
Ավան վարչական շրջանի շենքում այսօր հերթական քննարկումն էր պղնձաձուլարան բացել–չբացելու շուրջ։ Նախորդ 4 քննարկումների առարկան եղել է ձուլարանի նախագծի առաջին տարբերակը։ Համաձայն դրա՝ Ավան վարչական շրջանում «Քոփփեռ» ՍՊԸ-ն նախատեսում է գունավոր մետաղների ջարդոնից տարեկան ստանալ պղնձի, ալյումինի մոտ 1800 տ համաձուլվածք։ Ձուլարանի արտանետումները պիտի լինեին բնակելի շենքերից մոտ 600 մետր հեռավորության վրա։ Այս տարբերակը Շրջակա միջավայրի նախարարությունը անթույլատրելի էր համարել՝ պահանջելով, որ ձուլարանը բնակելիներից հեռու լինի ևս 300 մետրով, իսկ արտադրական ծավալները կրճատվեն 50%-ով։ «Քոփփեռ» ՍՊԸ-ն փոփոխություններ է արել նախագծում և ներկայացնում էր լրամշակված տարբերակը։
Առողջությանն սպառնացող վտանգներն անհանգստացնում են նաև Ավանին հարակից վարչական շրջաններին։ Քննարկմանը քաղաքացիները դժգոհում էին տնտեսվարողից․ նախորդ 4 լսումներից 3-ի մասին իրենց տեղյակ չեն պահել։ «ՔՈՓՓԵՌ» ՍՊԸ-ն պնդում էր հակառակը, ՍՊԸ-ի ներկայացուցիչ Մանուկ Նիգոյան․
«Պատճառները երկուսն էին՝ հեռավորություն և արտադրական ծավալ, որոնք մեզ համար վիճելի էին։ Հենց բնակիչների մտահոգությունը մեղմելու և պետական պահանջները լիարժեք դարձնելու համար հարմար ենք գտել ոչ թե բողոքարկել նախարարության ու կառավարության որոշումը, այլ փոխել նախագիծը ու հարմարեցնել ձեզ։ 300 մետրը պաշտպանված է և արտադրական ծավալը կրկնակի իջեցված, ի՞նչ խնդիր կա»,-ասում է Մանուկ Նիգոյանը։

2021թ. հոկտեմբերի 8-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ը բացասական եզրակացություն է տվել Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղու այս տարածքում պղնձաձուլարան բացելուն։ Նախագծի հեղինակ Հովհաննես Նիկողոսյանը պնդում է, որ նախագծի վերամշակված տարբերակում լիովին բավարարված են պահանջները, թարմացված՝ հաշվարկները։ Տոքիսկ նյութերի արտանետման վտանգ չկա, ջրի աղտոտման վտանգ՝ ևս։ Արտադրական ծավալը տարեկան 900տ է լինելու, պղինձը արտահանվելու է։ Տնտեսվարող կողմը պարբերաբար շեշտում էր, թե բնակիչներին տալիս է սպառիչ պատասխաններ, քաղաքացիներն այդպես չէին կարծում․ հանրային լսումների ժամանակ հնչած գրեթե բոլոր դիտարկումներն ավարտվում էին ոչ թե տրամաբանական վերջակետով, այլ աղմուկով։

Տնտեսվարող կողմն ասաց, որ բացառում է ձուլարանը քաղաքից դուրս կառուցելու տարբերակը, որովհետև տարածքն արդեն գնվել և սեփականաշնորհվել է։ Բիզնեսի տեսանկյունից ձեռնտու է հենց այդտեղ կառուցել ձուլարան, իսկ մարդկանց առողջության պաշտպանությունն, ասում են՝ երաշխավորում են․ ընթացքը վերահսկելու է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Նախագծի լրամշակված տարբերակը դեռ պիտի հաստատեն Առողջապահության և Շրջակա միջավայրի նախարարությունները։ Հնարավոր է՝ հաստատում դարձյալ չտրվի։ Մոտ մեկ ժամ տևած քննարկման ավարտին բնակիչներն ու տնտեսվարող կողմը համաձայնության եկան․ եթե նախագիծը հաստատվի, հաջորդ հանդիպմանը կողմերը կհրավիրեն անկախ փորձագետների՝ մասնագիտական տեսանկյունից քննարկելու ձուլարանի կառուցման ռիսկերը։




