Վերնատուն

Մարտին Ուլիխանյանի երաժշտությունը՝ միշտ դրական․ «Վերնատուն»

Կոմպոզիտոր Մարտին Ուլիխանյանի ստեղծագործությունը ինքնաբավ է, կախված չէ արտաքին տրամադրություններից՝ երկրի քաղաքական, հասարակական իրողություններից։ Կոմպոզիտորը անկախ ամեն ինչից կարողանում է ստեղծել դրական տրամադրություն, նրա ստեղծագործությունները միշտ պոզիտիվ են, մեղեդային։

«Այն ինչ ես գրում եմ, հնարավոր է օրվա և այդ պահի տրամադրությանն ու հոգեվիճակին չհամապատասխանի։ Ես մեծ սիրով աշխատում եմ ցանկացած ոճի ու ժանրի մեջ։ Մանկական երաժշտությունը կարևոր դեր ունի իմ կյանքում։ Ինչպես դերասանը՝ կոմպոզիտորը նույնպես պետք է դերի մեջ մտնի», – ասում է Մարտին Ուլիխանյանը։

Նա ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային բաժինը, կոնսերվատորիայի ասպիրանտուրան` որպես կոմպոզիտոր, այուհետև՝ Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիան:

Հիմնել է «Ուլիխանյան» կվինտետը և եղել խմբի գեղարվեստական ղեկավարն ու կոմպոզիտորը: Ավելի ուշ՝ եղբոր` դաշնակահար Վարդան Ուլիխանյանի հետ հիմնել է «Ուլիխանյան» մշակութային ակումբը, որտեղ կազմակերպել է Հայաստանում առաջին էքսպերիմենտալ երաժշտության փառատոնը։ Գրել է մի շարք մանկական ստեղծագործություններ, երաժշտություն՝ ֆիլմերի, ներկայացումների ու անիմացիոն ֆիլմերի համար, իսկ «Երևան պարկի» համար Ամանորյա սյուիտը գրվել է օրերս։

Back to top button