ԿարևորՀասարակություն

Նրանք մեզ զրկել են սխալվելու իրավունքից․ Վահագն Ասատրյանի հարազատները՝ 1 տարի անց

Մեկ տարի առաջ այս օրը Հադրութում զոհվեց ՀՀ ազգային հերոս, ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանը։ Գնդապետ Ասատրյանը ռազմական 5 բուհ էր ավարտել։ Ազգային հերոսի բարձր կոչմանն արժանացել է հետմահու։ Ասատրյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը 44-օրյա պատերազմում մասնակցել է մի շարք մարտական գործողությունների Օմարում, Մեխակավանում ու Հադրութում։

Խիստ հրամանատար ու սովորեցնող ուսուցիչ, զինակիցների ընկեր, թշնամու՝ ահ ու սարսափ․ ՀՀ ազգային հերոս, ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանի հարազատները, ընկերներն ու ծառայակիցները հավաքվել են Եռաբլուրում։ Խնկարկում, հիշում են հայրենիքի ու հատկապես իրենց հերոսին։ Վահագն Ասատրյանը զոհվեց մեկ տարի առաջ այս օրը՝ Հադրութում․

«Տանը բացարձակ իր կերպարը չէր զգացվում։ Երբ ինչ-որ շքանշան էր ստանում, մենք շնորհավորում էինք, հպարտանում էինք, բայց ինքը քո համար ուրիշ կերպար է եղել, ինքը եղել է քո Վահագը, մեր բոլորի ժպիտը, հումորը, մեր ընտանիքի կոլորիտն էր Վահագնը»։

Լաուրա Մանուկյանն է՝ զարմուհին։ Ասում է՝ քեռին բոլոր հավաքույթների հոգին էր։ Տուն բերած մեդալներով հպարտանում էին, բայց Վահագն իրենց հերոսն էր անգամ առանց դրանց․

«Մենք ամեն կիրակի միասին հավաքվում էինք, կորոնավարակի ժամանակ լոտո էիքն խաղում, հումորներ էր անում։ Մի հատ սովորություն ուներ․ թաքուն կդներ հեռախոսը մի տեղ ու մեզ բոլորիս կնկարեր, հետո ենք հեռախոսի միջից վիդեոները գտել»։

Լաուրան ասում է՝ մեկ տարվա ընթացքում չի եղել մեկ դեպք, երբ գա Եռաբլուր ու քեռու շիրմի մոտ չտեսնի անծանոթ մարդկանց․

«Ես առանձին եմ սովորաբար գալիս, լրիվ անծանոթ մարդկանց եմ տեսնում, բացարձակ, որ ո՛չ տեսել եմ, ո՛չ ճանաչել եմ էն ժամանակ․․․ լացում են, նեղվում են, ծաղիկը թողնում են, գնում»։

Այսօր Եռաբլուրում նրանք ավելի շատ են։ Ասատրյանի մարտական կենսագրության մանրամասներին ծանոթները փաստում են՝ այլ կերպ չէր կարող լինել․ հրամանատարը հետք է թողել բոլոր ծառայակից զինվորների կյանքում։ Եռաբլուրում են ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Վահագն Ասատրյանը առանձնահատուկ հրամանատար է եղել առաջին հերթին մարդկային իր հատկանիշներով, ենթակաների նկատմամբ հավասար վերաբերմունքով։ Փաստ է, որ նա զոհվել է իր ենթականերից մեկին մարտի դաշտից հանելու, փրկելու ժամանակ»,- ասում է Սեյրան Օհանյանը։

«Պարոն Ասատրյանը զբաղեցրել է մի շարք հրամանատարական պաշտոններ, և ամենուր հանդես է բերել միայն բարձր կամային հատկանիշներ, մասնագիտական բարձր կարողություններ, և դրա արդյունքն է, որ վստահվեց այս զորամասի հրամանատարությունը։ Իսկ որպես ընկեր՝ կարող եմ ասել, որ հիանալի ընկեր էր և հիանալի մարդ, նաև հիանալի ընտանիքի հայր էր»,-պատմում է Արշակ Կարապետյանը։

Այս ամենի ճշմարտացիությունը ամենայն մանրամասնությամբ զգացել են հատկապես նրա ընկերները։ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ղականյանը հպարտությամբ է նշում՝ 14 տարեկանից միասին ընտրել են զինվորականի պատվավոր ճանապարհը․

«Վահագնը գիտակցաբար իր առաջ դրած մարտական խնդիրները անտրտունջ և նվիրումով իրականացնում էր, խնայելով ջանք ու եռանդ, չխնայելով առողջություն և, ինչպես ականատես եղանք, չխնայելով իր կյանքը։ Պետք է գիտակցենք, որ նրանք մեզ ուղղակի զրկել են սխալվելու իրավունքից։ Եվ պիտի դաստիարակենք ու ուսուցանենք մեզ ենթակա զորքերը, սերունդներ պետք է դաստարակվեն նրանց օրինակով, որովհետև այսօր յուրաքանչյուրս ենք մարմնավորում թե՛ Վահագն Ասատրյանին, թե՛ մեր բոլոր Հերոսներին»։

Ազգային հերոս Վահագն Ասատրյանն իր հերոսներն ուներ՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանը, Մոնթեն, իր քեռին՝ գեներալ Աստվածատուր Պետրոսյանը։

Այժմ նորօրյա հերոսը հանգչում է Եռաբլուրում՝ հենց նրանց կողքին։

Կարդացեք նաև

Back to top button