ԿարևորՀասարակություն

Սահմանադրության «ականները» բացահայտվել են․ սկսվում է «ականազերծումը»

Բացվում է Հայաստանի Սահմանադրության փոփոխման գործընթացի հերթական փուլը։ Վարչապետի որոշմամբ՝ փետրվարի 12-ին ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը՝ աշխատանքը չավարտած, կլուծարվի, և կստեղծվի սահմանադրական բարեփոխումների խորհուրդ: 

Երկրի մայր օրենքն ընդունվել է 1995–ի հուլիսի 5–ին, առաջին նախագահ Լևոն Տեև Պետրոսյանի ղեկավարման տարիներին։ Սահմանադրությունը փոխվել է նաև հաջորդ երկու նախագահների օրոք։ Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչել միայն երկրորդ փորձից հետո, իսկ 2015–ին Սահմանադրության փոփոխմամբ երկրում փոխվեց կառավարման համակարգը։ Հերթական փոփոխությունների ժամկետը, ծավալը և բովանդակությունը դեռ պարզ չեն։

Հայաստանի գործող Սահմանադրությունը մի քանի անգամ «քննություն հանձնեց» ու տապալվեց։ Նոր տարում երկրի հանրային և քաղաքական կյանքում առաջնային է դառնալու Սահմանադրության փոփոխության հարցը։ Հարցը քննարկվել է վարչապետի առաջարկով ստեղծված արտախորհրդարանական ուժերի խորհրդակցական ժողովում։ Առանց մանրամասների՝ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը «Ռադիոլուր»–ին պատմում է՝ առաջինն ինքն է խոսել խնդրի մասին․

«Մեզ պետք է մի Սահմանադրություն, որը չի ծառայի որևէ անհատի, իշխանության հավերժացման կամ իշխանության պահպանման գործընթացին։ Մեզ պետք է մի գործիք, որը կծառայի պետությանն ու հասարակությանը։ Ակնհայտ է, որ գործող Սահմանադրությունը ապացուցեց իր անկենսունակ լինելը, և ստեղծված կրիտիկական իրավիճակում պարզվեցին դրանում եղած խութերը։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքին, որ այս տարվա գարնանը, երբ ԳՇ պետին պաշտոնից ազատելը դարձել էր իսկական սահմանադրական «փոթորիկ» պետական մարմինների միջև, ինձ բերեց այն համոզմանը, որ մենք շատ լրջագույն մարտահրավերների և քաղաքական կատակլիզմների առջև կարող ենք կանգնել, եթե այս Սահմանադրությունը շարունակի գործել»։

Մասնագիտությամբ իրավաբան Նորիկյանը չգիտի՝ ապագայում կընդգրկվի՞ սահմանադրական բարեփոխումների խորհրդում,թե՞ ոչ, բայց մայր օրենքի անգործունակության էլի մեկ օրինակ է բերում։ Ասում է՝ եղան բազմաթիվ իրադարձություններ, որոնց Սահմանադրությունը բացարձակ «պատրաստ» չէր։ Առաջինը այդ շղթայում խորհրդարանի լուծարման հարցն էր, հետո եկան նաև նորերը։

«Մենք ունենք նախագահական ինստիտուտ, սահմանադրական լիազորություն ունի, որը ապահովում է Սահմանադրության  բնականոն գործունեությունը, բայց չի տալիս, թե ինչպես է ապահովում, ինչ գործիքակազմով է ապահովում։ Շատ լրջագույն խնդիր ունենք այս Սահմանադրության մեջ։ Անգամ «ներման» ինստիտուտը, որը աշխարհի բոլոր երկրներում վերապահված է նախագահին։ Գործող Սահմանադրությամբ մեզ մոտ ներման ինստիտուտն էլ ֆորմալ առումով իրականացնում է նախագահը, բայց մինչև գործադիրի ղեկավարը՝ վարչապետը հավանություն չտա, նախագահը ներում չի կարող շնորհել։ Սա նախկին իշխանությունների կողմից մեր հասարակությանը ու վզին փաթաթված «կեղծ» Սահմանադրություն էր, որի բացասական ազդեցությունը կրում ենք այսօր։ Վստահ եմ, որ աղետալի պատերազմի ընթացքում մեր պարտության պատճառների մի մասը պետք է փնտրել այս Սահմանադրության մեջ, երբ չգիտեին՝ վարչապետի լիազորությունները որոնք են, պաշտպանության նախարարինը որոնք էին, ԳՇ պետինը որոնք էին։ Ամեն մեկը մի բան ասում էր, ու այդպիսի քաոս ստեղծվեց մեր երկրում»։

2015-ին, երբ այսօրվա Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը օմբուդսմեն էր, Սահմանադրության փոփոխությունների նախագծում «ականներ» էր տեսնում։ Դեռ այն ժամանակ զգուշացնում էր․

«Կան այնպիսի ականներ, որոնք եթե պայթեն, հետո իսկապես կվատացնեն մարդու իրավունքների վիճակը, և, այո, կան այնպիսի խնդիրներ, որոնք ուղղակի «ֆոբիաների» արդյունք են»։

Այսօր արդեն նախարար Անդրեասյանին վարչապետի որոշումով իրավունք է տրվում ձևավորել սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և գլխավորել այն։ Նոր մարմին, որը կփոխարինի փետրվարի 12-ին ստեղծված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին։ Այն կլուծարվի։ Նոր խորհրդի անդամները կլինեն ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչը, Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, մեկական պատգամավոր Աժ յուրաքանչյուր խմբակցությունից, մեկ ներկայացուցիչ Բարձրագույն դատական խորհրդից, խորհրդարան չանցած կուսակցությունների կամ դաշինքների կողմից առաջադրված երեք ներկայացուցիչ։ Խորհրդի անդամ կլինեն նաև Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպությունների առաջադրած երեք ներկայացուցիչները:

ՀՀ արդարադատության նախարարի ներկայացմամբ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով ծորհրդում կարող են ընդգրկվել առնվազն 5 տարվա ընթացքում Հայաստանում անընդմեջ գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների երկու ներկայացուցիչ: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը առավելագույնը կազմված կլինի 16 անդամից։ Արդարադատության նախարարը պետք է մեկամսյա ժամկետում կազմի և վարչապետի աշխատակազմ ներկայացնի սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման, խորհրդի անհատական կազմն ու գործունեության կարգը հաստատելու որոշման նախագիծը:

Սահմանադրությունը հստակ փոփոխության անհրաժեշտություն ունի․ Նորայր Նորիկյանի ներկայացմամբ՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը դա ընդունել են ուժերը։  Զրուցակիցս չի մարամասնում՝ ինչպես է առաջարկին արձագանքել վարչապետը․

«Բնականաբար, հարցերի հարցը կառավարման համակարգի փոփոխությունն է։ Այո, մենք առաջարկել ենք և պնդելու ենք այդ առաջարկը, որ կառավարման համակարգը փոփոխության ենթարկվի, և մենք վերադառնանք կիսանախագահական կառավարման համակարգի՝ հաշվի առնելով գործող կառավարման համակարգի խութերը, ձախողումները։ Դրա արդյունքում պետական կառավարման համակարգում տեղի ունեցած և, ըստ էության, առաջիկա փոփոխությունների «մեխը» կարող է դառնալ հենց կառավարման համակարգի փոփոխությունը։ Հակառակ պարագայում, մենք չգիտենք, թե ինչ փոփոխությունների մասին կարող է խոսք լինել առհասարակ, եթե հարցը չի վերաբերում կառավարման համակարգի փոփոխությանը»։

Բալանսավորված կառավարման համակարգի մասին մշտապես խոսել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա դժգոհ է գործող Սահմանադրությամբ երկրի նախագահին տրված «ձևական» լիազորություններից։ Չի թաքցնում, որ կառավարման համակարգի փոփոխության և նախկին կարգի վերադարձի կողմնակից է, բայց մեկ հստակեցումով։ Մեկ ամիս առաջ ռուսական «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում նախագահն ասել էր․  

«Երբ ես խոսում եմ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին, ամենևին ինձ նկատի չունեմ։ Եթե մենք ընդունենք այդպիսի որոշում և ընդունենք նոր Սահմանադրությունը, ես պատրաստ եմ միանգամից հրաժարական տալ, որպեսզի ցույց տամ, որ դա ինձ համար չէ, իմ իշխանության համար չէ, որպեսզի երկրի համար ավելի պարզ և հեշտ լինի, և այն բանի համար, որ բարդ իրավիճակներում հստակ պարզ լինի՝ ով է կրում պատասխանատվությունը, և ով է կայացնում որոշումները»։  

Երբ Հայաստանն արդեն բախվել էր խորհրդարանը լուծարելու բարդագույն մեխանիզմին, Հայաստանի Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին դեռ 2018–ի նոյեմբերին ասել էր նաև Հայաստանում ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Չէր թաքցրել՝ ժամանակին Եվրոպային թվացել էր, թե Հայաստանի համար կառավարման լավագույն տարբերակը խորհրդարանականն էր, բայց հետո արդեն խոստովանում էր․ գործող Սահմանադրությունը մեկ մարդու իշխանության համար էր, իսկ նախագահը որևէ իրական լիազորություն չուներ։ 2018–ի նոյեմբերին Սվիտալսկին նաև թվարկում էր․

«Ուժային կառույցների վերահսկողության համար այս Սահմանադրությունը ոչինչ չի տալիս։ Դուք անգամ չունեք Ներքին գործերի նախարարություն։ Կան այդպիսի երկրներ, որտեղ չկա այդպիսի նախարարություն, բայց դրանք շատ քիչ են և առավելապես՝ նախագահաբռնապետական են։ Ձեր սփյուռքը, այն փաստացի ոչ մի իրավունք չունի։ Իհարկե, հարցը բարդ է, որովհետև իր ծավալներով այն կարող է ազդել ընտրությունների արդյունքի վրա և այլ։ Բայց կան երկրներ, որոնք ունեն լուծումներ։ Հույները նույնպես վախենում էին, որ իրենց ամերիկացի հայրենակիցների ձայնը վճռորոշ կլինի ընտրություններում, բայց նրանք որոշեցին, որ Հունաստանում ընտրության մասնակցելու իրավունք կունենան միայն ԵՄ անդամ–երկրներում բնակվողները։ Կա նաև այլ օրինակ՝ Թուրքիան։ Յուրաքանչյուր թուրք իրավունք ունի քվեարկելու, բայց բացառապես միայն Թուրքիայի տարածքում։ Այնտեղ անգամ օդանավակայաններում կան ընտրատարածքներ։ Հազարներով թուրքեր գալիս են Գերմանիայից միայն նրա համար, որ քվեարկեն, և նորից վերադառնում են»։

Այն, որ Հայաստանում կստեղծվի Ներքին գործերի նախարարություն, կառավարությունը հայտարարեց դեռ այս տարվա ապրիլին, իսկ սփյուռքի ներուժը օգտագործելու մեխանիզմները պարբերաբար մշակվում են։

Կարդացեք նաև

Back to top button