ԿարևորՏնտեսական

Անցնող 2021-ի 21 հիմնական տնտեսական ցուցանիշերը

Փորձագետներն ու թվերը հուշում են՝  2021 թվականի տնտեսական տարին կարող էր ավելի լավը լինել, բայց եւ անմիջապես թվարկում են տնտեսական ցուցանիշերի վրա բացասաբար ազդած գործոնները՝ համավարակ, պատերազմ, արտահերթ խորհրդարանական ընտրություններ,աշխարհաքաղաքական զարգացումներ։ Տնտեսական 21 փաստ անցնող 2021-ին․ ուշագրավ մանրամասները՝ ռեպորտաժում։

Համավարակն ու պատերազմը ակնկալվող տնտեսական ցուցանիշերում բեկում մտցրին։ Բայց վիճակագրությունը փաստում է՝ տնտեսությունը դանդաղ, սակայն վերականգնվում է։  2021-ի տարեսկզբին Համաշխարհային բանկի  փորձագետները  Հայաստանի համար տնտեսական աճի մոտ 3 տոկոս աճ էին  կանխատեսում։ Իսկ տարվա ավարտին արդեն իրական ՀՆԱ-ն գնահատվեց 6․5 տոկոս աճով։ էկոնոմիկայի նախարարը շեշտում է՝  երկնիշ տնտեսական իրական աճի խոստումն ուժի մեջ է։

«Անվանական տնտեսական աճը կլինի ոչ թե երկնիշ, այլ՝ 13–14 տոկոս»։

Երկնիշ աճ տարվա ընթացքում ունեցանք՝ գնաճի տեսքով։ Տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրացան։ Այս չակերտավոր շքերթում իր տեղն այդպես էլ չզիջեց բանջարեղենը՝ գրեթե 60 տոկոսին մոտ գների բարձրացում 12 ամսվա ընթացքում։ Կառավարությունում բացատրում են՝ հայկական թարմ պտուղ-բանջարեղենի պահանջարկն էր ավելացել արտերկրում․ վերջին տվյալներով՝  ավելի քան  200 հազար տոննա պտուղ-բանջարեղեն է արտահանվել՝  38,5%-ով ավելի,  քան 2020 թ․ և 41,3%-ով ավելի, քան 2019 թ․-ին։ Արտահանման առաջատարներն են կարտոֆիլը, ծիրանը և լոլիկը։  

Բարձր գնաճի պատճառով նվազեց գնողունակությունը, տարբեր հաշվարկներով՝ մոտ 10 տոկոսով։ Փոխարենն, ըստ վիճակագրության, տարվա ընթացքում աշխատավարձերն ու աշխատատեղերն ավելացան։ Նախորդ տարվանից 32 հազարով ավելի աշխատատեղերը հիմնականում առևտրի, ապա՝ միկրոձեռնարկատիրության, հանրային սննդի և հանգստի կազմակերպման ու  առողջապահության ոլորտներում են։ Վարչապետի արձանագրումը․

«Մի քանի ամիս շարունակում ենք արձանագրել, որ մեր երկրում աշխատատեղերի թիվն աճում է»։

Աշխատատեղերի ու աշխատավարձի աճը բարձրացրեց պետբյուջեի եկամուտները։ Տնտեսագետ Համլետ Մկրտչյան․  

«2021թ հունվար-հոկտեմբերին բյուջեի եկամուտները կազմել են  1 տրիլոն 279 մլրդ դրամ։

2021-ին  Հայաստանի 1000 խոշոր հարկատուները 10 տոկոսով ավելի շատ գումար վճարեցին բյուջեին՝ իրենց ուսերին վերցնելով ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 77 տոկոսը։ Որոշակիորեն նվազեցին  մաքսային վճարները՝ 15․9 տոկոս՝ նախորդ տարվա  16․5 -ի փոխարեն։
Որքան շատ աշխատատեղ, այդքան շատ  հարկ։ Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն էլ փոխվեց։

«Դեռ առաջին ինն ամիսների վիճակագրությունն է ամփոփված։  Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը   26․8 տոկոս է»։

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի վերջնական տվյալները կամփոփվեն 2022-ին։ Տարեվերջի դրությամբ  ցուցանիշը 4760 դոլար է՝ 2021–ի ինն ամսում՝ 3360 դոլար։ Մի շտապեք եզրակացնել, թե դրանք նվազել են ։ Թվերն անհամեմատելի են․

«Չենք կարող թվերը համեմատել, քանի որ  2020–ի 12–ամսյա ցուցանիշն է,  2021 համար՝ ինն ամիսը»։

Անցնող տարում քաղաքացու գնողունակությունը նվազեց, բայց բարձրացավ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 66 հազարից հասնելով մոտ 70 հազար դրամի։ Սպառումը նվազեց, բայց կապիտալ ծախսերն ավելացան։ Թերակատարումնե՞ր կլինեն։ Պարզվում է՝ սա միայն հայկական ֆենոմեն չէ, մասնագետներն են այդպես ասում։ Նաև նկատում են՝ տարբեր տարիների դրանք կատարվել են մոտ  70–80 տոկոսով։ Իրականացված աշխատանքների արդյունքներն ակնհայտ կդառնան առաջիկա հինգ տարում։

«Թերակատարման խնդիրը կա ամբողջ աշխարհում՝ կապված շինարարական ուշացումների, մատակարարումների, գնումների գործընթացի ձգձգումների հետ։ Կառավարությունը նախատեսում է առաջիկայում վերանորոգել ու վերակառոււցել 300 դպրոց  ու 500 մանկապարտեզ , ինչպես նաև 15-16 ջրամբար»։  

Իրականացվող ցանկացած աշխատանք  ներդրում է։ Դրանք անցնող տարում չհորդեցին, բայց հոսեցին։ Տվյալները դեռ կիսամյակային են։ 2021-ի առաջին 6 ամսում Հայաստանի տնտեսության իրական հատված որպես ներդրում դրսից հոսել է մոտ 1.219 մլրդ դոլար կամ 500 մլրդ  դրամ, որից 353 մլն դոլարն օտարերկրյա ուղղակի ներդրումներն են․ պաշտոնական վիճակագրությունն է։ Հայաստանի տնտեսությունն 2021-ի առաջին կեսին նախորդ տարվա նույն շրջանի համեմատ   28%-ով ավելի շատ  ներդրում է ստացել․ «Ռադիոլուր»–ի զրուցակից տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատում է՝  2020 թվականը տնտեսության, այդ թվում նաեւ ներդրումների համար ճգնաժամային էր, իսկ 2021-ը ճգնաժամից վերականգնման շրջան է։  

«Մենք 2019–ին ունեցել ենք 1․4 մլրդ դոլարի ներդրում, այս տարի՝ 1․2։ Այսինքն՝ մեզ չի հաջողվել վերականգնվել ներդրումների առումով։ Սա բավականին մտահոգիչ է։ Չենք կարողացել  2021–ին ամբողջությամբ վերականգվել, բնականաբար, դա ավելի երկար է ձգվելու։ Կարող է ընդգրկել նաև 2022 թվականը»։

Ներդրումների կողքին Հայաստանի պետական պարտքն էլ ավելացավ 1 մլրդ 240․73 մլն դոլարով,   արտաքին պարտքը՝ 701․342 մլն դոլարով։  Տարեսկզբին աննախադեպ ծավալի եվրոբոնդեր թողարկեցինք՝ ավելացնելով արտաքին պարտքը։ Այն հաջորդ  հաջորդ տարի էլ կավելանա։ Միայն թե գումարի մի մասը  գուցե ոչ թե միջազգային կառույցներից վերցնենք, այլ սփյուռքահայերից, քանի որ առաջին անգամ պարտատոմսեր թողարկվեցին սփյուռքի համար։ ՖԻՆԱՐՄ–ի տնօրեն Կարեն Զաքարյանը «Ռադիոլուր»–ին բացատրեց՝ սովորական պարտատոմսեր են, իսկ Սփյուռքի  անվանումը մարկետինգային քայլ է։ 

«Դրանք մանրածախ պարտատոմսեր են, թիրախավորում են հիմնականում Սփյուռքի հայրենակիցներին։ Եկամտաբերությունը մի փոքր ցածր է, քան սովորական պարտատոմսերինը» ։

Մեկ տարում 6  անգամ  գլխավոր դրամատունը  փոփոխեց   առեւտրային բանկերին տրվող շրջանառու միջոցների տոկոսադրույքը՝ հասցնելով 7,5 տոկոսի։ Բայց առաջիկա կես տարում վարկերի տոկոսների էական բարձրացում չի կանխատեսվում։  Հատկապես, որ  մասնագետները նկատել են՝ մարդիկ սկսել են բանկերին ավելի քիչ դիմել որոշակի վարկատեսակների մասով՝ բացի  շինարարական ու հիփոթեքային վարկերից։ Դրանք, ընդհակառակը, աճ են գրանցել․ հիփոթեքային վարկերն ավելացել են 22, շինարարության ոլորտին տրվող վարկերը՝ 20.8%-ով: Տնտեսության մյուս ճյուղերին՝ արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, առևտրի ոլորտին տրամադրված, ինչպես նաև  սպառողական վարկերը նվազել են։  Սպառողական վարկերը, որոնք, ըստ էության,  ամենամեծ տեսակարար կշիռն ունեն վարկային ընդհանուր պորտֆելում (ընդհանուր վարկային պորտֆելի մոտ 24%-ը), տարեսկզբի համեմատ կրճատվել են 10, արդյունաբերական վարկերը՝ 18 %–ով։  Բանկերի միության գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանն արձանագրում է։

«Վարկային ներդրումների մասով ունենք որոշակի նվազում՝ 2021թվականի առաջին ինն ամսում 6․7 տոկոսով կամ 279 մլրդ դրամի չափով »։

2021-ի առաջին 10 ամսում բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան փոխանցվեց  1.7 մլրդ դոլարի համարժեք գումար` 2020-ի համեմատ 15.6%-ով ավելի։ Տրանսֆերտներն ավելանում են արտագնա աշխատանքի մեկնողների հաշվին։ Միայն թե դեռ պարզ չէ՝ մեկնողների որ մասն է մշտական, որ մասը՝ ժամանակավոր հեռացել Հայաստանից։ Հստակ է, որ 11 ամսում Հայաստանի երկու՝ «Զվարթնոց» և  «Շիրակ» օդանավակայաններով ՀՀ է ժամանել  1 մլն 55 հազար ուղևոր, մեկնել՝ 1 մլն 124 հազարը։  Ընդհանուր ուղևորահոսքը՝ 2,179,466 ուղևոր: Նրանց մի մասն արդեն դրսում կիմանա, որ Հայաստանում ջուրն ու հոսանքը կթանկանան, անփոփոխ կմնա, սակայն, գազի գինը։ Թանկացման հիմքում Հրազդանի ՋԷԿ– ի ու ՀԱԷԿ–ի աշխատանքի ժամանակավոր դադարներն են,  Արցախից եկող հոսանքի ծավալների կրճատումը։ Եթե ամեն ինչ ընթանա ըստ կանխատեսումների՝ Հայաստանն արդեն հաջորդ տարի արեւային առաջին լողացող կայանը կունենա։ Ու գուցե ժամանակի հետ էներգակիրների թանկացման հարցը ժամանակավրեպ դառնա։

Կարդացեք նաև

Back to top button