ԿարևորՀասարակություն

ՄԱԿ–ի միջազգային դատարանում գործն ավարտված չէ․ ավելի հիմնավոր անելիքներ կան

ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը չի բացահայտում, թե առաջիկայում ինչ ուղղություններով Հայաստանը կդիմի միջազգային դատարան։ Ասում է՝ նպատակահարմար չէ։ ՄԱԿ-ի միջազգային դատարանի՝ դեկտեմբերի 7–ի որոշումը նա սկիզբն է համարում, ծավալուն աշխատանքը դեռ առջևում է։ Իրավաբանն այսօր մանրամասն ներկայացրել է, թե նշված գործի որ դրույթներն են կարող նոր դիմումների հիմք դառնալ։ ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչը խոսել է նաև միջազգայում դատարանում Հայաստանի հաղթանակի ոչ միանշանակ ընկալման շուրջ։  

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի կարծիքով՝ եթե կան գերիների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր, ուրեմն, այն պետք է իրականացվի։ Ասում է՝ իրավական գործընթացներն անկախ  են միջազգային ատյաններում իրենց աշխատանքից։ Կիրակոսյանը չի կարծում, որ այդ աշխատանքներին ինչ-որ բան այստեղ խոչընդոտում է։

Մինչդեռ այս իրավիճակը այլ կերպ է գնահատում ընդդիմությունը։ Ի տարբերություն իրավաբան  Եղիշե Կիրակոսյանի՝ «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր, մասնագիտությամբ լեզվաբան և քաղաքագետ Քրիստինե Ստամբուլյանը գերիների քրեական հետապնդման դեպքերն այլ կերպ է ընկալում․

«Հերոսացնողն էլ են իրենք եղել համատարած՝ առանց անհատական նայելու, թե ինչ պայմաններում են գերի հայտնվել այն ժամանակ, և հիմա էլ՝ ամբողջականորեն տանում են գերիներին ոչ հերոսացման պրոցեսը։ Սրանով նրանք ադրբեջանական շահն են ակնհայտորեն տանում։ Նրանք չեն մտածում, թե ինչ տեղի կունենա նրանից հետո, երբ Ադրբեջանը տեսնում է, որ տղաներին այստեղ կալանքի են տանում։ Սա թերևս բերելու է մի վատ բանի, որ շատ շուտով մեր տղաները կարող են հրաժարվել Հայաստան վերադառնալ։ Դուք պատկերացնո՞ւմ եք, թե մենք ինչ միջազգային պրոցեսների մեջ ենք հայտնվելու։ Մեր տղաները կարող են խնդրել հայտնվել երրորդ երկրում և չվերադառնալ Հայաստան։ Սա լրջագույն խնդիր է»։

Խնդիրը ոչ թե հուզական, այլ իրավական դաշտում են դիտարկում վարչապետն ու Ազգային ժողովի նախագահը։ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ խորհրդարանում վկայակոչում էր համապատասխան օրենքն ու վարչապետի հայտարարությունը․

«Կանխակալ վերաբերմունք չեմ ձևավորում։ Ես ասում եմ, որ ՀՀ օրենքը, ինչպես նաև վարչապետն է խոսել դրա մասին ԱԺ ամբիոնից, Քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ նման դեպքերում պետք է պատասխանատվություն կրվի։ Ես տեսնում եմ, որ ֆեյսբուքում հաճախ հերոս բառը բավականին արժեզրկվել է՝ բոլորի նկատմամբ հավասար սանդղակ կիրառելու պատճառով։ ՀՀ բանակում կան բազմաթիվ հերոս տղաներ։ Նրանք շատ են, նրանք մեր հպարտությունն են, բայց, ցավոք սրտի, կան զինվորներ և սպաներ, որոնք իրենց պարտականությունը չեն կատարել, չեն պահել իրենց դիրքը, զենքը վայր են դրել և հանձնվել են գերի»։

ՄԱԿ-ի միջազգային դատարանում Հայաստանի ներքաղաքական այսպիսի զարգացումները որևէ ազդեցություն չեն ունենում։ Թեև միջազգային այդ ատյանը, որպես միջանկյալ միջոց, չպարտավորեցրեց Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին, բայց որոշման մեջ ընդունեց  այնպիսի ձևակերպումներ, որոնք Հայաստանում ընկալվեցին որպես հաղթանակ։ Սա ընդամենը գործի կեսն է, ավելի ճիշտ՝ առաջին փուլը։ Հերթական փուլն սկսվելու է շատ շուտով, և Հայաստանը հիմնովին պատրաստվում է դրան, –ասում է ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը․

«Հրատապ կամ ժամանակավոր միջոցների կիրառման մասին որոշումներն ունենք արդեն։ Հաջորդ փուլը լինելու է ավելի մանրամասն հայցադիմումի ներկայացման փուլը, որը, ամենայն հավանականությամբ, տևելու է երևի մեկ տարի։ Դրա արդյունքում ներկայացվելու է Հայաստանի ավելի խորքային և մանրամասն վերլուծությունը իրավական՝ դիրքորոշումների, պնդումների և պահանջների վերաբերյալ՝ զուգորդված ապացուցողական մեծ բազայով, որի աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս ուղղությամբ հստակություն մենք կունենանք մեկ ամսից, հունվարի կեսերին, երբ անհրաժեշտ ցուցումներ կունենանք արդարադատության միջազգային դատարանից։ Հետագայում սպասվում են կրկին լսումներ այս գործով, կրկին քննարկումներ։ Դեռ նոր է սկսվում այս ամեն ինչը, տարիների ընթացքում դեռ շարունակվելու է»։

Եղիշե Կիրակոսյանը այս պահին որևէ թիվ չի ասում, պարզապես նշում է, որ ներկայացրել են թե՛ Ադրբեջանի հաստատած փաստերը, թե՛ չհաստատված բավականաչափ ապացույցներ՝ գերիների մասով։

ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ մեկնաբանելով 2021թ. դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրապարակած Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած հրատապ միջոցների վերաբերյալ որոշումները, պնդում է․ երկրորդ կարծիք լինել չի կարող, դատարանի որոշումը Հայաստանի  հաղթանակն է։ Իրավաբանի ներկայացմամբ՝ դա փաստում է նաև Ադրբեջանի ցավագին արձագանքը որոշումների առնչությամբ: Որոշման կետերից հատկապես մեկը հետագա գործերի համար լավ հիմք է, ասում է Կիրակոսյանը՝ շեշտելով, որ դատարանի արձանագրումը նորություն էր․

«Դատարանն ընդգծեց, որ հատկապես, երբ նմանատիպ ատելության խոսքը և ատելության քարոզը իրականացվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից և պետական ինստիտուտների ներգրավմամբ, դա կարող է ստեղծել այնպիսի միջավայր, մթնոլորտ, որը կարող է սպառնալ անձանց ֆիզիկական և հոգևոն անվտանգությանը։ Սա վերաբերում է ազգությամբ հայերին։ Այդ իսկ պատճառով դատարանը հստակ պարտավորեցրեց, որ Ադրբեջանի պաշտոնատար անձինք կամ պետական ինստիտուտները չիրականացնեն որևէ ատելության խոսք կամ քարոզ, և Ադրբեջանին պարտավորեցնեն ձեռնարկել բոլոր միջոցները՝ կանխելու այս ամենը։ Սա, կարծում եմ, մեծ արձանագրում է, և դատարանի կողմից նման արձանագրում կատարելու պատճառը կամ հիմքը այն է եղել, որ այնքան զորեղ են եղել Հայաստանի ներկայացչած ապացույցները, որ դատարանը ընդգծում է արել նաև պաշտոնատար անձանց մասով։ Կարծում եմ՝ մենք էլ պետք է հասկանանք սրա առանցքային դերը»։  

Ըստ իրավաբանի՝ սա լավ հնարավորություն է՝ հանրության շրջանում միջազգային պրոցեսների նկատմամբ հավատի ամրապնդման, թերահավատ մոտեցումները բացառելու առումով։ Կիրակոսյանը թվարկում է նաև որոշման մեջ առկա մի շարք այլ ձևակերպումներ, որոնք նույնպես հետագա աշխատանքի հիմք կարող են դառնալ ինչպես մարդու, այնպես էլ մշակութային ժառանգության պաշտպանության իրավունքների տեսանկյունից։ Միջազգային դատարանի ուշադրությունից չի վրիպել նաև Ադրբեջանի ջանքերը՝ հայկական մշակույթը ոչնչացնելու, յուրացնելու և խեղաթյուրելու ուղղությամբ։

Այն, որ միջազգային ատյաններում նման գործերը հետևանք և արդյունք են ունենում, ըստ Կիրակոսյանի՝ փաստում են նաև Ադրբեջանի վարքագծի որոշ փոփոխություններ, ասենք՝ «ռազմավարի պուրակից» մանեկենների և սաղավարտների հեռացումը՝ հավաստիացմամբ, որ դրանք երբևէ հետ չեն բերվի։

Կարդացեք նաև

Back to top button