
2022 թվականին հայկական Սփյուռքը կարևոր անելիք ունի՝ վերակազմակերպվել ու դուրս գալ կաղապարված մտածելակերպից։ Այս մտահոգությունն օրերս երիտասարդների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն և ասել, որ 2022 թվականը հայտարարում է Սփյուռքի տարի։ Կաթողիկոսը շեշտել է՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությունը կարգախոսից ազգային գաղափարախոսություն պիտի դառնա։
Հայաստանն ու Արցախը հայկական օրակարգի առաջնահերթ մտահոգություններն են՝ ասել է կաթողիկոսը և ընդգծել՝ Սփյուռքը ոչ թե պետք է թիկունք դարձնի Հայաստանից ու Արցախից, այլ պիտի վերակազմակերպվի:
Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններն ավելի արդյունավետ դարձնելու մասին մտածում են նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում։ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասում է՝ նպատակ ունեն Սփյուռքում ստեղծել ցանց, որում ներգրավված մեր հայրենակիցները որպես կամավորներ կօգնեն համակարգել մի շարք ծրագրեր, որոնք կօգնեն ամրապնդել Սփյուռքի հետ կապերը։

«Եթե ինչ-որ պահից մենք տեսնենք, որ վարձատրված չլինելը կամ աշխատանքային կարգավորված ժամեր չունենալը խնդիր է առաջացնում մեր համակարգողի մոտ, կամ խոչընդոտում են լավ աշխատանք անելուն, մենք կվերանայենք, բայց կարծում եմ որ նախնական այս մոդելով մեր մշակած ինստիտուտը կկայանա»,-ասում է Զարեհ Սինանյանը։
Սինանյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը ևս պարտավորություններ ունի Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ։ Սփյուռքից աջկացություն ու արդյունավետ համագործակցություն ակնկալելով՝ Հայաստանն ինքն էլ պիտի քայլեր ձեռնարկի․
«Հայաստանի Հանրապետության պարտավորվածությունը Սփյուռքի հանդեպ շատ մեծ է, ցանկացած պահի, երբ մեր հայրենակիցը ուզի ապրել Հայաստանում, պիտի ունենա դրա իրավունքը։ Այստեղ մենք գալիս ենք հայրենադարձության ենթակառուցվածքների բացակայության, համակարգված չլինելու հարցին, ինչը լուրջ խոչընդոտներ է ստեղծում այս հարաբերությունների հաստատման հարցում»,-ասում է Զարեհ Սինանյանը։

Սփյուռքի հետ տարվող աշխատանքների հայեցակարգում Սինանյանը կարևորում է հայրենադարձության կազմակերպման ենթակառուցվածքների ստեղծման, ռազմավարության մշակման հարցը։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդգծում է՝ այդ ռազմավարության մշակումն իրականում Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող նախապայմաններից է կախված՝ անվտանգ միջավայր, առաջատար առողջապահական և կրթական համակարգեր, զարգացող տնտեսություն, որպեսզի Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցը ցանկանա վերադառնալ Հայաստան, կամ Հայաստանում բնակվողը չուզենա մեկնել արտերկիր։




