
Չպատվաստված աշխատողները շարունակելու են 7-օրյա պարբերականությամբ հավաստել, որ վարակված չեն կորոնավիրուսով։ Սակայն դա հաստատող ՊՇՌ թեստի համար ով է վճարելու, շատ հստակ չէ։ Սահմանադրական դատարանը հրապարակել է որոշում, որը ոչ թե պատասխանում է հասարակության հարցերին, այլ ավելի է խճճում իրավիճակը՝ կարծում է փաստաբան Ալեքսանդր Հարությունյանը։
«Այս պահի դրությամբ պահանջը մնացել է․ աշխատողի՝ իր հաշվին դա անելու պարտականությունը դուրս է եկել, բայց ուրիշ ոչ մեկի վրա չի դրվել։ Այսինքն՝ աշխատողը կարող է գալ, ասել՝ եկել եմ առանց ՊՇՌ թեստ, գործատուն էլ ասի՝ առանց ՊՇՌ թեստ չես կարող աշխատանքի ներկայանալ։ Կասի՝ բայց իմ վրայից հանվել է պարտականությունը, գործատուն էլ կասի՝ քո վրայից հանվել է քո հաշվին անելու պարտականությունը, գնա ում հաշվին ուզում ես արա։ Գործատուն էլ պարտավոր չի հոգալ էդ ծախսերը։ Պետության վրա դնելն էլ իմ կարծիքով շատ մեծ բեռ կլինի»։
Սահամանադրական դատարանը առողջապահության նախարարի հրամանը ընդհանուր առմամբ սահամանադրական, մի արտահայտությունը՝ հակասահմանադրական է համարել․
«ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր՝ նկատի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների (աշխատողների) շրջանակի սահմանումը դուրս է առողջապահության նախարարին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակից»:
Սահամանադրական դատարանը հայտնեց որոշումը, և երկու կողմերը այն որակեցին սեփական հաղթանակ։ «Սահմանադրական դատարանի որոշումը առողջապահության նախարարության հաղթանակն է։ Քաղաքացիները շարունակելու են գործատուին ներկայացնել կա՛մ ՊՇՌ բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ»,-հայտնեց առողջապահական գերատեսչության իրավաբանական վարչության պետ Աննա Մկրտումյանը։
Միևնույն ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը նշեց․
«Դուք հիշում եք՝ առողջապահության նախարարի հայտնի հրամանը ուներ ամենամեծ պրոբլեմը նրանում, որ ՀՀ բոլոր աշխատողների վրա դնում էր պարտականություն՝ իրենց սակավ միջոցների հաշվին կատարեն ՊՇՌ հետազոտության ծախսերը։ Այդ մասով Սահամանդրությանը հակասող է ճանաչվել։ Սա հենց մեր դիմումի անկյունաքարերից մեկն էր։ Եվ շատ կարևորում եմ, որ հենց այդ մասով սահամանադրական դատարանը իրականացրեց լիարժեք արդարադատություն»։
Երկկողմ հաղթանակների մեջ ինչ կարգավիճակ կունենա քաղաքացին՝ փաստաբան Ալեքսանդ Հարությունյանը դժվարանում է նշել։ Ասում է՝ կան խոսակցություններ, թե արդեն ՊՇՏ թեստեր հանձնած քաղաքացիների գումարը կվերադարձնեն, կամ գործատուին «կլիազորեն» աշխատողներին թեստավորելու գործը։ Փաստաբանի համոզմամբ՝ երկուսն էլ չեն համապատասխանում իրականությանը․
«Այս պահին խոսք չի կարող գնալ գումարները հետ պահանջելու մասին, կամ գործատուի վրա դնելու մասին, որովհետև գործատուի վրա եթե դրվի, դա ևս նույն մեխանիզմով կարող է հակասահմանադրական ճանաչվել։ Բովանդակային առումով փոփոխություն տեղի չի ունեցել։ Միգուցե սխալ բառապաշար է ընտրվել ի սկզբանե առողջապահության նախարարության կողմից, դրա համար դուռ է բացվել Սահմանադրական դատարանում այն վիճարկելու համար»։
Արդյունքում՝ քաղաքացին, այո, պարտավոր չէ սեփական միջոցներով թեստավորում անել։ Գործատուները և պետությունը, այս պահի դրությամբ, նույնպես։ Սակայն թեստավորման պահանջը շարունակում է ակտուալ մնալ, եթե քաղաքացին հրաժարվում է պատվաստվելուց։




