ԿարևորՔաղաքական

Վրաստանը, Հայաստանը եւ Մաքսային միությունը

Գիտա Էլիբեկյան

«Ռադիոլուր»- Թբիլիսի
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/050913Gita.mp3
Վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունը տարակուսանք է առաջացրել վրացի քաղաքագետների ու վերլուծաբանների շրջանում: Մինչ այդ՝ Մաքսային միությունում Վրաստանի ներգրավվածության հարցը որպես այդպիսին չէր քննարկվում: Սակայն, որոշ քաղաքագետներ, հիմնականում ընդդիմադիր, կարծում են, որ դրանով վարչապետը այն օրակարգ է բերում:

Նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Դավիդ Դարչիաշվիլիի կարծիքով՝ վարչապետի քայլը երկու բացատրություն կարող է ունենալ. «առաջին, որ նա փորձի պակաս ունի, երկրորդ` դրա հետևում ինչպես որ մենք ենք ենթադրում, կա մի ուժ, որը փորձում է փոխել երկրի արտաքին քաղաքական ուղին»:

Իսկ վարչապետի «Վրացական երազանք» կոալիցիայի անդամները հայտարարությունը դիտում են որպես Ռուսատանի հետ հարաբերությունները բարելավելու քայլ: Կոալիցիայի Հանրապետական կուսակցության ղեկավարներից Լեւան Բերձենիշվիլին նկատում է, որ «վարչապետ Իվանիշվիլին ընդամենը ասում է, որ մենք կարող ենք քննարկել բոլոր միությունները, բայց դա չի նշանակում կմիանանք, և բացի այդ վարչապետը հեռանում է քաղաքականությունից»:

«Ես որպես Վրաստանի խորհրդարանի պատգամավոր հայտարարում եմ, որ Վրաստանը չունի նման մտադրություն, մենք երբեք չենք մտնի Մաքսային միություն, ինչպես նաև Եվրասիական միություն, Վրաստանը հստակ կողմնորոշում ունի` դեպի ԵՄ ու ՆԱՏՕ», «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց Բերձենիշվիլին եւ ասաց, որ Հայաստանի համար առանձնահատուկ իրավիճակ է և դրան ըմբռնումով են մոտենում։

Եվ իշխանամետ և ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ Հայաստանը մտնելով Մաքսային միություն, հնարավոր է որոշ խնդիրներ ունենա Վրաստանի հետ: Բանն այն է, որ տնտեսական ոլորտում երկու հարևանների միջև առկա է ազատ առևտրի համաձայնագիրը և տնտեսական կապերի զարգացման համար նպաստավոր պայմաններ ստեղծող մի շարք համաձայնագրեր կան: Սակայն նրանք կարծում են՝ կարելի է որոշ փոփոխությունների շնորհիվ հարցերը կարգավորել:

«Ես վստահ եմ, որ Հայաստանի ու Վրաստանի միջև ոչ մի խնդիր չպետք է լինի: Մենք դրանք կլուծենք մեր բարեկամության շնորհիվ: Անկախ նրանից, թե ինչ միությունների կանդամակցեն մեր երկրները, մենք միշտ կմնանք բարեկամներ ու կանենք ամեն ինչ՝ տնտեսական լավ հարաբերություններ ունենալու համար»:

«Բազմազգ Վրաստան» կազմակերպության ղեկավար Առնոլդ Ստեփանյանն էլ առանձնացնելով Հայաստանի ու Վրաստանի քաղաքական իրավիճակների մեծ տարբերությունը, նկատեց, որ այդ դեպքում երկու հարևանների միջև առեւտրատնտեսական հարաբերությունները, իհարկե, չեն լինի այնպիսին, ինչպիսին կուզենայինք։

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Կախա Գոգոլաշվիլին ևս հաստատելով, որ Իվանիշվիլիի հայտարարությունն ընդամենը «նրբանկատ ժեստ» էր իր հյուսիսային հարևանի նկատմամբ, նշեց, որ Հայաստան-Վրաստան տնտեսական հարաբերություններում, մասնավորապես ազատ առևտրի հարցում, կա մի ելք։ «Եթե Մաքսային միության մյուս անդամները իրավունք տան Հայաստանին որոշ երկրների հետ, օրինակ Վրաստանի, պահպանել ազատ առևտրի ռեժիմը, ապա հնարավոր է, որ ազատ առևտուրը երկու երկրների միջև շարունակվի: Բայց չշփոթենք, այս ամենը ոչ մի կերպ չի կարող ազդել Վրաստանի միջոցով հայկական բեռնափոխադրումների գործընթացի վրա»:

Կարդացեք նաև

Back to top button