ԿարևորՀասարակություն

Ինչո՞վ փոխարինել պոլիէթիլենային տոպրակները․ տնտեսուհիները մտահոգվում են, բնապահպանները՝ խոսում ջրում լուծվող տոպրակների մասին

Խանութներում անվճար կամ տասը դրամի դիմաց տրամադրվող պոլիէթիլենային տոպրակներին հունվարի 1-ից կփոխարինեն կենսաքայքայվող տոպրակներ, որոնք, սակայն, քաղաքացու գրպանին էժան չեն նստի․ կարժենան 60 դրամ։ «Ռադիոլուր»-ին Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը հայտնում է՝ 2022 թ. հունվարի 1-ից առևտրի իրականացման վայրերում արգելվում է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների վաճառքը։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում խանութներում մնացած պոլիէթիլենային տոպրակների խմբաքանակին․ Ավետիսյանը մանրամասնում է․

«Տնտեսվարողների մոտ առկա որոշակի քանակության տոպրակների հետագա ճակատագիրն, այսպես ասած, մնում է տնտեսվարողի վրա, որովհետև դրանց թե վաճառքը, թե ուղղակի անվճար իրացումն արգելվում է»,-ասում է Լուսինե Ավետիսյանը։

Աղբի համար նախատեսված տոպրակները դուրս չեն գա շուկայից, քանի որ դրանք արդեն իսկ վերամշակված են։ Դուրս չեն գա նաև կշռափաթեթավորման տոպրակները, որոնք նաև ունեն սանիտարահիգիենիկ դեր՝ ասում է Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետը։

Հունվարի մեկից մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակ վաճառելու համար տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամով։ Տուգանքը գործում է միայն տնտեսվարողի համար, ոչ արտադրողի, ոչ էլ քաղաքացու՝ շեշտում է Ավետիսյանը։

Պոլիէթիլենային տոպրակ արտադրողների հետ նախարարությունը նախորդ տարի պարբերաբար հանդիպել է։ Հայաստանում 40 այսպիսի արտադրող կա, որոնցից 10-ն ունի  արտադրական լայն ծավալներ։ Արտադրողները հայտնել են իրենց դժգոհությունը արտադրական ծավալների կրճատումից, աշխատակիցների քանակի կրճատումից։ Նախարարությունը արտադրամասերի ղեկավարներին առաջարկել է վերապրոֆիլավորել աշխատակիցներին և օգնել է սարքավորումների հարցում, որպեսզի պոլիէթիլենի փոխարեն սկսվի կենսայքայվող տոպրակների արտադրություն։ Այս պարագայում էլ սակայն արտադրողը պետք է ուշադիր լինի:

«Երկու տեսակի տոպրակներ կան պոլիէթիլենին այլընտրանք՝ օքսիքայքայվող և կենսաքայքայվող տոպրակներ։ Օքսիքայքայվող տոպրակներ արտադրելը ևս արգելված է, քանի որ դրանք քայքայվում են և վերածվում միկրոպլաստիկի, իսկ կենսաքայքայվող տոպրակները պոլիէթիլեն չեն պարունակում»,-ասում է Լուսինե Ավետիսյանը։ 

Կենսաքայքայվող տոպրակները կամ էկոպայուսակները պոլիէթիելենի այլընտրանքն են՝ ասում է «Յունիթրեյդ ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ավետիս Վարոսյանը։ Ընկերությունը զբաղվում է կենսաքայքայվող տոպրակների և դրանց հումքի ներկրմամբ:

«Բազմակի օգտագործման կենսաքայքայվող տոպրակները մինչև 15 կգ տարողունակություն ունեն, և դրանք կարելի է օգտագործել մոտ 1 ամիս։ Արժեն մոտ 700 դրամ, և երբ պիտանի չլինեն, կարելի է ուղղակի թեյնիկի մեջ ջուր եռացնել, տոպրակը դնել ջրի մեջ և այն կքայքայվի՝ ջրին բացարձակ վնաս չհասցնելով, դրանով հետո ծաղիկներ էլ կարող եք ջրել»,-ասում է Ավետիս Վարոսյանը։

Աշխարհում տարեկան սպառվում է շուրջ 5 տրիլիոն պոլիէթիլենային տոպրակ, որոնք  քայքայվում են մի քանի հարյուր տարում և վնասում բնությունը։ Աղբավայրերում հատկապես պլաստիկի այրման հետեւանքով առաջացած թունավոր գազերը լուրջ վտանգ են հանրային առողջության համար։ Հայաստանի բաժինը պոլիէթիլենային տոպրակների այս ահռելի քանակից տարեկան  մոտ 12 տոննա է։

Բնապահպան Սիլվա Ադամյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում շեշտում է՝ Հայաստանում ու առհասարակ ողջ աշխարհում առաջնահերթ պետք է լինի պոլիէթիլենային տոպրակների վերամշակման հարցը։ Ըստ հաշվարկների՝ եթե աշխարհը համապատասխան քայլեր չձեռնարկի, 2050 թվականին համաշխարհային օվկիանոսում ավելի շատ պլաստիկ կլինի, քան ձուկ։ Սիլվա Ադամյանի կարծում է՝ տոպրակները պետք է շատ թանկ լինեն, օրինակ է բերում Գերմանիան, որտեղ պոլիէթիլենային տոպրակի գինը 10-15 եվրո է, իսկ գերմանացիներն էլ վաղուց հրաժարվել են դրանց օգտագործումից․

«Բոլոր խանութներում պոլիէթիլենային տոպրակներն այնքան թանկ պետք է լինեն, որ մարդիկ գերադասեն իրենց հետ իրենց տոպրակը կամ պայուսակը բերել»,-ասում է բնապահպան Սիլվա Ադամյանը։

Պլաստիկի օգտագործումը կրճատելու քաղաքականությունը Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակելու է նաև 2022-ին։ Նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանի խոսքով՝ պոլիէթիլենային տոպրակներից հետո հաջորդ թիրախը մեկանգամյա օգտագործման պլաստիկ  սպասքն է։

Կարդացեք նաև

Back to top button