ԿարևորՀասարակություն

Բուհերում «բարի» ավանդույթները շարունակվում են

Բարձրագույն կրթության ոլորտում տեսանելի փոփոխություններ չկան, ավանդական պրակտիկան «իներցիայով» շարունակվում է՝ արձանագրում են կրթության փորձագետները։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի լրամշակված տարբերակից ոլորտի շահառուները որոշակի սպասելիքներ ունեն, նոր կարգավորումները, սակայն, դեռևս  ուժի մեջ չեն մտել։ 

Մինչ հանրապետության երեք գլխավոր բուհերի՝ ԵՊՀ-ի, ՀՊՄՀ-ի և Բժշկական համալսարանի ռեկտորները շնորհավորանքներ են ընդունում, ոլորտի փորձագետները շարունակում են մտահոգվել բուհերի ինքնավարության հարցով։

Սերոբ Խաչատրյան. «Երեք բուհերում էլ ռեկտորի մեկական թեկնածու կար։ Այսինքն՝ մենք նորից վերադառնում ենք  հին ժամանակներ, երբ կար մեկ թեկնածու, և ուրիշ ոչ ոք չի ցանկանում կամ ռիսկ չի անում դիմել ՝ համարելով որ անիմաստ է, քանի որ ամեն ինչ արդեն որոշված է»։

Ինքնավարության առումով բուհերում շատ բան չի փոխվել՝ ասում  են փորձագետները։ Եթե նախկինում խորհուրդների կազմում նախարարներ էին, վարչապետ ու  նախագահ, հիմա նրանք փոխարինվել են  փոխնախարարներով, վարչության պետերով, փոխմարզպետերով։

Սերոբ Խաչատրյանի համար, սակայն, ամենամտահոգիչը այս տարվա մարտին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն էր, որով կառավարությունը հոգաբարձուների խորհրդում ձայների մեծամասնություն էր ստանում։

ԱԺ-ի ընդունած, բայց նախագահի  չստորագրած օրենքով նախատեսվում էր, որ բուհի խորհուրդը կունենա 9 անդամ՝ 5-ը լիազոր մարմնի կողմից, 4-ը՝ բուհի: Այս դրույթն ավելի ուշ հակասահմանադրական ճանաչվեց, իսկ օրենքի լրամշակված տարբերակով ամրագրվեց, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդները կունենան 12 անդամ։ Նրանցից 6-ին կառաջադրի բուհի ակադեմիական խորհուրդը, 6-ին կնշանակի լիազոր մարմինը։

«Իսկապես շոկային էր անձամբ ինձ համար, որովհետև ես հիշում եմ՝ մինչև 2018 թվականը պայքարում էինք նրա դեմ, թե ինչու պետք է ՀՀ վարչապետը հաստատի խորհրդի կազմը, ինչը համարվում էր միջամտություն բուհերի ինքնավարությանը։ Նման բաների դեմ պայքարող մարդիկ հետո որոշեցին, որ կառավարությունը էդ կազմում պետք է մեծամասնություն լինի»։

Ճշգրիտ և դիպուկ ախտորոշում՝ փորձագետին այսպես արձագանքեց Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Մեջլումյանը։ Նա, սակայն,  օրենքի լրամշակված տարբերակում երկու դրական փոփոխություն  է առանձնացնում։

«Բուհի կառավարման խորհրդի անդամ չեն կարող լինել կուսակցության ղեկավար մարմիններում պաշտոն ունեցող մարդիկ և խորհրդի անդամ չեն կարող լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք։ Ճիշտ է, այս օրենքը և կարգավորումները դեռևս ուժի մեջ չեն մտել, բայց ինքնին արդեն իսկ դրական հանգամանք է սա։ Այսինքն՝ եթե կարգավորումները սկսեն գործել, մենք նկատելի փոփոխություններ կտեսնենք։ Բայց այժմ միայն կարգավորումների մակարդակով ենք քայլ կատարել, այն էլ կիսատ, քանի որ դեռ ուժի մեջ չեն մտել։ Պրակտիկան «իներցիայով»  շարունակվում է»։

Այն, որ բուհերում նկատելի փոփոխություններ չեն արձանագրվում, նաև ուսանողության թերացումն է՝ նկատում է «Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնության անդամ Յուրի Մովսիսյանը։ Իներցիա կա , բայց նաև դրական տեղաշարժերը չեն կարող անտեսել։

«Ֆակուլտետային մակարդակում որոշակի չափով ազատականացվեց։ Եթե այն ժամանակ կարելի էր ուսխորհուրդ մտնել ու քեզ միանգամից կուսակցական վկայական էին հանձնում, այսօր եթե նույնիսկ քաղաքականացված են, ապա լավ իմաստով են քաղաքականացված, այսինքն՝ չկան կուսակցականներ, որոնք առաջ են տանում իրենց կուսակցության գաղափարները»։

Ուսանողական խորհուրդները ներկայում, այո,  պակաս կուսակցականացված են, բայց դա էլ այլ խնդրի է հանգեցրել՝ նկատում է Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Մեջլումյանը։

Իրենց հետազոտությունները ցույց են տվել, որ քաղաքականացվածությունը ուղիղ համեմատական է ակտիվությանը։ Նախկինում ուսանողները  ակտիվ էին, քանի որ այդ ակտիվությամբ նաև իրենց կարիերան էր որոշվում, այսօր արդեն այդ հարթակի չեզոքացմամբ նաև ուսանողության մոտիվացիան է պակասել։

Կարդացեք նաև

Back to top button