ԿարևորՀասարակություն

Ո՞վ և ինչո՞ւ է Սյունիքում պատռում ընտրական պաստառները․ նյութեր են նախապատրաստվում

Գորիս համայնքի  տարբեր բնակավայրերում փակցված հոկտեմբերի 17-ին կայանալիք համայնքի ավագանու թեկնածուների քարոզչական պաստառները պատռվել են։ Մասնավորապես, «Առուշանյան» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Իրինա Յոլյանը դիմել է թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողով՝ խնդրելով պարզել հանգամանքները։

«Օրենքով սահմանված կարգով եմ դիմել հանձնաժողովին։ Ահազանգեր ստացանք մեր համակիրներից, այդ հետքերով գնացել ենք ու ճշտել, որ վնասել պաստառները»,-ասում է տիկին Յոլյանը։

Նա տեղյակ չէ, թե այլ քաղաքական ուժերի պաստառներ ևս պատռվել են թե չէ։

«Մեր պաստառները փալցված էին համայնքապետարանի կողմից սահմանված տեղերում, նախապես վերցրել էինք ցանկը, թե  բազմաբնակելի շենքերի որ հատվածում պիտի փակցնեիք քարոզչական նյութերը»,-ասաց Իրինա Յոլյանը։

Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գորիսի ավագանու թեկնածու Վալերի Մանուչարյանն էլ «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ Քարահունջում էլ իրենց պաստառներն են պատռել։ «Տարածքային ընտրական հանձնաժողովին չեմ դիմել, դիտորդներին եմ տեղեկացրել»,-ասաց Մանուչարյանը՝ ավելացնելով, որ իրենց պաստառները «Առուշանյան» դաշինքի պաստառների կողքին էին փակցված, բայց դրանք անվնաս էին։

 «Առուշանյան» դաշինքի դիմումի հիման վրա ոստիկանությունում արդեն նյութեր են նախապատրաստվում։

Կարդացեք նաև

Back to top button