օրենքի վրա»։
ԱԺ-ը առաջին ընթերցմամբ օրինագիծը կքննարկի փետրվարի 16-ին։ Երկրորդ ընթերցումն ու ընդունումը նախատեսված է Արցախյան շարժման 34—րդ ամյակին ընդառաջ՝ փետրվարի 18-ին։




