
2021 թվականը հետպատերազմյան հետևանքների արտահայտման տարի էր, կառավարության այս տարվա վերջին նիստում, ամփոփելով տարին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լուրջ ջանքեր են պահանջվել՝ Հայաստանում և նրա շուրջ իրավիճակը կառավարելի պահելու համար.
«Պետական կառավարման համակարգից մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի մենք կարողանանք անցնցում հաղթահարել, ներքին իրադրության բերումով, 2021 թվականը: Իհարկե, արտաքին միջավայրում լուրջ խնդիրներ ունեցանք, շարունակում ենք ունենալ: 2021 թվականի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրանից բխող հետևանքները, նաև նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպը էլ ավելի են ընդգծում անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները»,- ասել է վարչապետը:
Նա առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել 2021 թվականի ընթացքում ու նաև նախկինում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը:




