

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Հայաստանի ԱԳՆ համակարգի ծախսերը 2011 թվականին կազմել են 9 մլրդ 952 մլն դրամ, իսկ կատարողականը՝ 99,02 տոկոս։ ԱԺ մշտական հանձնաժողովներում նախորդ տարվա բյուջեի կատարողականի հաշվետվությունների քննարկումների ժամանակ այսօր պարզվեց նաև, որ մեր երկրի՝ միջազգային կազմակերպություններին անդամավճարի պարտքը կազմել է 8 մլն ԱՄՆ դոլար, 2010- ին այն գերազանցում էր 10 մլն ԱՄՆ դոլարը։
Ըստ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի՝ պարտքը կուտակվել է անկախության առաջին տարիներից: Այժմ բոլոր վճարումները կատարվում են անհրաժեշտ ծավալով:
2011- ին ՀՀ նախագահը իրականացրել է 25, ԱԺ նախագահը`8, վարչապետը ` 12, արտգործնախարարը`39 այց: Հայաստան այցելել է 7 երկրի ղեկավար:
Քանի որ արտգործնախար Էդվարդ Նալբանդյանը Նյու-Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի աշխատանքներին, խորհրդարան էր եկել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա տեղեկացրեց, որ անցած տարվա ընթացքում երկրի նախագահը իրականացրել է 25 արտասահմանյան այց, խորհրդարանի նախագահը`8, վարչապետը ` 12, արտգործնախարարը`39 այց: Մեր երկիր այցելել են 7 երկրի ղեկավարներ:
Ըստ Քոչարյանի՝ տասնյակ երկրների հետ կնքվել է շուրջ 120 պայմանագիր:
Պատասխանելով պատգամավոր Շիրակ Թորոսյանի՝ Ջավախքում ՀՀ հյուպատոսարան բացելու հարցին, փոխարտգործնախարարը հայտարարեց, որ այն մնում է հայ-վրացական հարաբերությունների օրակարգում:
Իսկ ահա պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր, արդյո՞ք 2011 թվականին հայ դիվանագետները մեկնել են Շվեյցարիա` թուրքական կողմի գաղտնի բանակցություններ անցկացնելու նպատակով:
«Արտգործնախարարությունը կտրուկ մերժում է այդ լուրը»,- պատասխանեց Շավարշ Քոչարյանը։
Իսկ ահա առավոտյան խորհրդարանում քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ֆինանսական հաշվետվությունը, կարող եք ծանոթանալ այստեղ։