
Իսրայելական դատարանը մեղադրանք է առաջադրել անօդաչու թռչող սարքեր արտադրող այն ընկերությանը, որը կասկածվում էր հայկական դիրքերի դեմ ԱԹՍ կիրառելու մեջ։ Ընկերության և դրա 3 բարձրաստիճան աշխատակիցներ մեղադրվում են պաշտպանողական արտադրանքի արտահանումը կարգավորող օրենքը խախտելու համար։
Այս մասին տեղեկացնում է իսրայելական Haaretz պարբերականը: Քրեական գործի մանրամասները թերթը չի հաղորդում` վկայակոչելով դատարանի համապատասխան արգելքը։
Ռազմական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը հիշեցնում է՝ սա հենց այն ընկերությունն է, որը 2017թ սկանդալի կենտրոնում էր հայտնվել, երբ մամուլը պարզել էր, որ ընկերության աշխատակիցներն Ադրբեջան այցի ընթացքում հարվածային անօդաչու սարքերի կարողությունները ադրբեջանական կողմին ցուցադրել էին հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով: Փորձագետը կարծում է, որ դատական գործընթացի հիմքում հենց այս միջադեպն է։
«Խոսքը հավանաբար այն մասին է, որ այդ ընկերության մասնագետները մատակարարվելիք զինատեսակները փորձարկել են հայկական զորքերի ուղղությամբ, ինչն իսրայելական օրենքներով արգելված է, դրա իրավունքը իրենք չունեին։ Նույնիսկ եթե կոնֆլիկտի կողմ հանդիսացող երկրի զենք են մատակարարում, ապա դա չի նշանակում և չպետք է նշանակի, որ նրանք ինչ-որ մասնակցություն պետք է ունենան այդ կոնֆլիկտին»,-ասում է Ռուբեն Մեհրաբյանը։
Դեռ 2017-ին Իսրայելի պաշտպանության նախարարությունը հետաքննություն էր սկսել բողոքի հիման վրա, ըստ որի՝ Aeronautics-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում փորձարկել էին կամիկաձե դրոնները՝ հարձակում գործելով հայկական բանակի դիրքերի նկատմամբ: Aeronautics ընկերությունը հերքել էր տեղեկությունը, թե իր աշխատակիցները երբևէ նման փորձարկում են արել: Ընկերությունից հայտնել էին, թե իրենք երբեք, մեջբերում, «անօդաչու սարքերի փորձարկումներ չեն իրականացնում կենդանի թիրախների վրա»:
«Արդարադատությունը բոլոր դեպքերում պետք է հաղթանակի, և օրենքը խախտողը պատժվի, ամենակարևորը՝ այդ դատավճիռը պետք է լայնորեն քննարկվի հենց իսրայելական հասարակության և քաղաքական դասի շրջանում։ Առհասարակ, Իսրայելի զինամատակարարումներն Ադրբեջանին պետք է դառնան քննարկման առարկա, պետք է միշտ նշվի հարցի բարոյական կողմը»,-ասում է ռազմական փորձագետը։
Դեկտեմբերի 29-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Իսրայելում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել ԱԳՆ Մերձավոր Արևելքի, այնուհետև՝ Ամերիկայի վարչության պետ, Բրազիլիայում Հայաստանի արդեն նախկին դեսպան Արման Հակոբյանը։ Մեհրաբյանն ասում է՝ սա շատ կարևոր քայլ է, և հենց այս պահին Հայաստանի արտաքին դիվանագիտության համար կարևոր թիրախ պետք է լինի Ադրբեջանին իսրայելական զենքերի մատակարարման սահմանափակումը։
«Զենք մատակարարելն, ի վերջո, միայն բիզնես չէ, խոսքը բանջարեղենի առևտրի մասին չէ․ բարոյաքաղաքական ծանրացուցիչ հանգամանքներ կան»։
Մեհրաբյանը հիշեցնում է՝ 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական կողմի դեմ կիրառված զենքերի աշխարհագրությունը բավականին լայն էր, մասնավորապես, ռուսական, բելառուսական, թուրքական ու չեխական արտադրության զենքերի կողքին իսրայելական ԱԹՍ-ներն ու հթիռներն էին, որոնցով հատկապես մեծ վնաս էր հասցվում խաղաղ բնակչությանն ու քաղաքներին։






