
Հայաստանն ու Ռուսաստանը գոհ են 2021թվին երկկողմ առևտրաշրջանառության ծավալներից։ Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի փոխվարչապետը Երևանում քննարկել ու երկուստեք կարևորել են առևտրատնտեսական և ներդրումային փոխգործակցության զարգացման, ներուժի լիարժեք իրացման ջանքերը: ՌԴ փոխվարչապետն ընդգծել է, որ 2022 թվականին երկու երկրները նշելու են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30, և Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 25 ամյակը։
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստի օրակարգը հագեցած էր․ քննարկվող հարցերի շրջանակը՝ առևտրատնտեսական հարաբերություններից մինչև տրանսպորտ, էներգետիկա ու կրթություն։ Նիստն անցկացվում էր Երևանում՝ Հայաստանի և ՌԴ փոխվարչապետերի նախագահությամբ։ Չնայած կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված սահմանափակումներին ու հետպատերազմյան դժվարություններին՝ երկու երկրներին հաջողվել է պահպանել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերը՝ ընդգծել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Երկու երկրների միջև հարաբերություններն ունեն համընդգրկուն բնույթ և ներառում են միջպետական հարաբերությունների՝ առանց բացառության բոլոր ոլորտները»։
Հայաստանի ու ՌԴ միջև առևտրաշրջանառությունից ու Հայաստանում ՌԴ ներդրումների ծավալից գոհ է նաև Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը դեռ նոյեմբերի վերջին՝ Սոչիում էր ՌԴ նախագահի հետ հանդիպմանը կարևորել 2020–ի ծանր տնտեսական տարում ռուսական ներդրումների ավելացումը Հայաստանում.
«Չնայած տնտեսական և մյուս դժվարություններին՝ 2021 թվականին նկատելի է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ներդրումների որոշակի ակտիվացում: Սա ընդհանրապես ազդանշան է ներդրողների համար, որ ՀՀ–ն շատ հուսալի երկիր է տարածաշրջանի իմաստով, և սա մեզ համար, իրապես, շատ կարևոր ուղերձ է: Հուսով եմ, որ մեզ, ի վերջո, կհաջողվի լուծման հասնել մեր տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաների բացման հարցում։ Դա կհանգեցնի Եվրասիական տնտեսական միության շրջանակում առևտրատնտեսական կապերի ու Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ կապերի ակտիվացմանը»:
Տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը կարևորում են նաև Ռուսաստանի Դաշնությունում։ Այստեղ, ըստ ՌԴ նախագահի, շահագրգռված են, որ ռազմավարական գործընկերոջ՝ Հայաստանի հետ կապող ուղիները լինեն հուսալի, բազմակողմանի, և որ ամենակարևորն է՝ ամբողջ տարվա ընթացքում հեշտորեն աշխատող:
Տնտեսագետ Արմեն Քթոյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է՝ Հայաստանի ու ՌԴ միջև տնտեսական համագործակցության ներուժը սպառված չէ, սակայն, տնտեսական հարաբերությունները բավարար է գնահատում․
«Արտաքին առևտրի առումով ՌԴ–ն Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերն է։ ՌԴ–ին բաժին է ընկնում արտահանման ու ներմուծման ամենամեծ մասնաբաժինը։ Եթե դիտարկենք անկախացումից հետո Հայաստանի տնտեսությունում կատարված ներդրումների կուտակված պաշարաները և ամբողջ ծավալում ՌԴ ներդրումները, կտեսնենք, որ ՌԴ–ն նորից առաջատարն է»։
2019թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտուրն առաջին անգամ գերազանցեց 2 մլրդ դոլարի սահմանը։ 2020–ին՝ համավարակի, քաղաքացիների տեղաշարժի և ապրանքների փոխադրման սահմանափակումներով պայմանավորված՝ Հայաստանի Կառավարությունը երկկողմ առևտրում մի փոքր անկում գրանցեց։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը կազմել է 1,9 մլրդ դոլար․ աճել է 16 տոկոսով։ Ներկրումն աճել է 9 տոկոսով, արտահանումը՝ 36։ Տնտեսագետի խոսքով, արտահանվող ապրանքների հիմնական կազմում թանկարժեք եւ ոչ թանկարժեք մետաղներն են, քարերը եւ դրանցից պատրաստված իրերը, մեքենաշինական սարքավորումները, գյուղատնտեսական, թեթեւ արդյունաբերական, քիմիական արտադրանքը, սննդամթերքը։
«Որակական առումով եթե դիտարկենք, բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցությունը չէի համարի, որ արտացոլում է երկու երկրների ներուժն ու հնարավորությունը»։
Ռուսաստանի հետ հարաբերությունները հիմնականում ավանդական ուղղություններով են զարգանում՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, ենթակառուցվածքներ։ Մինչդեռ ներուժն ավելին է, իսկ նոր ոլորտներում համագործակցության հեռանկարները՝ ակնհայտ։




