
Վրաստանի որոշ հայկական դպրոցներ դեռ սպասում էն Հայոց լեզվի և գրականության դասագրքերին։ Որոշ դպրոցներ էլ թեև ստացել են, սակայն, բավարար չեն համարում։
Հայաստանի և Վրաստանի կրթական ոլորտի պատասխանատուներն վստահեցնում են Հայաստանից Վրաստանի ԿԳՆ-ի միջոցով դասագրքերի առաքման հետ կապված խնդիրներ այլևս չկան։
Մայրաքաղաքի Թբիլիսիի միակ ամբողջովին հայկական դպրոցը` թիվ 104-ը, դեռևս չի ստացել Հայոց լեզվի և գրականության դասագրքերը։ Տնօրեն Իրինա Ժամկոչյանը «Ռադիոլուրին» ասաց, որ սպասում են։
«Այս ուսումնական տարվա համար մենք դեռ ոչ մի գիրք չենք ստացել։ Հայտերը, իհարկե, ուղարկել ենք, թե որքան է պետք։ Եղած գրքերով շարունակում ենք ուսումնական գործընթացը, սակայն, հույս ունենք շուտով կստանանք»։
Վրաստանի Կրթության և գիտության նախարարության ոչ վրացալեզու դպրոցների հարցերով մասնագետ Կարինե Մանուկյանը վստահեցրեց՝ դասագրքերն առաջիկա օրերին բոլոր դպրոցներին կտրամադրվեն։
Մառնեուլիի շրջանի հայաբնակ Դամիայի դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լյուդմիլա Նալբանդյանը (Բադալյան) փոխանցեց՝ իրենք ստացել են, սակայն այս տարի ևս իրենց չեն բավականացնում դասագրքերը, հարևան գյուղերից են խնդրում կամ Հայաստանից բերում։

«Մի քանի աշակերտ մշտապես մնում է առանց դասագիրք։ Ավելի շատ գրքեր, գուցե իրենց պետք էլ չի, ուղարկվում է Ջավախք։ Մեզ մի քիչ այլ աչքով են նայում։ Հայաստանը վրացական Սփյուռք հիմնականում ընդունում է Ջավախքին, մինչդեռ Մառնեուլիի շրջանում շատ հայկական գյուղեր կան»։
Հայաստանի ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը վերջերս «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել էր, որ Վրաստան առաքվող դասագրքերի հետ կապված այլևս խնդիրներ չկան․
«Մենք Վրաստանի ԿԳՆ-ի միջոցով տարեկան մի քանի հազար գիրք ենք ուղարկում վրաստանի հայկական կրթական ծրագրեր ունեցող դպրոցներին։ Վրաստանի ԿԳՆ-ն ընդունում է հայտերը և տրամադրում ըստ այդմ։ Մեծ հաշվով այդտեղ մենք խնդիրներ չունենք»․
նախարարությունը 11 երկրի սփյուռքի կրթօջախներին դասագրքերի և այլ ուսումնական գրականության տրամադրման բյուջետային ծրագրի շրջանակում անցյալ տարի տրամադրել է ավելի քան 26 հազար կտոր գիրք: Դրանցից ամենաշատը՝ ավելի քան 13 հազարը Վրաստանի՝ հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցներին։
Փոխնախարարի խոսքով, նախարարությունն փոփոխություններ է նախատեսում, առաջիկայում կախված տվյալ համայնքի պահանջներից ավելի տարբերակված մոտեցում է ցուցաբերելու։




