ԿարևորՔաղաքական

Ահաբեկչությանն աջակցող երկրները պետք է ոչ միայն դատապարտվեն, այլեւ պատժվեն․ Արցախի պետնախարար

Հունաստանը, Կիպրոսը և Իսրայելը մտահոգված են տարածաշրջանային խաղացողների ՝ վարձկաններին աջակցելու , ֆինանսավորելու քայլերով, որոնք արձանագրվում  են տարբեր հակամարտություններում՝ տեղեկացնում է  Կիպրոսի ՆԳՆ–ն ՝ մատնանշելով  Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի , Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսի Երուսաղեմում վերջերս կայացած հանդիպումն ու քննարկումները։

Հակամարտություններում վարձկանների ներգրավումը  դատապարտող այս հայտարարության կարևորությունը գիտակցում են  հայկական կողմում։ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ողջունում է ընդունված փաստաթուղթը․

«Վարձկանների հարցը բարձր մակարդակով միշտ պետք է ներկայացվի, միջազգային հնարավոր բոլոր մեխանիզմները պետք է կիրառվեն, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն եւ կանխենք նմանատիպ հետագա  դեպքերը։ Որպես Արցախի հանրապետության քաղաքացի ու պետական նախարար՝ ակնկալում եմ, որ այս երկրները, բացի հայտարարությունից, նաեւ գործնական քայլեր կանեն, այդ թվում ՝ պատժամիջոցներ կկիրառեն պատասխանատու կողմերի հանդեպ»։ 

Արցախյան 44–օրյա պատերազմի ողջ ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմից բացի հայերի դեմ կռվում էին նաեւ մեծ թվով վարձկաններ։ Նրանցից մի քանիսին հայկական կողմը ձերբակալեց։  Տարածված տեսագրության մեջ փաստվում էր,  թե ինչպես են նրանք ընդունում , որ  սիրիացի վարձկաններ են, որ իրենց հայերի դեմ պայքարելու համար վարձել են ադրբեջանցիներն ու թուրքերը։

44-օրյա պատերազմի ավարտից հետո, սակայն, նրանց մեծ մասը չլքեց  տարածաշրջանը։ Ավելի ուշ իրանական հետախուզությունը պարզեց եւ հայտարարություն տարածեց, որ նաեւ իսրայելական վարձկաններ կան տարածաշրջանում՝ իր սահմաններին մոտ։  

«Ինձ համար զարմանալի է Իսրայելի միանալը այդ հայտարարությանը, քանի որ այդ երկիրը շատ ավելի մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին այս պատերազմում, քան վարձկանները»,– նկատում է Արտակ Բեգլարյանը։

Հունաստանի, Կիպրոսի ու Իսրայելի կողմից հակամարտություններում վարձկանների ներգրավումը դատապարտելուց հետո Թուրքիայի ղեկավար Էրդողանը հայտարարեց, թե պատրաստ է բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ նախապայմանով, թե այդ երկիրը պետք է ավելի զգայուն քաղաքականություն ցուցաբերի պաղեստինցիների նկատմամբ։  Իսրայելը չի շտապում պատասխանել Էրդողանին,  փոխարենը զարգացնում է կապերը   Թուրքիայի պատմական հակառակորդներ Հունաստանի եւ Կիպրոսի հետ՝ էներգետիկայի եւ պաշտպանության ոլորտներում: Թուրքագետ Հակոբ Չաքրյանը բնական  է համարում Հունաստանի ու Կիպրոսի կողքին Իսրայելի ներկայությունը և հայտարարությանը միանալը։

«Պարտադիր չէ, որ դա վերաբերի Հարավային Կովկասին։ Մերձավոր Արեւելքում, օրինակ, Իսրայելը բավականին զգայուն է եղել վարձկանների դեմ պայքարի հարցում։ Երկար տարիներ պաշտպանելով երկրի սահմանները, անվտանգությունը՝ սեփական քաղաքացիների կյանքը ապահովել չի կարողացել, քանի որ Թել Ավիվում ու այլուր մահապարտներն իրենց պայթեցնում էին։ 

Թուրք–իսրայելական հարաբերությունները պարբերաբար սրվում են, առիթները տարբեր են։ 2009–ին, օրինակ, Դավոսում Թուրքիայի վարչապետ Էրդողանն իր  ելույթում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին «ծեր ստախոս» անվանեց եւ լքեց դահլիճը։ Թուրքագետը հիշեցնում է ՝ տեւական ժամանակ է, ինչ  ոչ Թուրքիան դեսպան ունի Իսրայելում, ոչ էլ Իսրայելը՝ Թուրքիայում, ինչը որոշակի մեսիջ է այդ երկրների հարաբերությունների մասին։

«Արդեն երկար ժամանակ է Իսրայելը դեսպան չունի Թուրքիայում, հավատարմատարի միջոցով են հարցեր լուծում, ոչ էլ Թուրքիան դեսպան ունի Իսրայելում։ Ըստ երեւույթին հակաթուրքական բլոկում ներառել են նաեւ Իսրայելին, քանի որ Թուրքիան բացահայտ թշնամական քաղաքականություն է վարում Իսրայելի հանդեպ կամ էլ խաբում է միջազգային հանրությանը»։

Վարձկանների դեմ պայքարը, թուրքագետի  դիտարկմամբ, պետք է գործնական բնույթ ստանան։

Կարդացեք նաև

Back to top button