
2022թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները, խնամքի նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով։
Անկանխիկ վճարումների անցումն առաջին փուլով արդեն տեղի է ունեցել 2021 թվականին, ըստ որի՝ 2021թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում նշված վճարատեսակները սկսել են վճարվել անկանխիկ եղանակով։ Վճարող կազմակերպությունն ընտրելու համար կենսաթոշակառուներն ու նպաստառուները պետք է դիմեն Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներից բացի, մյուս քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուները, վճարող կազմակերպությունն ընտրելու համար 2021թ․ դեկտեմբեր ամսվա ընթացքում պետք է անձամբ դիմում ներկայացնեին Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Անկանխիկի անցման դրույթը վերաբերվում է մինչև 75 տարեկան, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն չունեցող անձանց։
Այն կենսաթոշակառուները, ովքեր պետք է ընտրեն վճարող կազմակերպություն, սակայն դեկտեմբերին չեն դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն, 2022 թվականի հունվար ամսվա իրենց կենսաթոշակը կստանան ծրագրային մոդուլի կողմից պատահականորեն ընտրված բանկի կամ Ազգային օպերատորի (ՀայՓոստի) միջոցով։
Այս դեպքում, ինչպես նաև ցանկացած այլ դեպքում բանկ կամ Ազգային օպերատոր (ՀայՓոստ) ընտրելուց հետո կենսաթոշակառուները կարող են դիմել ՄՍԾ և փոխել վճարող կազմակերպությունը։




