
Հայաստանում բարձրագույն կրթությամբ շատ կանայք մայրանալուց հետո հաճախ դուրս են մնում աշխատաշուկայից։ Փորձը ցույց է տալիս, որ քիչ չեն նաև օրինակները, երբ կանայք աշխատավայրում դժվարություններ են ունենում, երբեմն էլ արժանանում են խտրական վերաբերմունքի ՝ հղիության կամ մանկահասակ երեխա ունենալու հանգամանքով պայմանավորված։ Վերջերս կատարված մի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական կառավարման մարմիններում և գերատեսչություններում ստեղծված չեն այն նվազագույն պայմանները, որոնք անհրաժեշտ են վաղ մայրության փուլում աշխատանքի վերադառնալու համար։ Ուսումնասիրությունը կատարել է «Կետ 33» հասարակական կազմակերպությունը՝ «Վաղ մայրության փուլում գտնվող կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանության ջատագովություն» ծրագրի շրջանակում, «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հետ։
Մանուշակ Վահրամյանին ամեն օր աշխատանքի է ուղեկցում մեկ տարեկան Ջուլիան։ Դեմ չէ, որ մայրիկը աշխատի, բայց միայն մի պայմանով, կոլեկտվի անբաժան մասնիկը պետք է դառնա նաև ինքը։ Իրականում՝ Մանուշակ Վահրամյանն այն բացառիկներից է, որի գործատուն ստեղծել է պայմաններ, որոնք անհրաժեշտ են վաղ մայրության շրջանում գտնվող և կրծքով կերակրող մոր համար։ Մեկ ու կես տարեկան Ջուլիան մեր զրույցի ժամանակ էլ մայրիկի կողքին էր և
փորձում էր չխանգարել նրան։ Սովոր է, որ մայրը կարող է զբաղված լինել, արդեն մի քանի ամիս՝ նա էլ է մայրիկի հետ հավասար աշխատանքի է գնում․
«Մեր աշխատավայրում մայրիկները շատ էին։ Երեք մայրիկ էր այս տարիքի երեխայով։ Ղեկավարությունը որոշեց փոքր խաղասենյակ ունենալ, դայակ վարձել, որպեսզի այդ մայրիկները կարողանան գալ աշխատանքի։ Սկսեցինք աշխատանքի միասին գնալ։ Հիմա ես լիարժեք կենտրոնանում եմ աշխատանքի վրա։ Ինքը դայակի հետ է զբաղվում, այգում է զբոսնում, մյուս աշխատակիցների հետ է զբաղվում»։
Քրիստինեի բախտը գործատուի հարցում այդքան էլ չի բերել։ Տարիներ առաջ լրագրությամբ էր զբաղվում, երբ ծնվեց առաջնեկը։ Երեխայի համար հատկացվող խնամքի արձակուրդում գտնվող կինը երեխայի երկու տարեկանը լրանալուց հետո որոշում է վերադառնալ աշխատանքի, բայց գործատուն տեղեկացնում է, որ 2 տար ին չափազանց երկար ժամանակ է աշխատանքից բացակայելու համար, և ազատում է աշխատանքից․
«Քանի որ մեր պետական մանկապարտեզները երեք տարեկանից են ընդունում, մսուր բաժին չկա, ստիպված տանելու էի մասնավոր մանկապարտեզ, որովհետև ուրիշ խնամող չունեի։ Մինչև մանկապարտեզ տեղավորեցի ու աշխատանքի դուրս կգայի, ինձ զանգեցին, զգուշացրին, որ շատ երկար եմ մնացել դեկրետում, ինձ աշխատանքից ազատում են, գնամ, դիմում գրեմ»։
Քրիստինեն մեկն է այն բազմաթիվ կանանցից, որոնք երեխայի խնամքի արձակուրդից հետո կորցրել են աշխատանքը, մինչդեռ մեր երկրում մայրության պաշտպանության վերաբերյալ բավարար օրենսդրական կարգավորումներ կան։ Մի բան է կարգավորումները օրենսդրորեն ամրագրելը, մեկ այլ բան՝ դրանք գործնականում կիրառելը,-«Ռադիոլուր»-ին ասում է «Կետ 33» հասարակական կազմակերպության ղեկավար Աստղիկ Կարապետյանը․
«Օրենսդրությունը բավարար է, որպեսզի հետամուտ լինես ու դատական կարգով պաշտպանես քո իրավունքը, սակայն կոնֆլիկտի դեպքում չեն ուզում դիմել դատարան, որովհետև կա կարծրատիպային մտածելակերպ, որ դու գործ տվող ես, մյուս կողմից՝ չեն ուզում հարաբերությունները փչացնել նախկին գործատուի հետ, ընդհանրապես, դատական քաշքշուկները բավական ժամանակատար և ծախսատար են»։
Հետազոտությունները ցույց են տվել, որ անգամ մեր պետական կառավարման մարմիններում և գերատեսչություններում ստեղծված չեն այն նվազագույն պայմանները, որոնք անհրաժեշտ են վաղ մայրության փուլում աշխատանքի վերադառնալու համար։
«Հետազոտության շրջանակում մի շարք գերատեսչությունների տեղեկություն ստանալու հարցումներ ուղարկեցինք՝ կապված կերակրասենյակների, աշխատանքային ժամերի հետ, մեզ չէր պատասխանել միայն ՊՆ-ն։ Մյուս բոլոր նախարարությունները, նաև նախագահի աշխատակազմը, ԱԺ աշխատակազմը, վարչապետի աշխատակազմը, բոլոր տեղերում կերակրասենյակներ չկան։ Պատճառաբանվում է, որ կարիքը չի եղել։ Իրականում, գործատուն և պետությունը, որպես գործատու, կարծում ենք, որ հենց ինքը պետք է ստեղծի կերակրասենյակ և դրանով խրախուսի իրավունքի իրացումը»։
Վաղ մայրության շրջանում գտնվող կնոջ իրավունքները ոտնահատրվում են ոչ միայն աշխատավայրում՝ անհրաժեշտ պայմանների բացակայությամբ։ Փաստաբան Գևորգ Սլոյանը մեկ այլ տարածված խնդիր է նշում․
«Շատ տարածված պրակտիկա է, որ կնքում են ծառայությունների պայմանագիր։ Աշխատանքային օրենսգրքի բոլոր երաշխիքները այս պարագայում վերանում են։ Ցանկացած պահի, երբ գործատուն իմացավ, որ իր աշխատողը, որը ծառայությունների մատուցման պայմանագրով է աշխատում, հղի է և պատրաստվում է երեխա ունենալ, շատ հանգիստ լուծում է պայմանագիրը, և մարդը փաստի առջև է կանգնում»։
Ընտանիք կազմելը և երեխա ունենալը բարդ և պատասխանատու գործ է աշխատող ծնողների, հատկապես ՝ կանանց համար։ Շատ ավելի խոցելի են այն կանայք, որոնք վստահ չեն, որ մայրանալուն կամ հղիանալուն զուգահեռ կպահպանեն աշխատանքը։ Ու թեև կան օրենսդրությամբ ամրագրված իրավունքներ, գործնականում դրանք հաճախ չեն կիրառվում, ավելին, անտեսվում է այս կանանց՝ որպես տնտեսապես ակտիվ, աշխատող, հարկեր վճարող անձանց ներուժը, ինչը բացասաբար է ազդում նաև կնոջ՝ ևս մեկ երեխա ունենալու որոշման վրա։





