
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հայ արձակագիր, սցենարիստ, դրամատուրգ, հրապարակախոս Աղասի Այվազյանին այսօր քչերն են ճանաչում, քանի որ վերջինիս վաստակն ու գրական գործունեությունը գրեթե չի լուսաբանվում: Այվազյանի մահից հետո 2010 թվականին արձակագրի կնոջ` Գրետա Այվազյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց Այվազյանական ընթերցումների և փառատոնի շարքը. նպատակը ամուսնու թողած գրական ժառանգությունը քարոզելն էր։
Թատերագետ Լևոն Մութաֆյանն այսօր անկեղծացավ, որ մենք այդպիսի դրամատուրգներ քիչ ունենք, որոնք ձևավորում են թատրոնի տեսակ: Նախորդ փառատոնն իր շուրջ է համախմբել պրոֆեսիոնալ, երիտասարդական, սիրողական, դպրոցական թատրոնների: Այս տարի ևս կկազմակերպվի Այվազյանական փառատոն, որին մասնակցելու հայտերն արդեն իսկ շատ են: Այս անգամ մասնակից քաղաքների աշխարհագրությունն էլ է մեծացել։
Սա այն եզակի փառատոներից է, որի պետական աջակցությունը շատ քիչ է։ Այվազյանի այրին դիմել է բազմաթիվ մարդկանց ու կառույցների, սակայն դեռ արձագանքներ չկան: Այս փառատոնը մեծ ֆինանսներ չի պահանջում, պահանջում է վերաբերմունք, որը չկա, նշեց Մութաֆյանը: Բանասիրական գիտությունների թեկնածու, այվազյանագետ Անի Փաշայանն էլ ավելացրեց, որ փառատոնի օրն արդեն երրորդ անգամ հետաձգվում է։
«Եթե Հայաստանում այսօր ամեն երրորդ մարդը սովածության է մատնված, հավանաբար՝ պետք չէ մտածել մշակույթի և թատրոնի մասին, այլ պետք է մտածել ինչպես կերակրել մարդկանց: Բայց մենք առաջին քրիստոնյաներն ենք, և մեզ նաև հոգևոր սնունդ է պետք»,- նշեց Գրետա Այվազյանը՝ նշելով ու շատերին դիմել է ու սպասելիքներ ունի:
Այվազյանագետ Փաշայանը կարծում է, որ Այվազյան անունը մոռացության մատնված չէ, գործերն են անճանաչելի։ Նրա գեղարվեստական գրականությամբ, ըստ Անի Փաշայանի, շատ բան կարելի է առողջացնել հասարակության մեջ և սա էլ մղել է փառատոնի կազմակերպման անհրաժեշտությանը: Փաշայանի ձևակերպմամբ` Այվազյանի 25 պիեսները նոր խոսք են թատրոնի պատմության մեջ։
Այս տարի մշակույթի նախարարությունը ոչ թե գումարն ուղղորդել է բուն փառատոնի կազմակերպմանը, այլ ուղարկել է մեկ այլ թատրոն, որը պետք է պատրաստի ներկայացում` ըստ Աղասի Այվազյանի պիեսների։




