ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը փորձում է քողարկել իր կողմից իրականացված վանդալիզմի դեպքերը

Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից հունարեն թարգմանությամբ` Արցախի Հանրապետության տարածքում գտնվող ռուսական ուղղափառ կրոնական ժառանգության նկատմամբ հայկական կողմի իբր «ոտնձգությունների»  մասին տարածվող քարոզչական նյութը հերթական սադրիչ, անհիմն և կեղծ ապատեղեկատվություն է․ այն նպատակ ունի, հայերի նկատմամբ ատելություն տարածելով, փորձել խարխլել և սեպ խրել Հայաստանի ու իր բարեկամների միջև հարաբերություններում: Այս մասին հայտարարություն է  տարածել Հունաստանում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ Անաստասիա Լավրինայի և Հունաստանում Ադրբեջանի դեսպանության կողմից  տեսանյութ է հրապարկվել, որում ասվում է՝ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Գևորգավան տեղամասում գտնվող ռուսական Սուրբ Աստվածածին եկեղեցին «ոտնձգությունների» է ենթարկվել հայկական կողմից։

Եկեղեցին կառուցվել է ավելի քան 100 տարի առաջ՝ Ռուսաստանից ներգաղթյալների կողմից: Եկեղեցու ծխականները եղել են ռուս վերաբնակիչները: 1989 թվականին մեկնարկել են եկեղեցու վերականգնողական աշխատանքները, որոնք ընդհատվել են՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայով, որի ժամանակ եկեղեցին կրկին կրել է մեծ վնասներ։

Մինչև 2020 թվականի պատերազմի մեկնարկն Արցախի Հանրապետության կառավարությունը մշակել է եկեղեցու վերականգնման նախագիծ և հովանավոր է փնտրել՝ վերականգնողական աշխատանքները սկսելու համար։

«Մշակութային հուշարձանները դիտավորյալ ոչնչացնող երկիրը փորձում է անհիմն մեղադրանքներով քողարկել իր իսկ կողմից իրականացված բազմաթիվ վանդալիզմի դեպքերը։

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ հրապարակեց որոշումներ:

Ի թիվս այլ միջոցների, դատարանը ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ է Ադրբեջանին նախ՝ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ազգությամբ և էթնիկ հայերին թիրախավորող ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, ներառյալ՝ Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից»։

Մյուս կողմից, դատարանը պարտավորեցնում է Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:

Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Ադրբեջանի պաշտոնյաները շարունակում են թիրախավորված ռասայական ատելության տարածումը և որևէ քայլ չեն ձեռնարկում դադարեցնելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը»,- ասված է հայտարարությունում։

Կարդացեք նաև

Back to top button