
Նա պարզ էր։ Մեծամտություն ասվածը բացարձակ կապ չուներ կապ նրա հետ։ Երբ սկսում էիր իրեն գովել՝ թե ինչ լավն է գրածդ երգը կամ ֆիլմի սաունդթրեքը, մի տեսակ կարմրում էր ու սկսում բարձր ծիծաղել։ Ու նույն պահին արձագանքում․«մերսի ցավդ տանեմ»։
Հայկոյի հետ վերջին զրույցս սեպտեմբերի 4-ին էր։ Ես իրեն համոզում եմ, որ հարցազրույց տա, ինքն ինձ համոզում է, որ այս կյանքում ավելի կարևոր ու հետաքրքիր մարդիկ կան, որ կարող են խոսել։
Ասում էր․ «Ախր ես իմ գործն եմ հանգիստ անում։ Էդ հարցազրույցի փոխարեն ավելի լավ է գնանք, մի լավ սուրճ խմենք։ Իսկ երբ ասացի՝ Հայկո, ախր քո գրած սաունդրեքների համար քեզ պիտի դատեն, այ տաղանդավոր մարդ, մոտ հինգ րոպե ծիծաղում էիր։ Հետո ասացիր՝ լուրջ, իսկապես լավն էր, ցավդ տանեմ»։
«Ես ոչ մեկի հետ շփվելուց չեմ զգուշանում, հաճելի է սիրո ատմոսֆերայում ապրելը։ Դրանից լավ բան չկա, երբ դուրս ես գալիս փողոց, շատ ջերմ են քեզ վերաբերվում։ Երբ ասենք՝ գնում ենք մարզեր, կան արտիստներ, որ քիչ է մնում թիկնապահներով ման գան, ես երբեք նման կերպ չեմ եղել։ Վստահ գնացել եմ, որովհետև ես էդ վստահությունը, տաքությունը ստացել եմ, ես կարող եմ բոլորին գրկել-համբուրել։ Ու իմ բախտը միշտ բերել է, որ ես լավ մարդկանց եմ հանդիպել, ու Աստված ինձ ուղարկել է իրենց»։
Կան արտահայտություններ, որոնք քոնն են՝ «չեմ տեսնում ձեր ձեռքերը»։ Հիշում եմ՝ մենահամերգիդ, երբ դուրս եկար բեմ, ասացիր՝ դե հիմա մեծացել եմ ու էլ չեմ ասի՝ չեմ տեսնում ձեր ձեռքերը։
90-ականներին հայկական էստրադան հետաքրքիր փուլ էր ապրում։ Դու նոր շունչ տվեցիր հին ու արդեն մոռացված սիրո երգերին։ Այդ ժամանակվանից դու «Ռոմանսի Հայկո»-ն ես։
Քո երգերը գույն ու ձեռագիր ունեն։ Ունկնդիրն առաջին իսկ նոտայից գիտի, որ դա քոնն է, քո ոճը, որը երբեք չկորցրիր։
«Շատ դժվար է, քանի որ ես արել եմ, այն ինչ սիրել եմ։ Անգամ գործիքավորման կարիերայում գործեր եմ արել ամենատարբեր ոճերում։ Բայց ուզում եմ նշել մի ալբոմ, որ ինձ համար ճակատագրական եղավ ու իմ ամենասիրած գործերից․ Էլվինա Մակարյանի երկու ալբոմն եմ գործիքավորել։ Ի դեպ, շատ մարդիկ չգիտեն էլ, այ դրա մասին ուզում եմ իմանան»։
Քո ընկերները ամենատարբեր մասնագիտությունների տեր են։
«Աստծո բան է եղել, որ միշտ տարբեր շրջապատների հետ շփվել եմ, ընկերություն եմ արել ու դա օգնում է, քանի որ մնում ես ճիշտ բալանսի մեջ։ Երբ դու ինչ-որ գործով ես զբաղված և հանրության հետ չես շփվում, դու իրականությունից կտրվում ես ու դու քո վրա զարմացած գնում ես»։
Մի առիթով ասել էիր, որ դու ավելի շատ սիրում ես ֆիլմերի երաժշտություն գրող Հայկոյին։ Այցեքարտդ «Մի վախեցիր» ֆիլմի երաժշտությունը դարձավ։
«Ամենակարևորը՝ չվախեցա ու Հրաչ Քեշիշյանի շնորհիվ մտա ֆիլմերի ընտանիք»։
Հետո ծնվեցին «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Գարեգին Նժդեհ» «Հարսանիք թիկունքում» ֆիլմերի երաժշտությունները։
Քո ստեղծագործությունները ապրում են ու ապրեցնում։ Բայց որդուդ ուղարկված խոսքերը երեկվանից դաջվել են ուղեղումս։
«Գիտե՞ս՝ ժամանակն ամեն բան տեղն է գցում։ Ուզում եմ, որ հիմա իմանաս՝ տաղանդը, խելքը, ուժը կարելի է վաճառել, բայց ոչ երբեք հոգին, սիրտն ու արժանապատվությունը»։
«Ուշացած խոսքեր», բայց «Ամենա» «Վերև»-ից «Ետ նայիր ու տես, որ քեզ սիրում ենք» քո «Սիրո հավերժ քաղաքում»․․․





