
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Արմավիրի մարզի գյուղերում բերքահավաքի եռուն շրջան է սկսվել, ամենուր կարելի է տեսնել բերքով լի բեռնատարների, որոնք կամ մեծածախ շուկա են գնում, կամ էլ դուրս են գալիս Հայաստանի սահմաններից: Արգավանդում այժմ վրացիները գյուղացիներից սեխ են գնում, տեսակավորում և ըստ չափերի սահմանում գինը` 1 կգ-ը 40 դրամից մինչև 100դրամ: Տեղում մեծածախ վաճառքի կազմակերպումը գոհացնում է գյուղացուն, որը նվազեցնում է իրացման ծախսերն ու դժվարությունները։
Արգավանդում գյուղացիները լավ են հասկացել հողի լեզուն, տարբեր հողակտորներում տարբեր մշակաբույսեր են աճեցնում, սակայն լավ բերք ստանալու համար մեծ ներդրումներ են պահանջվում, իրենք չունեն այդ հնարավորությունները: Վարկերը վերցնում են, ներդնում, լավ բերք չստանալու դեպքում շատ հաճախ տուժում են, և մի վարկը մարում մեկ այլ վարկով:
Նախորդ տարվա համեմատությամբ այս տարվա բերքը քիչ է: Բերքի հասունացման շրջանում նրանց հոգսը թեթևացնում են վրացիները, որոնք տեղում են կազմակերպում վաճառքը և ազատում շուկայում իրացման դժվարություններից: Վրացի գործարար Նիկոլո Սլախաձեն նշեց, որ սեխի մաքսազերծման 1 կգ գինը 100 դրամ է, համեմատաբար ավելի էժան, քան՝ ծիրանի ու խաղողի մաքսազերծումը, որի պատճառով իրենք չեն արտահանում ծիրան ու խաղող։




