
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Ինչո՞ւ քաղաքացիական հասարակությունը ակտիվ մասնակցություն չի կարողանում ունենալ օրենքների նախագծերի մշակման գործում: Պետական կառույցների հետ համագործակցության հանրային ցանցի համակարգող Թամարա Աբրահամյանը Մամուլի ազգային ակումբում այսօր նշել է այն խոչընդոտները, որոնք խանգարում են, որպեսզի մասնակցեն հանրային քննարկումներին։
Թամարա Աբրահամյանը դժգոհ է մասնակցության չափից, հկ-ների գործունեությունը բավարար չեն գնահատում նաև պետական կառույցներում, քանի որ քաղ. հասարակությունը բավականին պասիվ է օրենքներին նախագծերի մշակման գործընթացներում: «Արազա» հասարակական բարեգործական կազմակերպության նախագահը նշում է, որ պատճառները հիմնավոր են։ Օրինակ՝ իրենց նախապես 10-15 օր առաջ չի հաջողվում ճշտել, թե օրենքի այս կամ այն նախագիծը, կամ որոշումը երբ է քննարկվելու ԱԺ-ում կամ կառավարությունում, որպեսզի կարողանան պատրաստվել դրան: Տեղեկատվության մատչելիության պակասը խոչընդոտում է աշխատանքին։ «Նիստերի մասին իմանում ենք 3 օր առաջ ու չենք կարողանում պատրաստվել։ Դա խոչընդոտում է մեր աշխատանքին: Մերձբալթյան երկրներում նախապես 15 օր առաջ են տեղեկանում»,- ասում է նա։
Այս և մի շարք այլ խոչընդոտող հարցեր հաշվի առնելով՝ առաջարներ են ներկայացվել ԱԺ-ին և կառավարությանը։ Հանրային կառավարման անկախ փորձագետ Տիգրան Գրիգորյանն էլ օրենքի նախագծերի ու որոշումների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացրեց։ Նա նշում է, որ պետք է օրենսդրական ակտի ազդեցությունը մոնիտորինգի ենթարկվի ու փաստերով ներկայացվի օրենսդիրին կամ գործադիրին։




