
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ուսումնասիրում է ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ «Վեոլիա ջրի» հայտը։ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն օգոստոսի սկզբին դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինն ավելի քան 40 դրամով թանկացնելու հարցով։ Գործող180 դրամի փոխարեն ընկերությունն առաջարկում է 1 խ/մ-ի գինը դարձնել շուրջ 223 դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հիշեցնում է՝ սակագնային փոփոխություններ սահմանված են նաև ընկերության հետ կնքված պայմանագրով։ Հայաստանի ջրի մատակարարման համակարգը հանձնված է վարձակալության 15 տարով, և «Վեոլիա ջուր» ընկերությունը պայմանագրում ներկայացրել է բազիսային գներ, որոնք կարող են փոփոխվել մի քանի գործոններով պայմանավորված․ դրանք ջրի ծավալների և էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխություններն են։ Բաղրամյանն ասում է՝ ըստ պայմանագրի 2022թ–ին արդեն իսկ ջրի բազիսային գինը 214 դրամ է սահմանված։
«Այսինքն, արդեն իսկ ունենք 34 դրամի ավելացում, ինչը ձևավորվել է մրցույթի ժամանակ։ Այժմ Ջրային կոմիտեի և սպառողների շահերը ներկայացնող ՀԿ-ների հետ համատեղ մոնիթորինգ ենք իրականացնում։ Շրջաններում գործընթացն ավարտել ենք, իսկ հոկտեմբերի 1-ից այն կմեկնարկի նաև Երևանում։ Ջրային կոմիտեի, «Վեոլիա ջրի», ինչպես նաև Կառավարության հետ քննարկում ենք վարձակալության պայմանագրում փոփոխություններ իրականացնելու հնարավորությունը։ Հիմա ունենք սցենար, ըստ որի մինչև 2025-2026 թթ. Գինը բարձրանում է, հետո սկսում է նվազել։ Այժմ «Վեոլիա ջրի» հետ բանակցում ենք 10 տարվա համար ավելի հաստատուն գին ունենալու հարցում, բայց դա պետք է ազդեցություն չունենա պետական բյուջե մուտքերի վրա»,– ասում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկում են նաև սոցիալապես անապահով բնակչության համար սակագինն անփոփոխ թողնելու հարցը։ Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հիշեցնում է՝ նման մոտեցում կա նաև էլեկտրաէներգիայի և գազի սակագնի դեպքում։ Բաղրամյանն անընդունելի է համարում բյուջեի միջոցների հաշվին, հատկապես վճարունակ քաղաքացիների համար ջրի սակագինը նույնը թողնելը։
«Մենք կարող ենք մինչև 2035 թվականը չբարձրացնել ջրի գինը՝ համապատասխան վարձակալության վճարները պետական բյուջե չվճարելով, այսինքն, շուրջ 6.8 մլրդ դրամ։ Դրանք տարբերակներ են, որոնք պետք է քննարկել՝ ելնելով բյուջեի հնարավորություններից և անհրաժեշտությունից։ 1 խ/մ-ի համար 180 դրամ սակագինը մոտ 3 տարի պահպանվել է՝ ելնելով այն բանից, որ համապատասխան չափով վարձակալության վճարները նվազել էին։
Քանի որ 2026թ, այնուամենայնիվ, գնի նվազում է տեղի ունենալու, մենք առաջարկում ենք բյուջեի նվազեցում չունենալով, ընդամենը տարիների մեջ տեղաբաշխում անելով, պահպանել բյուջեի մուտքերի զրոյական նվազեցում։Դրան զուգահեռ ասում ենք, որ կքննարկենք սոցիալապես անապահով սպառողների համար սակագինը նույնը թողելու հարցը։ Ես, օրինակ, նպատակահարմար չեմ համարում, որ բյուջեի հաշվին ես քիչ վճարեմ, եթե ունեմ այդ հնարավորությունը»,– ասում է գարեգին Բաղրամյանը։
Հանրային ծառայությունների հանձնաժողով ներկայացրած «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրության ժամկետը 80 օր է։ Ըստ օրենքի՝ հանձնաժողովը մինչև դեկտեմբերի 1-ը պետք է որոշում կայացնի։ Եթե հայտը հաստատվի, ապա 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի ջրի նոր սակագինը։





