
Տարեմուտի նախաշեմին քաղաքական առաջնորդները սկսել են ամանորյա շնորհավորանքներ փոխանակել։ Դրանք հաճախ ոչ միայն բարեմաղթանքեր, այլև քաղաքական ուղերձներ են փոխանցում, ակնարկում ակնկալիքների ու սպասումների մասին։ Ով ումից ինչ է ակնկալում, ինչ է փոխանցում ուղիղ տեքստով ու ենթատեքստով։
Քովիդի շրջանում անգամ պաշտոնյաների ողջագուրումն էր փաստում երկկողմ հարաբերությունների սերտության աստիճանը։ Դա ցուցիչ էր հատկապես հակաքովիդային սահմանափակումների ընթացքում, որոնք տարվա ընթացքում մի քանի անգամ անտեսեցին Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահը։ Մինչև տարեվերջ անձամբ հանդիպելու առիթ այլևս չկա, բայց ամանորյա շնորհավորանքներն ուժի մեջ են։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է միաժամանակ և Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Տեքստերը նման են, բայց և տարբերություններ ունեն։
«Անցնող տարվա ընթացքում մեր պարբերական շփումը լիովին հաստատեց ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը։ Ակնկալում եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք երկկողմ համագործակցության հետագա դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում, ինչպես նաև գործընկերային փոխգործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ մյուս կառույցների շրջանակում։ Դա համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին, համահունչ է Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը»։

Այս տողերը ՌԴ նախագահը ուղղել է Հայաստանի վարչապետին, իսկ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված նամակում գրել է․
«Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են բարեկամության բարի ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա: Համոզված եմ, որ գալիք տարի մեր երկկողմ դաշնակցային փոխգործակցությունը, տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների և ի նպաստ տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման»:
«ԵՄ-ն Հայաստանի կողքին է՝ բարելավելու Հայաստանի քաղաքացիների կյանքը». իր ամանորյա ուղերձում նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը՝ ընդգծելով, որ շուտով անցյալում կթողնենք մարտահրավերներով լի ևս մի տարի։ Դեսպանը, սակայն, փորձել է իրողությունների վրա հիմնված շնորհավորանք կազմել․
«Լեռնային Ղարաբաղում պատերազմից ստացած վերքերը և փխրուն անվտանգության զգացողությունը դեռևս առկա են։ Մենք գիտակցում ենք, որ դժվարությունները դեռ չեն ավարտվել»։

Խոսելով Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ամբողջ անձնակազմի անունից՝ նա հավաստիացրել է, որ անում են հնարավոր ամեն ինչ՝ Հայաստանին և հայ ժողովրդին դժվար իրավիճակում աջակցելու ուղղությամբ։ ԵՄ-ն շարունակում է աշխատել՝ մեղմացնելու համավարակի և պատերազմի հետևանքները և օգնելու բարելավել հայաստանցիների կյանքը, ստեղծել աշխատատեղեր և խթանել տնտեսական աճ, գրել է դեսպան Վիկտորինը։
«ԵՄ-ն Հայաստանի կողքին է՝ բարելավելու Հայաստանի քաղաքացիների կյանքը սոցիալ տնտեսական զարգացման և ներդրումների ոլորտում աջակցության ցուցաբերման միջոցով։ Սիրելի՛ հայաստանցիներ, հուսով եմ, որ նոր տարին կլինի խաղաղ և որ կվերգտնեք ձեր ուժը հանուն ձեզ, ձեր սիրելիների և Հայաստանի։ Թող Նոր տարին բոլորիս դարձնի ավելի լավը և ավելի տոկուն, և հուսով եմ՝ ավելի պայծառ օրեր կգան»։
ԵՄ դեսպանը խոսել է տնտեսական զարգացումների և ներդրումների մասին այն դեպքում, երբ Հայաստանի բանկային համակարգը՝ մյուս պետությունների համեմատ դիմակայել է ոչ միայն քովիդ համաճարակի տնտեսկան հետևանքներին, այլև՝ պատերազմին։ Կարելի է ասել, անցել է երկակի և եռակի հարվածների միջով։ Սակայն, պետք է գիտակցել, որ գոյություն ունեցող աշխարհը հենց այդ ոլորտի ստեղծածն է, ասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վերջերս առիթ ունեցա մի քննարկման ժամանակ ասել, ըստ էության, ժամանակակից աշխարհը բանկերի ստեղծած աշխարհն է, և սա պետք է արձանագրել իր բոլոր թերություններով և առավելություններով հանդերձ։ Ըստ էության, մեր ժամանակակից քաղաքարկրթությունը բնորոշող բազմաթիվ նախագծեր կան, որոնք հսկայական քայլերով աճում են, զարգանում, փոխում են աշխարհը»։
Սա արդեն Նիկոլ Փաշինյանի՝ ոչ թե միջազգային հանրությանը, այլ հայաստանյան կառույցներից մեկին ոււղված խոսքից է, որտեղ նա կրկին խոսում է խաղաղ դարաշրջան բացելու և երկարատև խաղաղության մասին։ Թե ինչպիսին է տեսնում կառավարությունը 2022–ը, ԿԲ-ում հնչեցրած նախատոնական ուղերձում փորձել է բացահայտել վարչապետը․
«Հույս ունենք, որ 2022-ին իսկապես հնարավոր կլինի Հայաստանում և Արցախում բոլորովին նոր տրամադրություններ ձևավորել, որոնք կերևան տոկոսադրույքների նվազման, գների կայունության, փոխարժեքների կայունության և ներդնմելու, աշխատելու, ծախսելու ավելի տեսանելի, շոշափելի ընդլայնված տրամադրությունների ձևով։ Կառավարությունն, իհարկե, տրամադրված է ծախսել, ներդնել և առավելագույնս սեփական օրինակով ցույց տալ այդ ռազմավարական հեռանկարը, բայց միևնույնն է՝ մասնավոր հատվածը այս առումով շատ կարևոր թիմակից է, որպեսզի այդ թիմային գործընթացը մեզ բոլորիս մոտ ստացվի»։
Սա, իհարկե, պաշտոնյաների ստացած և հղած ոչ բոլոր ուղերձներն են։ Գլխավորները՝ կարևոր շեշտադրումներով կհրապարակվեն երկու օրից, իսկ առայժմ միջազգային ղեկավարները շարունակում են ուղարկել և ստանալ շնորհավորանքներ, որոնց տողատակերում նաև ապագայի քաղաքական «մեսիջներն» են։




