Ինչպե՞ս արվեստի գործը, ստեղծագործությունը դարձնել առավել հասանելի, ի՞նչ է հարկավոր դրա համար՝ միջավա՞յր, շուկա՞, քարոզչությու՞ն։ Մետաքսագրության արվեստանոցի հիմնադիր, արվեստագետ Մերի Մունը գտնում է, որ դա նախևառաջ հնարավոր է արվեստի գործերի տպագրության և տարածելու միջոցով։
Իր հիմնած Մետաքսագրության արվեստանոցի նպատակը հենց դա է: «Տպագրությունն իմ կարծիքով նախ զարգացնում է կիսելու, տարածելու գաղափարը։ Այս տեխնիկան թույլ է տալիս և հեշտացնում է գաղափարի ակտիվացումն ու տարածումը։ Երբ մենք խոսում ենք, որ «փակ» ենք, դա նաև նշանակում է, որ մեր արվեստի գործերը դուրս չեն գալիս այս տարածքից», – ասում է արվեստագետը։
Մետաքսագրության արվեստանոցը հիմնվել է 2018 թվականին։ Արվեստանոցը զբաղվում է արվեստագետների ստեղծագործությունների տպագրությամբ, գործերը ներկայացնելու և տարածելու ճանապարհներ է փնտրում, նպաստում է գեղարվեստական տպագրության՝ բացիկների, ազդագրերի մշակույթի զարգացմանն ու տարածմանը։
Խոսելով իր կազմակերպած «Տպագրությունն էական է» վերնագրով ցուցահանդեսի մասին, Մերի Մունն ասում է. «Տպագրությունն, իսկապես, էական է։ Անընդհատ մտածում եմ, թե ինչո՞վ է էական և միակ պատասխանն այն է, որ գործերը շատ տպելու, կիսելու և այս տարածքից դուրս հանելու իմ նպատակը իրագործելու մեջ է»։