
Ինչի՞ց սկսվեց, ու ինչո՞ւ են Երևանի ավագանու շուրջ 4 տասնյակ անդամներ անվստահություն հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին։ Ավագանու՝ անվստահություն հայտնող անդամների հետ օրվա ընթացքում հիմնականում կապ հաստատել չհաջողվեց․ գրեթե բոլորն անջատում էին հեռախոսը։ Պատասխանողներն էլ հիմնականում չեն մեկնաբանում իրենց քայլը։
Նուարդ Վարդանյան․ «Ես քաղաքական թիմի անդամ եմ, և այդ թիմի կողմից կայացված յուրաքանչյուր քաղաքական որոշմանը կողմ եմ լինելու։ Մեկնաբանությունները, կարծում եմ, ավելի ուշ կտրվեն խմբակցության ղեկավարի կողմից»։
Ավագանու իմքայլական անդամ Վիլեն Գայֆեջյան․ «Հիմա ոչինչ չեմ կարող ասել, վերջում կիմանաք»։
Միայն ավագանու անդամ Արմեն Կոտոլյանը խոստովանեց՝ ինքն, այո, մասնակցել է ստորագրահավաքին, թեև դարձյալ չհիմնավորեց սեփական որոշումը։ «Ես ինքս, այո, մասնակցել եմ, համաձայնվել եմ։ Պատճառների մասին կխնդրեմ խմբակցության ղեկավարից ճշտեք։ Ես ինձ չեմ ուզում իրավունք վերապահել դրա մասին խոսել»,-ասաց։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանից, սակայն, չհաջողվեց որևէ մեկնաբանություն ստանալ, նա անջատում էր հեռախոսը։ Մինչ ստորագրահավաքին մասնակցողները խուսափում են պատճառների մասին բարձրաձայնել, Երևանի ավագանու որոշ անդամներ հրապարակավ հայտարարում են, որ չեն միանալու Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը։ Մասնավորապես, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանմ իր ֆեյսբուքյան էջում հայտնել է՝ չի մասնակցում ստորագրահավաքին։

«Ես, որպես ավագանու անդամ, ոչ մի ստորագրություն չեմ տվել, չեմ էլ տալու, անվստահություն հայտնելու պատճառ չունեմ և համարում եմ, որ դա չի բխում Երևանի շահերից։ Ուզում եմ հիշեցնել, որ քաղաքապետի մանդատն առաջնային մանդատ է, նա ընտրվել է Երևան քաղաքի բնակիչների կողմից՝ ուղիղ։ Ավագանին ֆորմալ կարող է քաղաքապետ փոխել, բայց Երևանցիներն ուզու՞մ են փոխել»,-ասված է գրառման մեջ։ Ստորագրահավաքին չի մասնակցել նաև ապագանու իմ քայլական անդամ Գրիգոր Երիցյանը։
Ավելին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ իրեն նույնիսկ չեն էլ առաջարկել մասնակցել ստորագրահավաքին։
«Ես խմբակցության ներհանդիպումներին իմ տեսակետը հայտնել եմ, որ այս գործընթացին չեմ միանալու և չունեմ որևէ պատճառ դրան միանալու։ Որպեսզի անվստահություն հայտնեմ քաղաքապետին, դժգոհ լինեմ իր աշխատանքից, պետք է ունենամ հստակ պատճառներ հանրությանը ներկայացնելու։ Ես այդ պատճառները չունեմ, իսկ իր աշխատանքը գնանատում եմ դրական։ Վերջերս տրանսպորտի հարցում էլ ունենք աննախադեպ առաջընթաց»։
Անվստայություն հայտնելու պատճառների մասին էլ չգիտի, միայն կարող է ենթադրություններ անել․ Գրիգոր Երիցյան․
«Գիտեմ, որ որոշակի տարաձայնություններ կան քաղաքական առումով, բայց նաև համոզված եմ, որ այդ տարաձայնությունները կարող են լուծվել, և քաղաքն ու երևանցու շահը չպետք է տուժի այդ քաղաքական տարաձայնություններից։ Այս երկու օրերին լսելով երևանցիների արձագանքը, տեսնում ենք որ նոր քաղաքապետ ունենալու պահանջ գոնե հանրության շրջանում չկա։ Գործող քաղաքապետը պետք է շարունակի իրականացնել իր ծրագրերը, ինչը և բավականին արդյունավետ անում է»։
Թե ավագանու 65 անդամից քանիսն է իր ստորագրությունը դրել «անվստահության» ցուցակի տակ, հստակ չհաջողվեց պարզել, քանի որ ոչ բոլորն են բարձաձայնում իրենց որոշման մասին։ Խոսքը մոտ 4 տասնյակ մարդու մասին է։ Սա նշանակում է՝ մեծամասնությունը։
Ըստ լուրերի՝ դրան են միացել նաև ԲՀԿ-ական անդամները, թեև նրանց հետ ևս կապ հաստատել չի հաջողվել։
Վերադառնալով կարգին, թե ինչպես ու ինչ ընթացակարգով է հնարավոր անվստահություն հայտնել Երևանի քաղաքապետին։
Ըստ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 40-րդ հոդվածի՝ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը (21 հոգի) կարող է ներկայացնել քաղաքապետին անվստահություն հայտնելու որոշման նախագիծ: Այն պետք է ներառի ավագանու այն անդամի անուն-ազգանունը, որին նախաձեռնող խումբն առաջադրում է որպես քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև այն պետք է ստորագրեն նախաձեռնող խմբի բոլոր անդամները:
«Քաղաքապետին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10:00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ և գաղտնի քվեարկությամբ որոշվում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը: Քաղաքապետին անվստահություն է հայտնվում, եթե առաջադրված թեկնածուն (թեկնածուներից մեկը) ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Ըստ նույն օրենքի, ի թիվս այլ հանգամանքների, քաղաքապետի լիազորությունները կարող են դադարել նաև իր լիազորությունների (պարտադիր, պատվիրակված) ոչ պատշաճ իրականացման հիմքով՝ սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա կառավարության կողմից պաշտոնանկ արվելու դեպքում»,-ասվում է օրենքում:
Ինչպես կզարգանան իրադարձությունները․ մեծապես պայմանավորվում է ավագանու անդամների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպմամբ։ Այս ընթացքում Մարությանը հրապարակավ չի անդրադարձել իր դեմ սկսված այս գործընթացին, փոխարենը փորձել է վստահեցնել՝ իր տրամադրությունը չի փոխվել, աշխատանքը շարունակում է։ Մինչ ավագանու ՔՊ-ական անդամները Մարությանին հանդեպ «անվստահության» ցուցակի տակ են ստորագրում, քաղաքապետն իր հերթին ստորագրությունն այլ թղթերի տակ է դնում՝ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերի տակ։ Մարությանը նաև հշնորհակալություն է հայտնել արձագանքի և ջերմ խոսքերի համար։




