
Հայաստանում Covid-19-ի դեմ օգտագործվող «Ակտեմրա» դեղամիջոցը ՀՀ-ում ունի ընդհատակյա արտադրություն․ ահազանգը փաստաբան Լուսինե Վիրաբյանինն է, ով պնդում է՝ իր կասկածները հիմնավոր են, ու դրանց հիմքով այսօր քրեական գործ կա հարուցված։ Վիրաբյանը «Ռադիոլուրին» փոխանցել է, որ նշված քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացվել, սակայն չի հայտնաբերվել այն անձը, ումից ձեռք է բերվել անհայտ ծագման դեղամիջոցը և ներարկվել հիվանդին։
Փաստաբանին կասկածելի են թվում ոչ միայն դեղի ծագումը, դրա քողարկված առուվաճառքը, այլեւ այն, թե ինչու է քննիչի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել, ընդ որում՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Փաստաբանն այդ որոշումը վիճարկում է ու հույս ունի, որ հանրապետության մի շարք հիվանդանոցներում քովիդի դեմ անհայտ ծագման դեղի կիրառման խնդիրը կպարզվի։
Կորոնավիրուսի բուժման ընթացքում մի շարք բուժկենտրոններում կիրառվող 700.000 դրամանոց դեղը ձեռք է բերվում ոչ թե դեղատնից, այլ, բառի բուն իմաստով, փողոցից՝ ահազանգում է փաստաբան Լուսինե Վիրաբյանը։ Սա միակ կասկածելի հանգամանքը չէ, որ Վիրաբյանի ուշադրությունը գրավել է․ «Ակտեմրա» դեղամիջոցի առուվաճառքի ու արտադրության մասին բազմաթիվ հարցեր կան՝ ասում է։
Քաղաքացին, որը դիմել է փաստաբանին, «Սուրբ Մարիամ Աստվածածին ԲԿ-ի քովիդ-կենտրոնից դուրս գրվելուց հետո է միայն իմացել, որ իրեն ներարկել են «Ակտեմրա» դեղամիջոց։ Գուցե դեղը նպաստել է իր առողջացմանը՝ քաղաքացին մասնագիտական գնահատումներ անել չի կարող, բայց դժգոհում է՝ ինչ իրավունքով են առանց իր իմացության իրեն դա ներարկել։ Դեղը, ըստ փաստաբանի տվյալների, ինչ-որ միջնորդ անձից ձեռք են բերել հարազատները, որը բավականին կասկածելի ճանապարհով է այն ձեռք բերել, նկատում է զրուցակիցս։
«Բնականաբար հարց է բարձրացվել, թե որ դեղատնից է ձեռք բեևրվել, կամ որտեղ է ՀԴՄ կտրոնը։ Սկզբնական շրջանումխուսափել է պատասխանից, հետագայում ասել,թե դեղը ձեռք է բերել փողոցից, իր ասելով, ծառի տակ կանգնած, հեռախոսով խոսելիս ինչ որ մեկը լսել է, ունեցել է այդ դեղը, բերել է: Գործնականում նման բան հնարավոր չէ»։
Ի դեպ՝ հենց այդ միջնորդն է առաջարկել դեղը կիրառել, ինչին եւ բժիշկները չեն առարկել։ 34 տարեկան քաղաքացու բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել խարդախության հատկանիշներով, «Ռադիոլուրին» հայտնեց Լուսինե Վիրաբյանը։
«Այն անձը, ով կապ է ունեցել բուժող բժիշկի հետ, հիվանդի ընտանիքից 700 հազար դրամը վերցրել է, ձեռք է բերել այդ դեղամիջոցը, հիվանդը դուրս գրվելուց հետո է միայն տեղեկացել, որ հավանաբար այդ դեղամիջոցի կիրառմամբ է ինքը վերակենդանացման բաժանմունքից անգիտակից վիճակից դուրս եկել, այնինչ հիվանդը երբևէ անգիտակից վիճակում չի եղել»։
Մինչ դեղի ներարկումը՝ քաղաքացի Ա․Ղ․ի հարազատներին ներկայացվել է, որ իրենց հիվանդն անգիտակից է, կյանքը՝ վտանգված։ Այս հանգամանքներում, ըստ փաստաբանի, դեղը միջնորդը «լավության կարգով» «հարմար գնով» տրամադրել է 700 հազար դրամով, իսկ բժիշկներն էլ ներկայացրել են, որ դա է փրկել հիվանդի կյանքը։ Մինչդեռ ինքը՝ քաղաքացին, պնդում է՝ քովիդի ժամանակ ինքը երբևէ գիտակցությունը չի կորցրել, մշտապես կապ է ունեցել հարազատների հետ, ինչն ապացուցում են նաև հեռախոսային վերծանումները։ Իսկ որ ամենաուշագրավն է՝ քաղաքացու հիվանդության պատմության մեջ որևէ նշում կամ գրառում իսկ չկա, որ նրան ներարկել են «Ակտեմրա»․ սա քրեական գործի հիմքում առկա հիմնական բողոքն է։ Քաղաքացու փաստաբանն այստեղ էլ է կասկածելի դրվագ նկատում։
«Աստված գիտի՝ դեղը ներարկե՞լ են, թե՝ ոչ, և եթե անգամ ներարկել են, որտեղի՞ց են դա ձեռք բերել, մինչև հիմա առեղծված է, որը չի պարզվել քրեական գործի նյութերով, և շատ հետաքրքիր է, որ քննիչը, չպարզելով քրեական գործը, կարճման որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով։ Մինչ այժմ մենք որոշումը չենք ստացել, քանի որ ուղարկվել է վերադաս դատախազին՝ օրինականությունը ստուգելու համար։ Հույս ունենք, որ գոնե դատախազությունը աչալուրջ կլինի նման լուրջ խնդրին և չի հաստատի որոշումը, ու նախաքննությունը կշարունակվի ու կբացահայտվի»։

Փաստաբանի պնդմամբ՝ ինքը հիմնավոր կասկածներ ունի, որ նույն դեղն օգտագործվել է նաեւ զինվորների բուժման նպատակով։ Լուսինե Վիրաբյանը հակված է կարծել, որ Հայաստանում այս դեղն արտադրվում է ընդհատակյա, ինչի «բացահայտումը ձեռնտու չէ որոշ շրջանակների»։
Դեղերի շրջանառության ոլորտը վերահսկող Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որն, ըստ իր գործառույթների, կարող է վարչական վարույթ հարուցել ՝ ուսումնասիրելու հանգամանքները, խնդրի մասին մեզանից է տեղեկանում։ «Տեսչականին նման հարցով ոչ ոք չի դիմել, հետևաբար, առանց որևէ բողոքի գործին ընթացք չենք կարող տալ»,-տեղեկացրին Տեսչականի իրազեկման բաժնից։
Քովիդի դեմ կիրառվող չափազանց թանկ ու միաժամանակ տարբեր առումներով կասկածելի արդյունավետության դեղի կիրառմանը «Ռադիոլուրն» ավելի վաղ էլ էր անդրադարձել։ Առողջապահության նախարարությունից հետաքրքրվել էինք՝ տեղյա՞կ են, որ հիվանդանոցներում քովիդով հիվանդների բուժման համար կիրառում են «Ակտեմրա»։
ԱՆ գլխավոր քարտուղար Վարդուհի Գրիգորյանը պարզաբանել էր՝ այս դեղը ոչ թե covid-ից է բուժում, այլ նախատեսված է մեծահասակների եւ երեխաների աուտոիմունային համակարգի հիվանդությունների բուժման համար։ Կորոնավիրուսի դեպքում դեղի կիրառությունը բացատրում է այսպես։
«Կորոնավիրուսի ժամանակ հիվանդի մոտ կարող է զարգանալ ցիտոկինային փոթորիկ։ Հիվանդի մոտ առաջանում է բորբոքային պրոցես, հիվանդի համար «Ակտեմրան» կիրառում են ըստ ցուցումների, որպեսզի նվազեցնեն բորբոքային պրոցեսի ընթացքում առաջացած մեծ քանակությամբ ցիտոկինները։Այսինքն՝ դա կարող է զարգացնել աուտոիմունային պրոցես»։
Վարդուհի Գրիգորյանը նաեւ հերքել էր տեղեկությունները, թե դեղը երկրում գրանցված չէ ու զարմանք էր հայտնել դիտակումից, թե այն երկիր է մտնում անհասկանալի ուղիներով կամ դրսից պատվիրելով։ Դեղը Հայաստանում գրանցված է դեռ 2009-ից՝ տեղեկացնում է։
«Եթե դեղամիջոցը գրանցված է, ինչո՞ւ է այդքան դժվար այն ձեռք բերելը․ մեզ ոչ ոք չի դիմել այդ հարցով, որ դեղատներում ակտեմրա չկա»։
Ավելին, ըստ Գրիգորյանի տեղեկությունների, «Ակտեմրան» առկա է դեղատներում եւ ավելի էժան է, քան քաղաքացիներն են ձեռք բերել։ Հենց այստեղ է, որ փաստաբանի և պաշտոնյանի փոխանցած տեղեկությունները հակասում են միմյանց։
Փաստաբան Լուսինե Վիրաբյան․ «Իմ տեղեկություններով՝ մի որոշ ժամանակ դեղը եղել է հիվանդանոցներում, որից հետո հարազատներից են պահանջել, որ յուրաքանչյուրն իր աղբյուրով ձեռք բերի։ Հետաքրքիրն այն է, որ այդ ժամանա՞կ դեղը Հայաստանում գրանցված չի եղել, և հենց այդ պատասխանն էլ մեզ տալիս են։ Հիվանդի էպիկրիզում դեղի ներարկման մասին նշում չկա, որովհետև դեղը գրանցված չէ Հայաստանում։ Ես դա քրեական գործի նյութերում ձեռք բերված ցուցմունքներից եմ մեջբերում։ Եթե ընդունված չէ Հայաստանում, ինչո՞ւ են օգտագործում»։
Ինչո՞ւ է քովիդի դեմ կիրառվում կասկածելի դեղամիջոց, եթե անգամ այն գրանցված է երկրում ու առկա է դեղատներում, ինչո՞ւ է ձեռք բերվում զարտուղի ճանապարհներով, և, վերջապես, ինչպես է ստացվել, որ կոնկրետ քաղաքացուն կոնկրետ դեղամիջոցի ներարկման մասին որևէ տեղեկատվություն չկա նրա էպիկրիզում։ Փաստաբանը հուսով է, որ հարցերի պատասխանը կտա նախաքննությունը։ Ի դեպ՝ փաստաբանի խոսքով՝ ինքը վերջին օրերին բազմաթիվ զանգեր է ստանում տարբեր քաղաքացիներից։ Քովիդից բուժման նպատակով այս դեղամիջոցը առաջարկել են մի շարք խոշոր բուժհաստատություններում։ Հիմնականում այն առաջարկվել է ՝ արդեն ծանր վիճակում գտնվողներին։ Հատկանշական է, որ մահվան ելքեր են գրանցվել անգամ «Ակտեմրա»ի ներարկումից հետո։




