ԿարևորՔաղաքական

Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Ալիև շփումներ կլինեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցելու է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որի ընթացքում կլինեն շփումներ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ուղիղ եթերում հայտնել է Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ գագաթնաժողովին հնարավոր է հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ։

«Դեկտեմբերի 28-ին է նախատեսված այդ գագաթնաժողովը, այո, մասնակցելու եմ։ Այս պահին պաշտոնական երկկողմ հանդիպման առաջարկ չկա, բայց Ադրբեջանի նախագահի հետ շփում կլինի։ Պաշտոնական բանակցության առաջարկ այս պահին չենք ստացել։ Գագաթաժողովը ոչ ֆորմալ է, հետևաբար շփումները նույնպես ոչ ֆորմալ են»,- ասել է Փաշինյանը։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Անկախ Պետությունների համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը, ավելի վաղ հայտնել է Կրեմլի պաշտոնական կայքը։

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը,  Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավկաթ Միրզիյոևը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը:

Կարդացեք նաև

Back to top button