
2021թ. հոկտեմբերի 14-ին և 15-ին ՄԱԿ միջազգային դատարանն անցկացնելու է «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի միջնորդության լուծման նպատակով հրապարակային բանավոր լսումներ:
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված այն կանցկացվի հիբրիդային ձևաչափով:

Հայաստանի Հանրապետությունը շուրջ երկու շաբաթ առաջ հայց էր ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության՝ մեղադրելով վերջինիս Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան խախտելու մեջ:
Հայցվորը պնդում է, որ «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը հայերին ռասսայական խտրականության է ենթարկել», և որ «հայատյացության այս պետական քաղաքականության արդյունքում հայերը ենթարկվել են համակարգային խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ չարաշահումների»:
Հայաստանը նշում է, որ այդ խախտումներն ուղղված են հայկական ծագում ունեցող անձանց դեմ՝ անկախ նրանց փաստացի քաղաքացիությունից: Հայաստանը պնդում է, որ այս գործելակերպը մեկ անգամ ևս ցայտուն կերպով դրսևորվեց 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո, և որ «այդ զինված հակամարտության ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել հիշյալ կոնվենցիայի կոպիտ խախտումներ»:
Հայաստանը նաև պնդում է, որ նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից և 2020 թվականի նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտած զինադադարից հետո Ադրբեջանը շարունակել է սպանել, խոշտանգել և այլ բռնությունների ենթարկել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց:
Նշվում է նաև, որ հայկական կողմի բոլոր ջանքերը՝ վերջ դնելու Կոնվենցիայի խախտումներին արդյունք չեն տվել:
Հայաստանը կոչ է արել դատարանին «որպես ծայրահեղ անհրաժեշտություն» միջանկյալ միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու Հայաստանի և հայերի իրավունքները:




