ԿարևորՀասարակություն

Հադրութի շունչը չի մարել․ «Դիզակ»-ն ու «Դիզակ Արտ»-ը միավորում են հադրութցներին

1934 թվականին՝ «կոլխոզնիկ»,  հետո  «կոլտնտեսական», 1994-ից՝  «Դիզակ». այս թերթն արդեն 1 տարի բաժանորդների հետ կապը պահում է առցանց: Հադրութի «Դիզակ»-ը տեղեկություններն արցախցիներին փոխանցում է Ֆեյսբուքի միջոցով: Թերթի արխիվը մնացել է Հադրութի թանգարանում, խմբագիր Լիանա Պետրոսյանին հաջողվել է պահպանել թվայնացված նյութերը՝ պատահականորեն: Պատերազմից առաջ նա արձակուրդում էր և հետը վերցրել էր խմբագրության համակարգիչների ինֆորմացիան:

«Մենք ապրում էինք 90-ականների հաղթանակով, բոլորիս գիտակցության մեջ դա էր նստած»,- ասում է Հադրութի  «Դիզակ» թերթի  գլխավոր խմբագիր ու տնօրեն Լիանա Պետրոսյանը: Նա Հադրութից է, տունը ռազամական նշանակության կառույցների արանքում էր: Սեպտեմբերի 27-ի լուսաբացին մտածել է, թե հերթական զորավարժություններն են,  բայց առավոտը գիշերվա վատ երազի շարունակությունն է եղել.

«Մեր քաղաքում կենտրոնացված էին ռազմական նշանակության օբյեկտներ,  անօդաչուների առաջին հարվածները մեկը մյուսի հետևից դրանց վրա էին: Արդեն հասկացանք, որ լուսաբացն այլևս խաղաղ չէ: Հադրութ քաղաքում առաջին պահին թիրախավորվել էին զորամասերն ու միջհամայնքային տարածքներըը»:

Լիանան արդեն 3 պատերազմ է տեսնել: Առաջին պատերազմի ժամանակ թաքնվել էին Կարմրակուճ գյուղի պապական տան նկուղում, 2016-ի ապրիլյանի աղմուկը հեռվից են լսել.  Հադրութը վտանգի տակ չէր: Իսկ երրորդի ժամանակ չկարողացան հասնել գյուղ. թշնամու հարվածները բնակավայրերի վրա էին, պատսպարվեցին հենց շենքի նկուղում:

«Մեր ուղեղը երևի տրանսֆորմացված չէր պատերազմին: Մեր ամենամեծ սխալը դա էր: Մենք ապրում էինք դրա մեջ, բայց չգիտենք՝ ինչ անել պատերազմի ժամանակ: Միայն 90-ականներից հիշում էինք, որ պետք է իջնեինք նկուղ և վերջ: Հա, մեկը ջուր էր վերցրել, մյուսը՝ մի ուրիշ բան, լույսերն անջատվեցին: Նկուղում ոչ մի կոմունիկացիա չկար, միայն 90-ականներից մնացած մի քանի մահճակալ էր դրված»:

Լիանա Պետրոսյանն արդեն 7 տարի՝ «Դիզակ» թերթի խմբագիրն է: Ունեցել են 450 բաժանորդ, տպագրվել՝ ամիսը 2 անգամ: «Դիզակ»-ը Հադրութի շրջանի վարչակազմի պաշտոնաթերթն էր,  խմբագրությունն էլ  Հադրութի վարչական շենքում էր: Պատերազմից  առաջ Լիանա Պետրոսյանն արձակուրդում էր, բայց տանն աշատել ու կազմել էր սեպտեմբերի 2-րդ համարը: Պատերազմի պատճառով թերթը տպարան չհասավ:

«Երջանիկ զուգադիպությամբ ես տնից բերեցի իմ աշխատանքային համակարգիչը՝ նոթբուքը, որի մեջ թերթի այդ օրվա համարն էր: Դրա հետ փրկվեց նաև մեր թերթի արխիվը: Թվային տարբերակով ինչ ունեինք՝ ես հետս բերեցի: Քովիդով պայմանավորված՝ մենք մեր օրինակներն ազգային արխիվ չէինք ուղարկել: Մենք ամբողջ արխիվն ունեինք: Մեր նախորդ տարիների արխիվը Հադրութի թանգարանում էր, իսկ վերջին տարիներինը պահում էինք մեզ մոտ, որոշ ժամանակ հետո կարում էինք ու հանձնում թանգարանին՝  հանրահռչակման և պահպանման համար: Ֆոնդ չունեինք, միայն աշխատասենյակներ էին, և այդքանը հնարավոր չէր պահել»:

Պատերազմի ընթացքում «Դիզակ»-ի առցանց հարթակը հասանելի է եղել արցախցիներին: Դրա միջոցով պաշտոնական տեղեկատվություն է տարածվել, կազմակերպել են Արցախին օգնող տարբեր ակցիաներ:  

Օնլայն «Դիզակ»-ն այսօր 5000-ից ավելի հետևորդ ունի: Պատերազմի օրերին  ռազմական գործողությունների մասին տեղեկատվությունը էջում տեղադրվել է 3 լեզուներով: Հետևել են    թշնամու հրապարակումներին, արխիվացրել նրանց վայրագություններն արձանագրած տեսանյութերը:

«Հադրութի մասին տեսանյութերը պարբերաբար  նայում եմ: Դրանք պատմություն են, որը ես պահում եմ համակարգչումս: Դրանցում բազմաթիվ փաստեր, փաստական նյութեր  կան, իրենք չեն էլ գիտակցել, թե ինչ են անում: Գուցե մի օր պետք կգան, և ինչ-որ մի տեղ կօգտագործենք»:

Լիանա Պետրոսյանը հիմա մտածում է թերթը պահելու, նոր եղանակով գործունեությունը շարունակելու մասին: Տպագիր «Դիզակ»-ին կփոխարինի թերթի  կայք-էջը.

«Թերթը տպագրել հիմա դժվարանում եմ, քանի որ  բավական բարդ է: Նախ՝ մտածում եմ, թե  ինչպե՞ս դա տարածել, ու՞մ տալ, ո՞վ կլինի սպառողը: Հիմա մտածում եմ տպագրության փողերն ուղղել կայք-էջ ստեղծմանը, որն ավելի օգտակար կլինի: Նախորդ տարվա արխիվը, որը ես կարողացել եմ փրկել, կհրապարակենք կայքում»:

Հադրութը կորցրել են, բայց դրա շունչն ուզում են պահել ու զգալ: Հադրութցի մտավորականները Երևանում միավորվել են ու ստեղծել «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնը: Դրանում ներգրավված են  Հադրութի ու Տողի արվեստի դպրոցները:  Նպատակներից մեկը  Հադրութի ենթաբարբառի պահպանումն է.

«Մեր բարբառը տարբերվում է Արցախի մյուս ենթաբարբառներից: Բավականին դժվար է մեր երեխաների, երիտասարդների համար ապրել այլ հասարակության մեջ ու կրել այդ լեզվական միավորը: Կենտրոնում կազմակերպած ցանկացած միջոցառում լինում է մեր բարբառով, բոլոր դասերն անցնում են բարբառով»:

Մշակութային կենտրոն են հաճախում ոչ միայն հադրութցի երեխաները.  «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնը դարձել է արցախցիների հանդիպման վայրը Երևանում:  

Լիանան Հադրութ վերադառնալու հույսը չի կորցրել, մտածում է՝ մի  օր բոլորս կհամախմբվենք մի գաղափարի շուրջ ու հետ կբերենք կորցրածը:

Կարդացեք նաև

Back to top button