ԿարևորՀասարակություն

Վառելափայտից մինչև արևային տաքացուցիչ․ ինչպես են ջեռուցվում դպրոցները Սյունիքում

Սյունիքի մարզի 117 դպրոցներից ոչ բոլորն են գազաֆիկացված։ Կան դպրոցներ, որոնք տաքացվում են վառելափայտով, մի քանիսում էլ արեւային տաքացուցիչներ են տեղադրվել։ Մարզպետարանից հավաստիացնում են՝ մինչեւ 2026 թվականը մարզում չի լինի դպրոց, որ ջեռուցվի վառելափայտով։

Սյունիքի մարզի 117 հանրակրթական ուսումնական հաստատությունից՝ 5 ավագ դպրոց եւ մեկ հատուկ կրթահամալիր գործում են ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։ Սյունիքի  մարզպետարանի կրթության բաժնի պետ Հայկ Հարությունյանը վստահեցնում է, որ բոլոր դպրոցների բոլոր դասասենյակներում պահպանվում է անհրաժեշտ ջերմային ռեժիմը։ Ասում է՝ մարզի  դպրոցները  տարբեր կերպ են ջեռուցվում։

Հայկ Հարությունյան․ «55 դպրոց վառելափայտով է ջեռուցվում, 48 դպրոցում լոկալ ջեռուցում է ապահովված։ Մոտ 3 տարի է՝ դպրոցներում արեւային կայանների տեղադրման հետ կապված որոշ դպրոցներ նաև հոսանքով են ջեռուցվում»։

Ագարակ քաղաքի դպրոցում 682 աշակերտ է սովորում։ Տնօրեն Անժելա Աղայանի խոսքով, արդեն երկու տարի՝ դպրոցը մասնակի ջեռուցվում է արեւային տաքացուցիչներով։ Տաքացուցիչներ տեղադրված են, իհարկե, ոչ բոլոր դասասենյակներում։ Ծրագիրն իրականացվում է Եվրամիության ֆինասնավորմամբ։ Լսենք Անժելա Աղայանին․

«Սա 25-30 հազար եվրո արժողությամբ ծրագիր է, 120 էլեկտրասալիկ ունենք, յուրաքանչյուր դասասենյակում 3 սալիկ է տեղադրված, այսինքն, 40 դասասենյակ է ջեռուցվում։ Բոլոր աշակերտները ապահովված են, տվյալ էներգիայից օգտվում են։ Այդ ծրագրով չեն ջեռուցվում հաշվապահի, տեխնիկական աշխատոսների սենյակները, նաեւ միջանցքները»։

Այնուամենայնիվ, տնօրենը դժգոհ չէ։ Խնայում են գումարները, էկոլոգիապես մաքուր է, աշակերտների համար էլ օրինակ է, թե ինչպես պետք է խնայել  ռեսուրսները։ Անժելա Աղայան․

«Նախկինում ջեռուցում էինք սովորական երեքաչքանի պլիտաներով, որ 1, 7 կիլովատ էր ծախսում, հիմա ամեն մի դասարանում 3 էլեկտարասալիկ է տեղադրված։ Հզորությունը մեծ է՝ 2,1 կիլովատ, բայց լավ ջերմություն է ապահովում։ Նախկինում այդ պլիտաներով չէինք կարողանում ապահովել։ Մենք ծրագրով դնում ենք, թե քանի աստիճան պետք է լինի ջերմությունը, ենթադրենք՝ 22 աստիճան ցելսուս, ինքը հասնում է դրան, անջատվում է, երբ սառում է՝ նորից միանում է, ջերմաստիճանը բերում –հասցվում է անհրաժեշտ ցելսուսի»։

2018թ–ից, Շրջակա միջավայրի նախարության հետ պայմանավորվածությամբ, դպրոցներին մեկ խորանարդ մետր վառելափայտը վաճառվում է 16200 դրամ՝ 21600–ի փոխարեն։ Հայկ Հարությունյան․  ՝

«Այս պահին, մինչեւ տարեվերջ անհրաժեշտ վառելափայտը ձեռք ենք բերել անտառտնտեսության աջակցությամբ, մնացածի մասով էլ ունենք պայմանավորվածություն որ լիարժեք  կապահովվեն»։

Սյունիքի մարզպետարանում մտածում են անել այնպես, որ մինչեւ 2026թ․ մարզում վառելափայտով տաքացվող ոչ մի դպրոց չլինի։ Համայնքները, որոնք գազաֆիկացված չեն, կջեռուցվեն արեւային տաքացուցիչներով։

Կարդացեք նաև

Back to top button